«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Կաթվածների բուժման կենտրոն

Ընդհանուր նկարագրություն

Կաթվածների  ախտորոշման, բուժման և կանխարգելման կենտրոնը հիմնադրվել է 2014 թվականի հունիսին՝ Ալբերտայի Համալսարանի (Կանադա) նյարդաբանության ամբիոնի դոցենտ, Ամերիկյան նյարդաբանների և հոգեբույժների խորհրդի անդամ, Նյարդաբանների ամերիկյան ակադեմիայի անդամ, «Էրեբունի» ԲԿ  Հոգաբարձուների խորհրդի՝ նյարդաբանության գծով քարտուղար, գործընկեր բժիշկ Միշել Սքոնի աջակցությամբ:


Կաթվածը գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է, որը բնութագրվում է օջախների հանկարծակի առաջացմամբ (մի քանի րոպեի, ժամվա ընթացքում) և/կամ ընդհանուր ուղեղային նյարդաբանական ախտանիշներով, որոնք պահպանվում են ավելի քան 24 ժամ կամ ուղեղանոթային ախտաբանության հետևանքով ավելի կարճ ժամանակում բերում են հիվանդի մահվան:


Կաթվածների թվին են պատկանում ուղեղի կաթվածը, ուղեղում արյունազեղումը և ենթաոստայնային արյունազեղումը, որոնց բնորոշ է պատճառա-ախտաբանական և կլինիկական տարբերությունը:


Ըստ վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր տարի կաթվածի զոհ է դառնում մոտավորապես 400 հազար մարդ և այդ թիվը շարունակում է աճել: Այն անհետաձգելի վիճակ է, որն ուղեկցվում է բարձր մահացությամբ և հաշմանդամությամբ: Տարած կաթվածից հետո հիվանդների միայն 60%-ի մոտ է պահպանվում ինքնասպասարկման ունակությունը, իսկ հիվանդների մոտավորապես 20%-ը մշտապես ստացիոնար բուժման և խնամքի կարիք է զգում:


Այդ պատճառով ստեղծված իրավիճակում հիվանդների կամ նրանց շրջապատող մարդկանց ճիշտ և արագ կողմնորոշումից, մասնագիտացված օգնության դիմելու արագությունից է կախված ո՛չ միայն հիվանդի հետագա վերականգնման իրական հնարավորությունը, այլ նաև նրա կյանքի փրկությունը:


Կաթվածն ախտորոշելու և հիվանդին ստացիոնար հասցնելու համար պետք է ծախսվի 3 ժամից ոչ ավելի, առավելագույնը՝ 5 ժամ: Հիվանդության առաջին նշանների ի հատ գալու պահից՝ հենց այս ժամանակահատվածում է հնարավոր խուսափել ուղեղում անդարձելի ախտաբանական փոփոխությունների զարգացումից:


Պայմանականորեն կաթվածի նշանները կարելի է բաժանել երկու խմբի. ախտանիշներ, որոնք նկատելի են հիվանդին, և նշաններ, որոնք նկատելի են ուրիշներին:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Կաթվածների ախտորոշման, բուժման և պրոֆիլակտիկայի կենտրոն

 

Հիվանդության դրսևորումները, որոնք նկատելի են հիվանդին    

Շրջապատի կողմից նկատելի ախտանիշներ

Հանկարծակի առաջացած սրտխառնոց (ընդհուպ՝ փսխման առաջացում), գլխացավ և գլխապտույտ:     Հիվանդի լիարժեք ժպտալու անկարողություն. հիվանդի ժպիտը ծռված է մի կողմի վրա:
Ստեղծված իրավիճակի վերահսկման անսպասելի կորուստ, տարածության և/կամ ժամանակի մեջ ապակողմնորոշում. հիվանդը կարող է չհասկանալ, թե որտեղ է գտնվում, իսկ խոսքը կարող է խճճված և անկապ լինել:     Նկատելի է հիվանդի խճճված և անկապ խոսքը. հաճախ հիվանդներն այսպիսի իրավիճակներում բառերի վերջավորությունները չեն արտաբերում, բառերի մեջ խառնում են վանկերը և, ընդհանրապես, չեն կարողանում արտահայտվել:
Տեսողության երկատում, տեսողության մասնակի կորուստ, կամ, պարզապես, առարկաների ոչ հստակ տեսանելիություն:     Եթե հիվանդին խնդրենք լեզուն դուրս հանել, ապա կնկատենք, որ այն որոշ չափով թեքված է մի կողմի վրա:
Մարմնի մի հատվածի, որպես կանոն՝ վերջույթի կամ դեմքի, հանկարծակի առաջացած թմրածություն (պարեզ):     Եթե հիվանդին խնդրենք ձեռքերը վեր բարձրացնել, ապա այդ դիրքում նա կարող է միայն մեկ ձեռքը պահել, մյուսն, ակամա, կարող է իջնել կամ չվերահսկվել:
Ուշադրություն. եթե Դուք Ձեզ մոտ հայտնաբերել եք վերը նկարագրվածներից երկու նշան, պետք է անհապաղ բժշկի դիմել:     Ուշադրություն. ստուգելու և համոզվելու համար, որ տուժածի մոտ կաթված է զարգանում և շտապօգնության դիմելու անհրաժեշտություն կա, բավարար է վերը նկարագրված ախտանիշներից մեկի առկայությունը:

 

Անհրաժեշտ է հիշել, որ, որպես կանոն, ընդհանուր վիճակի հնարավոր թվացյալ լավացումից (երբ տարած միկրոկաթվածից հետո փսխումը դադարում է, խոսքը վերականգնվում է, վերանում է թմրածությունը ) որոշ ժամանակ անց հիվանդությունը կարող է հարաճել, իսկ բժիշկներն արդեն հնարավոր է չհասցնեն օգնել: Հետևաբար, չի կարելի;մոլորության մեջ ընկնել և այս կամ այն ֆունկցիայի կարճաժամկետ խանգարումն անվնաս համարել, այլ անհրաժեշտ է անհապաղ մասնագիտացված բուժօգնության դիմել:


Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներով հիվանդները կաթվածների ախտորոշման, բուժման և կանխարգելման կենտրոն են դիմում հիվանդության արդեն իսկ առաջին ժամերին, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին որակավորված բուժօգնություն ցուցաբերել, այդ թվում՝ թրոմբոլիտիկ բուժում իրականացնել:

 

Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները (նյարդավիրաբույժների, անոթային վիրաբույժների, անոթանյարդաբանների, ֆիզիոթերապևտների, ռեանիմատոլոգների, ակնաբույժների, էնդոկրինոլոգների և այլն) նման իրավիճակներում հիվանդներին տրամադրում են խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ իրականացնում բազմամասնագիտական խորհրդակցություն: Բացի այդ, կաթվածի զարգացման ամենավաղ ժամկետում (առաջին օրը) սկսվում են վերականգնողական միջոցառումների իրականացումը:


Կաթվածների ախտորոշման, բուժման և կանխարգելման կենտրոնում կիրառվում են Ալբերտայի համալսարանի խորհուրդների և ուղեցույցների մշակված, հարմարեցված տարբերակները: Այստեղ իրականացվում են.

 

  • հիվանդի վիճակի արագ ախտորոշում, օպերատիվ կլինիկալաբորատոր հետազոտության կազմակերպում, ինչը հնարավոր է իրականացնել ախտորոշիչ ծառայությունների շուրջօրյա գործունեության շնորհիվ.
    –   համակարգչային տոմոգրաֆիա,
    –   լաբորատորիա,
    –   անգիոգրաֆիա,
  • բարձր հագեցած ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի առկայություն, որտեղ հնարավոր է կաթվածների բուժումն իրականացնել սուր փուլում՝ հյուսվածքային թրոմբոպլաստինի ակտիվատորի  ներմուծման ժամանակակից եղանակով,
  • բարձր որակավորված անոթանյարդաբանների և մասնագիտացված սարքավորումների առկայություն, որը հնարավորություն է տալիս այնպիսի անոթանյարդաբանական միջամտություններ իրականացնել, որոնք, հիվանդի կյանքը փրկելուց զատ, նվազեցնում են բարդությունների առաջացումն ու հաշմանդամության ռիսկը,
  • կրկնակի կաթվածների առաջացման ռիսկի գործոնների հայտնաբերում և նրանց շտկում,
  • տարած կաթվածից հետո հիվանդների ռեաբիլիտացիա,
  • տարած կաթվածից հետո հիվանդների ամբուլատոր մոնիտորինգ, հսկողություն և բուժում:


Յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է անհատական մոտեցում. հիվանդին և նրա հարազատներին լիարժեք տեղեկատվություն է տրամադրվում նրա վիճակի, բուժման ընթացքի և իրականացվող հետազոտությունների նպատակի մասին: Հիվանդներն անցնում են ախտորոշման հաստատման և բուժման համապատասխան ռազմավարության ու մարտավարության մշակման համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Բրախիոցեֆալ զարկերակների աթերոսկլերոտիկ ստենոզների վիրահատական բուժման անհրաժեշտության  հարցը որոշվում է կենտրոնի որակավորված անոթային վիրաբույժների հետ սերտ համագործակցության արդյունքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր