Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Նյարդաիմունոլոգիայի և ցրված սկլերոզի կենտրոն

Ընդհանուր նկարագրություն

Ցրված սկլերոզը քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերի միելինային թաղանթները: «Ցրված» տերմինը նշանակում է «բազմաթիվ», քանի որ հիվանդության տարբերակիչ առանձնահատկությունն ամբողջ կենտրոնական նյարդային համակարգով ցրված սկլերոզի օջախների առկայությունն է և նորմալ նյարդային հյուսվածքի փոխարինումը շարակցականով:


Հիվանդության առանձնահատկությունը նյարդային համակարգի մի քանի տարբեր հատվածների միաժամանակյա ախտահարումն է, որը բերում է հիվանդների մոտ տարաբնույթ նյարդաբանական ախտանիշների ի հայտ գալուն: Հիվանդության ձևաբանական հիմքը ցրված սկլերոզի, այսպես կոչված, վահանիկներն են, որոնք իրենցից ներկայացնում են գլխուղեղի և ողնուղեղի սպիտակ նյութի միելինի քայքայման օջախներ (դեմիելինիզացիա):


Հիվանդությունը հիմնականում առաջանում է երիտասարդ և միջին տարիքում (15-40 տարեկան): Ցրված սկլերոզը հայկական ազգաբնակչության շրջանում հաճախ է հանդիպում: Հիվանդության համաճարակաբանական առնձնահատկությունների իմացությունը նպաստում է նրա վաղ հայտնաբերմանը:

 

Ցրված սկլերոզի հիմնական պատճառը իմունային համակարգի աշխատանքի խաթարումն է, երբ հիվանդի իմուն բջիջները գրոհում են սեփական նյարդային համակարգի բջիջներին՝ քայքայելով նրանց միելինային թաղանթը: Առաջանում է բորբոքային օջախ, որի տեղում այնուհետև ձևավորվում է շարակցական հյուսվածք, ինչն էլ խոչընդոտում է ուղեղից դեպի օրգաններ իմպուլսների փոխանցմանը: Արդյունքում ուղեղը չի կարողանում արդյունավետ ղեկավարել մարմնի գործընթացներն ու գործողությունները:


Հիվանդության զարգացմանը նպաստող գործոններ կարող են լինել.


  • ժառանգական նախատրամադրվածությունը,
  • ուժեղ սթրեսները,
  • վիրուսային և մանրէային հիվանդությունները,
  • վիտամին D-ի արտահայտված քրոնիկական պակասը:


Առաջին նշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ արդեն ախտահարված են նյարդաթելերի մոտավորապես 50%-ը: Հիվանդության այս փուլում հիվանդների մոտ կարող են առաջանալ հետևյալ գանգատները.

 

  • տեսողության մեկ- կամ երկկողմանի խանգարում,
  • ցավ աչքերում և երկակի տեսողություն,
  • մատների թմրածության և ծակծկոցի զգացողություն,
  • մաշկի զգայունության իջեցում,
  • մկանային թուլություն,
  • շարժումների կոորդինացիայի խանգարում:


Ժամանակի ընթացքում կարծրացած (սկլերոտիկ) վահանիկների քանակի շատացման արդյունքում ի հայտ են գալիս հիվանդության այլ ախտանիշներ.

 

  • մկանների սպազմ և ցավային զգացողություններ,
  • միզակապություն և փորկապություն, ժամանակի ընթացքում հիվանդը կարող է կորցնել միզապարկի և աղիների գործունեության ղեկավարման ունակությունը,
  • խանգարումներ սեռական ոլորտում,
  • ախտաբանական բրգային ռեֆլեքսների առաջացում, որոնք բացակայում են առողջ մարդկանց մոտ: Այն կարող է հայտնաբերել միայն բժիշկ-նյարդաբանը,
  • ֆիզիկական գործողություններ կատարելիս՝ արտահայտված հոգնածություն,
  • վերջույթների մասնակի կաթված, ինքնակամ շարժումների դժվարացում,
  • գանգուղեղային նյարդերի կաթված. ակնաշարժ, եռորյակ, դիմային, ենթալեզվային,
  • ակնգնդերի ռիթմիկ տատանողական շարժումներ,
  • վարքի խանգարում և ինտելեկտի իջեցում,
  • նևրոզներ, հուզական անկայունություն, դեպրեսիայի և էյֆորիայի հերթագայում:


Հիվանդության ընթացքը բնորոշվում է սրացման և ռեմիսիայի շրջաններով, երբ ախտանիշները զգալիորեն թուլանում են: Ժամանակին և ճիշտ ընտրված բուժումը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել սրացման շրջանը և երկարացնել ռեմիսիայի շրջանը:


Նյարդաիմունոլոգիայի և ցրված սկլերոզի կենտրոնն իրականացնում է ցրված սկլերոզով հիվանդների ախտորոշում, բուժում և դիսպանսեր հսկողություն: Ներկայում կենտրոնում ամբուլատոր-դիսպանսեր հսկողության տակ գտնվում է մոտավորապես 100 հիվանդ: Հիվանդության ախտորոշման նպատակով կիրառվում է ախտորոշման կլինիկայի ժամանակակից սարքավորումների ամբողջ զինանոցը:


Կենտրոնի բարձր որակավորված մասնագետները հիվանդների բուժումն իրականցնում են միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան՝ կիրառելով բժշկության տվյալ ոլորտի ժամանակակից նվաճումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր