«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Ծառայությունն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում». Տիգրան Խուդավերդյան

«Ծառայությունն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում». Տիգրան Խուդավերդյան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունն իր գործունեության մեկ տասնամյակից ավելի ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել բարձր մասնագիտացմամբ, եզակի աշխատելաոճով:

 

Ծառայության առանձնահատկությունների մասին զրուցեցել ենք  «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյանի հետ:

 

–   Ամբողջ աշխարհում շտապօգնության ծառայությունը վերաբերում է բնակչության ամենալայն շերտերին: Ինչո՞վ է առանձնանում «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը:

 

–   «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը ստեղծվել է 2001 թվականին  Փարիզի Հենրի Մոնդոր համալսարանական կլինիկայի հետ համագործակցության արդյունքում: Այն  իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում, առաջին մասնավոր շտապօգնության ծառայությունն է, որը գործում է եվրոպական պրոտոկոլներով:

 

Շտապօգնության ծառայության գլխավոր առանձնահատկություններից ուզում եմ առանձնացնել այն, որ  մենք այսօր կանչեր ենք ընդունում ո՛չ միայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, այլև Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության ղեկավար Տիգրան Խուդավերդյան

–   Իսկ հաջողվո՞ւմ է նման շառավղով տարածության մեջ մատուցել շտապ օգնություն՝ բառի բուն իմաստով:

 

–   Այո, փորձում ենք առավելագույն արդյունավետություն ապահովել, այդ թվում՝ լուծելով նաև ծանր հիվանդների տեղափոխման խնդիրները: Մենք հիմնական շեշտը դնում ենք մարզերի վրա, և հատկապես վերջին շրջանի փորձը ցույց է տալիս՝ մեզ դիմում են ամենածանր դեպքերի ժամանակ: Լինում են նաև դեպքեր, երբ հիվանդի վիճակը չափազանց ծանր է լինում, կյանքի հետ անհամատեղելի, բայց նույնիսկ նման դեպքերում չենք մերժում, գնում ենք, տեղում բացատրում, որ անիմաստ է տեղափոխելը:

 

–   Դա երևի ամենաբարդ նրբությունն է շտապօգնության ծառայության բժշկի աշխատանքում, երբ հիվանդին մահացած կամ վերջին շնչում է հասնում՝ հանդիպելով մեղադրանքների

 

–   Մեր բժիշկները հատուկ պատրաստված են, բացի այդ, երբ պարզ է դառնում, որ հիվանդի վիճակը շատ ծանր է, հարազատների հետ հոգեբանական աշխատանք է տարվում հեռախոսով՝ հերթապահ աշխատակցի կողմից: Դրա շնորհիվ՝ իրավիճակն անհամեմատ մեղմանում է, սովորաբար հակասության չի հասնում:

 

–   Ձեր ծառայությունն աչքի է ընկնում հատկապես ավտոմեքենաների տեխնիկական զինվածությամբ…

 

–   Այո, նրանք մշտապես փոխվում են, թարմացվում, վերջերս  նոր մեքենաներ  ձեռք բերեցինք, որոնք հագեցած են անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սկսած դեղորայքից, ի դեպ, ընդգրկում է դեղորայքային ցանկի լայն տեսականի: Ամեն օր հերթապահության են դուրս գալիս   երեքական  բրիգադներ` ընդհանուր վերակենդանացման, սրտային վերակենդանացման և  գծային,  ընդհանուր` վիրաբուժական ուղղվածության:  

 

«Ծառայությունն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում». Տիգրան Խուդավերդյան–   Որքանո՞վ են մատչելի շտապ օգնության ծառայության գները:

 

–   Ծառայությունն ի սկզբանե եղել է վճարովի: Երևանում կանչի արժեքը հաստատված է` 15 000 դրամ, իսկ մարզերը՝ ըստ գնացուցակի, իհարկե՛, անհրաժեշտության դեպքում կիրառվում են զեղչեր: Նշեմ, որ մեկ տարի է, ինչ սուր ինֆարկտի մարզային  կանչերը անվճար ենք սպասարկում: 

 

–   Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրում մասնագետներին: 

 

–   Ծառայության աշխատակազմում ընդգրկված բոլոր մասնագետները մեր կենտրոնի բժիշկներն են` վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներից, անհրաժեշտության դեպքում բրիգատներում ներգրավվում են նաև նեղ մասնագետները, շտապօգնության կազմակերպման համար առանձնացված մասնագետներ չունենք: Ընդգրկվում են հատկապես երիտասարդ և փորձառու կադրերը: 

 

12.03.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր