«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Շուքուրյան ազգանունը առողջապահության ոլորտին ծառայում է ավելի քան ինը տասնամյակ

Շուքուրյան ազգանունը առողջապահության ոլորտին ծառայում է ավելի քան ինը տասնամյակ

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանը ծնվել է 1956 թ. Երևանում: Ականավոր բժիշկ Կիմ Շուքուրյանի որդին է: 1979 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, ապա, 1979-1981 թթ., Մոսկվայի Առաջին պետական բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան, իսկ 1981-1984 թթ.` ասպիրանտուրան` քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտությամբ, սկիզբ դնելով մասնագիտական փայլուն ուղու: Արթուր Շուքուրյանի գործունեության ոլորտը վերաբերում է հաղորդչական ծանրալուրության վիրաբուժական վերականգնմանը, քրոնիկական նշիկաբորբով հիվանդների կլինի կալաբորատոր հետազոտմանը և լսողությունը վերականգնող վիրահատություններին: 200-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, ունի մեկ մենագրություն: Անդամակցում է մի շարք միջազգային գիտական հանդեսների և ընկերությունների: Արթուր Շուքուրյանն արժանացել է բազմաթիվ կոչումների և մրցանակների, որոնցից են' ՀՀ նախագահի մրցանակը, բժշկագիտության բնագավառում տրվող «Կոչում» մրցանակը, «ՀՀ վաստակավոր բժիշկ» կոչումը, Կալիֆոռնիայի Օրենսդրական ասամբլեայի ճանաչման վկայականը և այլն:

 

Շուքուրյան ազգանունը առողջապահության ոլորտին ծառայում է ավելի քան ինը տասնամյակ

-Դոկտո՞ր Շուքուրյան, ի դեմս Ձեր հոր` Կիմ Շուքուրյանի, տասնամյակներ շարունակ Ձեր ազգանունը հայ բժշկության զարգացման մեջ իր նշանակալի դերն ու ավանդն ունի: Շարունակելով սկսած ուղին և լինելով մասնագիտական հարստության կրողը, ի՞նչ ձեռքբերումներով և նորամուծություններով եք հարստացրել այն:


-Հայրս՝ Կիմ Շուքուրյանը, մինչև կյանքի վերջին օրն իր աշխատանքի նվիրյալն էր: Ավելի քան իննսուն տարի Շուքուրյան ազգանունը ծառայում է քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին և իր ուրույն դերն ունի հայ բժշկության զարգացման գործում: Հայրս, դեռ 1957 թվականից, լսողությունը վերականգնող ամենաբարդ վիրահատություններն էր իրականացնում Հայաստանում, եւ այդպես սկսվեց լսողության վերականգնման կարևորագույն վիրահատությունների ներդրումը: Հետագայումզարգացավ այդ ճյուղը, և այժմ մեր կենտրոնում կատարվում են լսողությունը վերականգնող ամենաբարդ` ներխխունջային ներպատվաստումներով վիրահատություններ: Բացի այդ, առաջիններից էինք, որ կիրառեցինք ընդհանուր անզգայացում: Թեև մեր գործընկերները, ցավոք, բազում խոչընդոտներ առաջացրեցին: Նրանք կարծում էին, որ չարժե արագ ընթացող վիրահատություններն իրականացնել ընդհանուր անզգայացմամբ: Հետագայում, արդեն համագործակցության շնորհիվ, նրանք տիրապետեցին որոշակի նրբությունների, և ներկայումս այդ մեթոդը հաջողությամբ կիրառում են:
Ներդրեցինք նաև էնդոսկոպիկ քիթ-կոկորդային վիրահատությունները, որոնք այժմ լայնորեն կիրառվում են: Պետք է խոսել նաեւ լսողական ապարատների մասին: 1995 թ.-ից իրականացրեցինք լսողության դասակարգում և սկսեցինք տարբերակված մոտեցում ցուցաբերել, ինչը հնարավորություն է ստեղծում ապարատներ տեղադրել առանց վիրահատության: Պետք է նպաստել հիվանդների սեռի և տարիքի դասակարգմանը: Այս հարցում աջակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Մեր կողմից ներդրված հաջորդ ծրագիրը նորածինների աուդիոլոգիական սկրինինգն է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի առաջին իսկ օրից ստուգել՝ արդյո՞ք նորածիններն ունեն լսողության խնդիրներ, թե՞ ոչ:

 

Շուքուրյան ազգանունը առողջապահության ոլորտին ծառայում է ավելի քան ինը տասնամյակ

-Լինելով ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, Դուք համակարգում եք բժշկության քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը: Ինչի՞ց է սնվում մեկ ամբողջ ոլորտ հաջողությամբ առաջնորդելու ուժը:


-Հիմնական սկզբունքն այն է, որ փորձում ենք չզիջել միջազգային ժամանակակից կենտրոններին, ինչը նշանակում է նորարարությունները ներդնել նաև Հայաստանում: Իհարկե, նպաստող գործոն է նաև մեր մասնակցությունը տարբեր միջազգային կոնգրեսների, հանդիպումների: Կարևոր եմ համարում 2008 թ. «Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիա»-ի ստեղծումը: Բացի այդ, կազմակերպվում են տարատեսակ հանդիպումներ, գիտաժողովներ և այլն:

 

-Հիրավի, բժշկի համար վստահության արժանանալը ոչ միայն կարևորագույն ձեռքբերում է, այլև` կոչում: Դուք ՀՀ վաստակավոր բժիշկ եք, և աներկբա է Ձեր գործունեության նկատմամբ հավատը: Արդյո՞ք սա է այն ցանկալի սահմանագիծը, ինչին ձգտում է բժիշկը:


-Գնահատված լինելը բժշկի համար կարևոր գործոն է, առանց որի՝ բժիշկն իր կատարած աշխատանքով երբեք չի բավարարվի: Գնահատում է առաջին հերթին հիվանդը, և եթե սրան ավելանում է նաև հանրության գնահա-տականը, արդեն իսկ բժիշկը մեծ պատվի է արժանանում: Բժշկի կոչումները, իհարկե, կարևոր են և մեծ նշանակություն ունեն, սակայն եթե հիվանդի կողմիցգնահատականը, որպես ամուր սյուն, բացակայում է,ամեն բան կորցնում է իմաստը:
-Տեսությունն ու պրակտիկան գիտության և տվյալ ոլորտի զարգացման երկու փոխլրացնող պայման են: Դուք հնարավորություն ունեք դիտարկել և՛ տեսությունը, և՛ պրակտիկան: Այս պարագայում՝ որպես բժիշկ և միաժամանակ գիտնական, իդեալական է այս երկուսի համադրությո՞ւնը, թե՞ Ձեզ համար նախընտրելի և գրավիչ է սրանցից միայն մեկը:

-Հմուտ, արհեստավարժ մասնագետը պետք է աշխատի համակցված, չի կարելի մեկը տարանջատել մյուսից: Ներկայումս ունենք բժշկական գիտությունների 17 թեկնածու: Նրանց աշխատանքին ծանոթանալիս պարզ է դառնում, որ վերոնշյալ երկու ուղղությունները համակց- ված են: Նրանք իրենց աշխատանքում օգտագործում են թե՛ տեսականը, թե՛ գործնականը: Այլ կերպ չի կարող լինել: Բժիշկը չի կտրվում գիտական բնագավառից: Գործնականում բժիշկը կարող է արտակարգ մասնագետ լինել, բայց եթե գիտության նորություններին ծանոթ չէ, իր համար բարդ է մասնագիտության մեջ առաջընթաց ունենալը:

 

Շուքուրյան ազգանունը առողջապահության ոլորտին ծառայում է ավելի քան ինը տասնամյակ

-Ղեկավարելով նաև ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը, Դուք պատրաստում եք ոլորտի մասնագետներ: Որպես այս բնագավառի գիտակ` աշխատանքային ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում, և ո՞րն է Ձեր մասնագիտական երազանքը:


-Այո', բժշկի գործունեության մեջ փորձի փոխանցումը կարևոր է, քանզի ուշ թե շուտ սերնդափոխություն պետք է լինի և շարունակվի նվաճումները: Եթե չկարևորենք այս ուղղությունը, մասնագիտությունն ապագա չի ունենա: ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնը տարիներ շարունակ այս մոտեցմամբ է առաջնորդվել: Նույնը փորձում ենք շարունակել: Եթե համեմատենք թվային ցուցանիշները, ապա պարզ կդառնա,որ ամբիոնն առաջատարներից է, և քիչ չեն այն շրջանավարտները, ովքեր ձգտում են շարունակել կրթությունն օրդինատուրայում:

 

-Դիտարկելով Ձեր անցած ճանապարհը` հիացմունք է առաջացնում հաջողությունների և մասնագիտական վերելքի կուռ ուղին: Ի՞նչն է այն շարժիչ ուժը, որը բժշկին մղում է օրվա 24 ժամից 23-ը նվիրել Մարդուն:


-Կարծում եմ՝ ամենակարևորը մարդու գնահատականն է, ինչն անպայմանորեն պայմանավորված է բժշկի ձեռք բերումներով: Երբ դու համոզվում ես, որ քո գիտելիքներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են հիվանդի առողջացմանը, սա արդեն դառնում է ամենահզոր շարժիչ ուժը: Այն գիտակցումը, որ փորձը, գիտելիքները փոխանցվում են երիտասարդ գործընկերներին և որոշակի արդյունք տալիս, նոր ուժ և լիցքեր է հաղորդում: Ցավոք, քիչ չեն նաև ցավալի դեպքերը, ինչն ազդակ է՝ առավել հմտանալու և ոլորտը բարելավելու ուղղությամբ նոր ծրագրեր մշակելու և կիրառելու առումով: Պետք է կարողանալ լինել և՛ բժիշկ, և՛ հոգեբան, հասկանալ հիվանդի սոցիալական, ընտանեկան իրավիճակը, կարեկից լինել նրան:

 

-Հոգեբանորեն ահռելի ծանրություն կա բժշկի ուսերին: Որտե՞ղ եք վերագտնում անդորրը:


-Նախևառաջ՝ ընտանիքում: Վստահ եմ՝ ցանկացած բժիշկ նման ձևով կպատասխանի: Ինձ օգնում են նաև գործընկերներիս հետ քննարկումները: Գործընկերների հետ կարողանում ես բազմաթիվ թեմաներ վերլուծելով՝ և՛ պատասխաններ գտնել, և՛ համեմատել, և՛ տարբեր տեսանկյունների ծանոթանալ:

 

Հ.Գ. Մասնագիտական գործունեությունից զատ, Արթուր Շուքուրյանը դասական, հատկապես՝ Պրոկոֆևի երաժշտության, Մարկ Տվենի գրականության և ծովի անդորրի սիրահար է:

23.11.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր