«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն կատարվում է տրանսարտերիալ քիմիաէմբոլիզացիա` լոկալ քիմիոթերապիա լյարդի չարորակ գոյացությունների դեպքում

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն կատարվում է տրանսարտերիալ քիմիաէմբոլիզացիա` լոկալ քիմիոթերապիա լյարդի չարորակ գոյացությունների դեպքում

Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունում բացառիկ վիրահատություն է կատարվել` տրանսարտերիալ քիմիաէմբոլիզացիա: 

 

Միջամտության մասին ավելի մանրամասն ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանը:

 

 «Սա տեղային քիմիաթերապիայի տարբերակ է լյարդի չարորակ ուռուցք ունեցող հիվանդների համար: Ազդրային զարկերակի մեջ տեղադրում ենք կատետր, ինչպես ընդունված է կատարել կորոնարոգրաֆիայի ժամանակ, պարզապես այս դեպքում ոչ թե մտնում ենք սրտի անոթներ, այլ լյարդի`  անցնելով բուն լյարդը սնուցող զարկերակով` չվնասելով լյարդի հյուսվածքները»,- պարզաբանում է բժիշկը:

 

Վիրահատությունը ենթադրում է կատետրի միջոցով միջամտություն լյարդի չարորակ ուռուցքը սնուցող զարկերակի մեջ: Միջամտությունը թույլ է տալիս չարորակ ուռուցքը սնող զարկերակի մեջ կատարել  գործողություններ.   խցանելով  սնուցող զարկերակը և ներարկել հատուկ քիմիապրեպարատ: 

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյան

Տրանսարտերիալ քիմիաէմբոլիզացիան տարածված  միջամտություն է ամբողջ աշխարհում: Այն ցուցված է հատկապես այն հիվանդներին, ում հակացուցված է լյարդի ռեզեկցիան, օրինակ, երբ ուռուցքի չափերը մեծ են կամ ներաճել է անոթների մեջ: Նման պարագաներում ավելի լոկալ, ավելի մեծ դեղաչափով ազդելու համար նախընտրելի է այս  միջամտությունը: Առավելությունն այն է, որ միջամտությունը կատարվում է ուռուցքի ներսում, այլ ոչ թե ընդհանուր երակային քիմիայի տարբերակով:

 

 «Միջամտությունն, իհարկե, չորորակ ուռուցքի ռադիկալ բուժում չէ և չի վերացնում ուռուցքը, այն պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով դանդաղեցնել ուռուցքի աճը և փոքրացնել նրա չափերը»,- մեկնաբանում է բժիշկը:

 

Միջամտությունների  70% դեպքերում հնարավոր է լինում ստանալ կայուն արդյունք` երկարեցնել հիվանդի կյանքի տևողությունը, բարելավել կյանքի որակը: 

 

Նման միջամտությունը հնարավոր է իրականացնել  ինչպես լյարդի առաջնային չարորակ գոյացության, այնպես էլ նրա մետաստատիկ ախտահարման դեպքերում: 

 

Հայաստանում լյարդի չարորակ ուռուցքների ախտորոշմամբ հիվանդները բավականին շատ են, ովքեր նախկինում ստիպված էին նմանատիպ մեթոդներով բուժումը ստանալ արտասահմանում:

 

 Այժմ այն հնարավոր է դարձել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում:  

08.05.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր