«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիահայ   պրոֆեսոր Եղիա Կարապետյանը   «էրեբունի»   ԲԿ-ում   թմբկաթաղանթի փոխպատվաստում է կատարել

Ֆրանսիահայ պրոֆեսոր Եղիա Կարապետյանը «էրեբունի» ԲԿ-ում թմբկաթաղանթի փոխպատվաստում է կատարել

Ֆրանսիահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ «էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ներում հինգ օրվա ընթացքում տասներկու վիրահատություն է կատարել: Պատերազմի ընթացքում զինվորների մի հսկա հատված տարբեր զինատեսակների պայթյուններից ականջի թմբկաթաղանթի վնասվածքներ է ստացել, ինչը լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ է առաջացրել: Էրեբունի ԲԿ-ում կատարվող այս վիրահատությունների ընթացքում մասնագետները փոխպատվաստման միջոցով վերականգնում են թմբկաթաղանթը: Փարիզի Նեկեր կլինիկայի պրոֆեսոր Եղիա Կարապետյանի համար Էրեբունի ԲԿ-ը հարազատ վայր է, այստեղ, նաև նրա ջանքերով շուրջ երեսուն տարի առաջ բացվեց քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը: Ամեն ինչ սկսվեց 1991 թվականին, երբ ֆրանսիահայ բժիշկ Եղիա Կարապետյանն առաջին անգամ հայրենիք եկավ: Երկրաշարժից հետո Հայաստանում բժշկական օգնության լուրջ կարիք կար: Շառլ Ազնաուրի հիմնադրամի ջանքերով Ֆրանսիայից Հայաստան ոչ միայն բժշկական սարքավորումներ էին ուղարկվում, այլև մեծ թվով ֆրանսիահայ բժիշկներ ձեռք էին մեկնում իրենց գործընկերներին՝ մասնագիտական հմտություններով: Առաջիններից Երևան հասան ֆրանսիահայ բժիշկների ասոցիացիայի` UMAF-ի հիմնադիրԳևորգ Աբգարյանը և Եղիա-Նոել Կարապետյանը: Այդ ժամանավանից էլ սկսվեց նրանց բարեկամությունը Հարություն Քուշկյանի հետ: Նոր նախագծերի և աշխատանքերի հիմք դրվեցին, առողջապահական համակարգում իրականացվեցին բազմաթիվ հավակնոտ ծրագրեր: Դրանից մեկը հենց Էրեբունի բժշկական կենտրոնում նոր՝ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի հիմնումն էր: Նորաստեղծ բաժանմունքը համալրվեց բժշկական անհրաժեշտ սարքավորումներով, կատարվեցին առաջին վիրահատությունները: Բաժանմունքը ստեղծվեց Հայաստանի համար դժվարին տարիներին՝ ուղենիշ դառնալով հետագայում բացվող շատ բաժանմունքների համար: Արդեն երեսուն տարի է՝ Էրեբունի ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդութուների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ պրոֆեսոր Եղիա Կարապետյանը կատարում է բարդ վիրահատություններ, օգնում իր փորձով, աջակցում նորագույն սարքավորումների համալրման աշխատանքին, կիրառում առաջատար երկրների արդի մեթոդները: Պատերազմից հետո բժիշկը Հայաստան չգալ չէր կարող՝ հասկանում էր՝ իրեն վիրավոր զինվորներն են սպասում: Բաժանմունքում պատերազմի օրերից մինչ այսօր մի քանի տասնյակ նման վիրահատություն է կատարվել: Մեր բժիշկների համար վիրասրահում ֆրանսիահայ գործընկերոջ ներկայությունը միշտ կարևոր է: Վիրահատություններից բացի աշխարահռչակ բժիշկն ամեն անգամ հայաստանցի գործըներներին բժշկագիտության վերջին նորություններն է բերում, օգնում տեխնիկական վերզինման հարցնում: Բացի այդ, ամենամյա համագումարների ընթացքում Եղիա Կարապետյանը հայ մասնագետներին է ներկայացնում այս ոլորտի նորագույն մոտեցումները՝ օգնելով նրանց համընթաց քայլել լավագույն կլինիկաների բժիշկների հետ:

30.03.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր