«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած հիվանդի կյանքը փրկվել է

Կտրող-ծակող գործիքով սրտի վնասվածք ստացած հիվանդի կյանքը փրկվել է

49-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով: Մինչ բժշկական կենտրոն հասնելն արդեն իսկ կատարվել էր սիրտ-թոքային վերակենդանացում, հիվանդն անցկացվել էր արհեստական շնչառության: «Էրեբունի» ԲԿ-ում հիվանդը շտապ հետազոտվել է, ինչի արդյուքնում պարզվել է, որ ծակող-կտրող գործիքով ստացված հարվածի հետևանքով վնասվել է կրծքավանդակի ձախ կեսը՝ թոքը, պերիկարդը և սիրտը: ՀՇ հետազոտությամբ ախտորոշվել է հեմոպերիկարդ, սրտի հնարավոր տամպոնադա, հեմոպնևմոթորաքս: Անհապաղ և կյանքի ցուցումով հիվանդը տեղափոխվել է վիրասրահ՝ վիրահատության: Վիրահատությունը սկսել են կրծային վիրաբույժ Գոռ Մելիքյանը և ընդհանուր վիրաբույժ Արտակ Վարդանյանը, անեսթեզիան ապահովել է Արթուր Հովհաննիսյանը: Նախ կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի վերացում։ Բացի այդ, հայտնաբերվել է սրտի ձախ փորոքի գագաթի մեծ վնասվածք։ Հաշվի առնելով հիվանդի ծանրության աստիճանը և վիրահատական բարդ դեպքը՝ վիրահատությունը շարունակվել է «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ: Դեպքը առանձնահատուկ էր և հատկանշական, քանի որ սրտամկանը կազմափոխված էր, ինչը կարող էր նախկինում տարած միոկարդիտի հետևանք լինել։ Վիրահատության արդյուքնում հաջողվեց կարել սրտամկանը` օգտագործելով պերիկարդի լաթեր և հարսրտային ճարպաբջջանք: Բարդ վիրահատության ընթացքում հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։ Ընդհանուր առմամբ, կատարվել է ձախակողմյան թորակոտոմիա, պերիկարդոտոմիա, սրտի տամպոնադայի դատարկում, սրտամկանի վնասվածքի կարում պրեկարդիալ ճարպաբջջանքի կիրառումով, թոքի միջանցիկ վնասման կարում, պերիկարդի թերթիկների հեմոստազ, պերիկարդի և պլևրալ խոռոչի սանացիա, պլևրալ խոռոչի երակի դրենավորում: Վիրահատությունից հետո հիվանդը ստացել է ինտենսիվ դեղորայքային բուժում: Երկու շաբաթ հետո տղամարդն ապաքինմամբ դուրս է գրվել:

06.09.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր