«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի  կյանքը

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է հազվադեպ պաթոլոգիայով հիվանդի կյանքը

69 ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել և հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունքում ստամոքսաղիքային տրակտի սուր արյունահոսություն և անեմիա նախնական ախտորոշումներով: Պարբերաբար կրկնվող արյունահոսությունները սկսվել էին մեկ տարի առաջ, ինչի համար հիվանդը մի քանի անգամ հոսպիտալացվել էր տարբեր բուժհաստատություններում, սակայն արյունահոսությունների պատճառն այնպես էլ չէր պարզվել: «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, որոնց արդյուքնում հնարավոր էր եղել պարզել խնդիրը: Պոլիօրգան անգիոգրաֆիկ համակարգչային շերտագրությամբ աորտայի ինֆրառենալ հատվածում՝ ձախ երիկամային զարկերակից 2.3սմ դիստալ առկա էր անևրիզմատիկ լայնացում 48x37մմ չափերով, անևրիզմայի բարձրությունը կազմում էր 3սմ, անևրիզմայի աջ առաջակողնային պատը տանձաձև արտափքված էր դեպի 12-մատնյա աղու դիստալ հատված, նույն մակարդակում թույլ դիֆերենցվում էր անևրիզմայի լուսանցքի բարակ հաղորդակցում 12-մատնյա աղու պատի հետ: Կատարվել է առաջատար մասնագետների խորհրդատվություն: Վերլուծելով հիվանդի անամնեստիկ, կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները՝ ախտորոշվել է աորտո-դուոդենալ խուղակ: Հաշվի առնելով հիվանդի ընդհանուր վիճակը և շարունակվող արյունահոսւթյունը՝ որոշվել է կատարել վիրահատություն: Այն իրականացրել են «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական գծով փոխտնօրեն Արա Վարդանյանը և Անոթային և լազերային վիրաբուժության ղեկավար Արամ Բադալյանը (օգնականներ Ավետիք Հովհաննիսյան, Հակոբ Սարգսյան, Եվգինե Քոչարյան, Տիգրանուհի Հովսեփյան, անեսթեզիոլոգ Ռիմա Ջաղացպանյան): Կատարվել է բացառիկ վիրահատություն՝ աորտո-աղիքային խուղակի անջատում, որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի գծային ալլոպրոթեզավորում, 12-մատնյա աղու մասնահատում, դուոդենո-յեյունո կողքը-կողքին անաստամոզի ձևավորում, որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության սանացիա և դրենավորում: Հեռացված պրեպարատի պաթոհյուսվածքաբանական քննությամբ առկա էր աորտոդոուդենալ խուղակ՝ 4մմ չափի: Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել 13 օր անց՝ ապաքինմամբ:

13.10.2021
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր