«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Եվ կրկին հսկա ուռուցքի հեռացման վիրահատություն

Եվ կրկին հսկա ուռուցքի հեռացման վիրահատություն

2014 թ. մայիսին «Էրեբունի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբույժների կողմից պլևրալ խոռոչի 4 կգ զանգվածով հսկայական ուռուցքի հեռացման բացառիկ վիրահատություն է իրականացվել: Այս տիպի վիրահատություններն այնքան էլ հաճախ չեն իրականացվում, քանզի, ըստ իրենց բարդության աստիճանի, բարդագույներից են համարվում:


2014 թ. սեպտեմբերի 29-ին 1954 թ. ծնված հիվանդ Դ. Խ. «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել կրծքավանդակի աջ կեսում բութ ցավերի, հազի, շնչառության դժվարացման, ընդհանուր թուլության, կրծքավանդակի աջ կեսի ձևափոխումների գանգատներով, որոնք ի հայտ էին եկել հիվանդանոց դիմելուց մեկ ամիս առաջ: Հիվանդը մինչ այդ վերոնշյալ գանգատներով սրտաբանական հիվանդանոց էր դիմել, որտեղ հետազոտման տվյալների հիման վրա «աջ պլևրալ խոռոչի հսկայական նորագոյացություն» էր ախտորոշվել:


ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոնում կրկին հսկա ուռուցքի հեռացման վիրահատությունՀիվանդը հետազոտվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում. իրականացվել է կրծքավանդակի օրգանների ՀՏ-անգիոգրաֆիա: Ախտորոշումը հաստատվել է: Նախավիրահատական համապատասխան նախապատրաստություններից հետո հիվանդը ենթարկվել է վիրահատական միջամտության:


02.10.14 թ. կրծքավանդակային վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.դ. Արտակ Կարլենի Հովհաննիսյանը՝ կրքծավանդակային վիրաբույժներ Գոռ Մելիքյանի և Գագիկ Սողոմոնյանի մասնակցությամբ, աջակողմյան ընդարձակ բազմակոմպոնենտային թորակոտոմիա է իրականացրել. պլևրայի օվալաձև ուռուցքի ամբողջական հեռացում 28х24х20 չափսերով և 3,700 կգ քաշով:


Հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում ախտորոշվել պլևրայի հսկայական սոլիտար ֆիբրոզային ուռուցք:

Հետվիրահատական շրջանը հարթ է անցել: Հիվանդը հիվանդանոցից դուրս է գրվել ութերորդ օրը՝ առողջացումով: Մեկ ամիս անց իրականացված հետազոտությունների արդյունքում ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել:

06.11.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր