«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է: Հարցազրույց Տատյանա Ստեփանյանի հետ

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է: Հարցազրույց Տատյանա Ստեփանյանի հետ

Մարտի 26-ը Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է որպես Մանուշակագույն օր, երբ ամբողջ աշխարհում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառւմներ, որոնց նպատակը էպիլեպսիայի մասին առավել շատ տեղեկացված հանրությունն է: Օրվա խորհրդի ու հիվանդությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի բաժնի ղեկավար, նյարդաբան Տատյանա Ստեփանյանի հետ:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի բաժնի ղեկավար, նյարդաբան Տատյանա Ստեփանյան–   Այսօր Մանուշակագույն օրն է: Սկսենք օրվա պատմությունից…


–   Կանադացի մի 9-ամյա աղջնակ՝ Մեգան Քեսսեդին, մանկուց հիվանդ էր էպիլեպսիայով: Աղջնակը դպրոց էր հաճախում, որտեղ  հասակակիցների կողմից հաճախ արհամարհվում էր, քանի որ քչերն էին հասկանում նրա ինքնամփոփ պահվածքը: Քեսսեդին չէր ուզում, որ հիվանդության մասին դպրոցում որևէ մեկն իմանար, սակայն մեկուսացված լինելը նույնպես անընդունելի էր: Քեսսեդիի մայրը դպրոցում մի հետաքրքիր արտաժամյա դասընթաց է կամզակերպում, մասնագետներ է հրավիրում, ովքեր պատմում են երեխաներին էպիլեպսիա հիվանդության մասին: Նրանք բացատրում են, որ էպիլեպսիայով  հիվանդ երեխաներն իրենցից ոչնչով չեն տարբերվում, կարող են շատ բարի լինել, խելացի, միայն թե  հիվանդության արտահայտչամիջոցն առավել արտահայտված է այլ հիվանդություններից: Քանի որ երեխաները շատ անկեղծ են ու անմիջկան, բոլորն անմիջապես արձագանքում են, որ կընկերանային այդպիսի երեխայի հետ: Երբ ուսուցչուհին  հարցնում է՝ կա՞ արդյոք դասարանում էպիլեպսիայով հիվանդ աշակերտ, Քեսսեդին  ձեռք է բարձրացնում: Երեխաների վերաբերմունքը կտրուկ փոխվում է, բոլորը դառնում են շատ ավելի ջերմ ու հոգատար նրա նկատմամբ:  Հենց այս աղջնակի առաջարկությամբ է ստեղծվում Մանուշակագույն օրը, որ մարդկանց պատմեն այս հիվանդության մասին, խոսեն դրա դեմ պայքարի ու հնարավոր վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում կօգնեն էպիլեպսիայով  հիվանդ մարդկանց՝ թեթևացնելու նրանց խնդիրը:


Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է–   9-ամյա աղջկա նախաձեռնությա՞մբ ամբողջ աշխարհը սկսեց նշել այդ օրը:


–   Աղջկա նախաձեռնությանն աջակցեցին Շոտլանդիայի Էպիլեպսիայի ասոցիացիան, այնուհետև աշխարհի այլ կազմակերպություններ: Այդ ժամանակից ի վեր աշխարհի տարբեր երկրներում մարտի 26-ին տարածվում է այս հիվանդության և դրանով տառապող մարդկանց ցույց տրվող առաջին օգնության մասին տեղեկություններ: Բացի այդ, աճուրդներ, տոնավաճառներ, համերգներ և սպորտային մրցույթներ են անցկացվում, որոնց օգնությամբ միջոցներ են հավաքվում նրանց համար, ովքեր ապրում են այս ախտորոշմամբ:


–   Ինչո՞ւ Մանուշակագույն օր:


–   Էպիլեպսիայով հիվանդ մարդիկ հիվանդության առանձնահատկությունների պատճառով շատ հաճախ միայնակ են մնում: Իսկ միայնակության նշանը մանուշակագույն լավանդան է: Արդեն 2009թ. Մանուշակագույն օրվան 100 հազար ուսանողներ միացան, մոտ 100 հասարակական միավորումներ և ավելի քան 100 քաղաքական գործիչներ, իսկ Տորոնտոյի հեռուստատեսության աշտարակն այդ երեկո մանուշակագույնով լուսավորվեց:


Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է–   Ի՞նչ կարգախոս ունի այս օրը:


–   «Every one with the brain, can have epilepsy»` Ուղեղ ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է էպիլեպսիա ունենալ: Էպիլեպտիկ նոպայի համար բավական է, որ ուղեղային նեյրոնները գրգռվեն: Իսկ դրանից մեզանից ոչ-ոք ապահովագրված չէ:


–   Էպիլեպսիան այն հիվանդություններից է, որի դեմ պայքարի օրերը տարվա մեջ մի քանիսն են: Ե՞րբ է Հայաստանը նշում Էպիլեպսիայի դեմ պայքարի օրը:


–   Հետաքրքիր է, որ ձեր ուշադրությունը կանգ  է առել Մանուշակագուն օրվա վրա:  Հայաստանում արդեն  4 տարի է  էպիլեպսիայով հիվանդ մարդու օրը նշվում է փետրվարի  2-րդ երկուշաբթի օրը:  Օրվա ընտրությունը պայմանավորված է էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային լիգայի որոշմամբ: Իսկ ինչու երկրորդ երկուշաբթին, որովհետև այդ շրջանում գրեթե չկան արձակուրդներ և հնարավոր է  մարդկանց ավելի լայն շրջանի ուշադրությունը կենտրոնացնել այս խնդրի վրա: Բացի այդ՝ լեգենդներ են պտտվում, որ սբ. Վալենտինը նույնպես էպիլեպսիայով հիվանդ է եղել: Այդ պատճառով էլ օրն ավելի մոտ է ընտրվել փետրվարի 14-ին: Տվյալներ կան նաև, որ էպիլեպսիայով հիվանդ են եղել շատ հայտնի մարդիկ՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Նոստրադամուսը, Դանթե Ալիգիերին, Նապոլեոն Բոնապարտը, Ֆեոդոր Դոստոևսկին, Ալֆրեդ Նոբելը, Վինսենտ վան Գոգը:

 


–   Օգտվելով առիթից, խոսենք հիվանդության մասին: Գաղտնիք չէ, որ հիվանդության հանդեպ մեր մոտեցումն այնքան էլ ադեկվատ չէ:  Ի՞նչ հիվանդություն է էպիլեպսիան:


–   Գուցե հիվանդությունն այնքան էլ  յուրահատուկ չէ, որքան դրա հանդեպ մեր մոտեցումն է:  Էպիլեպսիան քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որն ուղեկցվում է կրկնվող նոպաներով: Մեր առօրյայում շատ հաճախ ենք հանդիպում քրոնիկ այլ հիվանդությունների, սակայն նրանք չեն ընկալվում այնպես, ինպես էպիլեպսիան: Հատկապես նրանք, ովքեր շփում չեն ունեցել էպիլեպսիայով հիվանդի հետ, մտավախությամբ են վերաբերում հիվանդությանն ու հիվանդներին: Եվ դա միայն Հայաստանում չէ, բոլոր երկրներում է այդպես: Էպիլեպսիայով հիվանդները ոչնչով չեն տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. սովորում են, աշխատում, նույն բնականոն կյանքով ապրում: Նոպաների հաճախականությունը մեծավ մասամբ հսկվում է որոշակի դեղամիջոցներով, պարզապես անտեղյակներին վախեցնում է հիվանդության արտահայտչամիջոցը՝ նյարդային կծկումներն ու այլ դրսևորումները:


Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է–   Նախկինում ի՞նչ մոտեցում կար հիվանդության նկատմամբ:


–   Դեռ Հիպոկրատից էլ առաջ էպիլեպսիա հիվանդության շուրջ մարդիկ տարբեր տեսություններ էին առաջարկում: Մի մասը կարծում էր, որ դա Աստվածային հիվանդություն է: Կարծում էին, թե ինչ-որ վերին ուժ մարդու հետ կոնտակտի մեջ է մտնում, ինչի արդյունքում մարմինը երկրում այդպիսի ցնցումների մեջ է ընկնում: Կա, իհարկե, հակառակ տեսությունը, որ հիվանդությունը դիվահարություն է:  Բոլոր ծամանակներում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացել հիվանդության հանդեպ, քանի որ արտահայտչական պահը ցնցումների տեսքով վառ  է արտահայտված:


–   Հաճախ յուրաքանչյուր նյարդային նոպա մենք դիտում ենք որպես էպիլեպսիայի դրսևորում…


–   Էպիլեպսիա մենք անվանում ենք այն վիճակը, երբ կա էպիլեպտիկ նոպա, և կան բոլոր նախադրյալները, որ այն կկրկնվի: Իսկ ոչ որպես քրոնիկ հիվանդություն, էպիլեպտիկ նոպա կարող է լինել յուրաքանչյուրիս մոտ, եթե կա խիստ ազդեցություն ուղեղի վրա: Կարող են լինել նաև ինսուլինի կտրուկ բարձրացումից, հոսանքահարումից, կայծակից, արյան զեղումից և այլն:


–   Ի՞նչ վիճակագրություն կա աշխարհում՝ կապված էպիլեպսիայի տարածվածության հետ: Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում:


–   Աշխարհում  էպիլեպսիայով հիվանդ  65 միլիոնից ավելի մարդ է ապրում: Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում էպիլեպսիայով տառապում է յուրաքանչյուր 100 մարդուց 1-ը:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպսիայի կենտրոն–   Հարմար առիթ է խոսելու  նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպսիայի կենտրոնի մասին:


–   Մեր կենտրոնը կազմավորվեց 1993 թվականին մեր ուսուցիչ Վահագն Դարբինյանի ջանքերով: Նրա շնորհիվ մեր կենտրոնում բոլորովին այլ կերպ սկսեցին ուսումնասիրել հիվանդությունն ու նրա դեմ պայքարը: Մինչ այդ էպիլեպտոլոգիան Հայաստանում խորհրդային միության կաղապարների մեջ էր, իսկ նա Տորոնտոյում կատարած իր ուսումնասիրությունների շնորհիվ լիովին նոր կենտրոն ստեղծեց՝ հիվանդության նկատմամբ նոր մոտեցումներով: Մենք ամեն օր էպիլեպսիա ախտորոշումով նոր պացիենտ ենք գրանցում:


–   Էպիլեպսիա հիվանդության լուսաբանումը խնդիր է ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս է այն իրականացվում Հայաստանում:


–   Աշխարհի շատ երկրներում դպրոցականների համար անցկացվող դասընթացներ կան, որի ժամանակ երեխաներին սովորեցնում են տարբեր հիվանդությունների դեպքում առաջին օգնության ցուցաբերում, ծանոթացնում են յուրահատուկ հիվանդությունների առանձնահատկություններին: Մեզ մոտ՝ Հայաստանում, նման ծրագիր իրականացնում էր Վահագն Դարբինյանը, ով մի քանի նյարդաբանների հետ Հայաստանի դպրոցներում սեմինարներ էր կազմակերպում և երեխաներին պատմում այս հիվանդության մասին: 


«Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպսիայի կենտրոն–   Ի՞նչը կկարևորեք, եթե առանձնացնեք մի քանի խորհուրդ` ուղղված հիվանդներին և նրանց շրապատող մարդկանց:


–   Ինչպես նշեցինք, էպիլեպտիկ նոպա կարող է ունենալ մեզանից յուրաքանչյուրը: Վերաբերվեք դրան սովորական, առանց խուճապի մատնվելու: Պետք չէ նոպայի ժամանակ սահմանափակել հիվանդի շարժումները, դա կարող է նրա մոտ այլ դրսևորումներ առաջացնել, և նա կսկսի պաշտպանվել: Պարզապես շրջեք նրան կողքի, պետք չէ բացել բերանը կամ փորձել պահել լեզուն: Կարող եք փափուկ բարձ դնել միայն պարանոցի տակ, որպեսզի հարմար լինի նրան: Եթե տանը կա էպիլեպսիայով հիվանդ մարդ, ցանկալի է, որ կահույքը չունենա սուր անկյուններ, վնասող մեծ իրեր չլինեն սենյակի կենտրոնում: Իհարկե, դեղերի հսկողությամբ նոպաները մաքսիմում վերահսկելի են դարձել, բայց այս խորհուրդները կօգնեն խուսափել անգամ ամենաանսպասելի իրադրությունում հնարավոր վտանգից:

26.03.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր