«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Քնային զարկերակների էնդարտերէկտոմիա

Քնային զարկերակների էնդարտերէկտոմիա

Քնային զարկերակների էնդարտերէկտոմիա հնարավոր է իրականացնել աթերոսկլերոտիկ վահանիկների կուտակմամբ պայմանավորված քնային զարկերակների նեղացման կամ խցանման դեպքում: Քնային զարկերակները խոշոր անոթներ են, որոնք տեղակայված են պարանոցի կողմնային հատվածներում և տեղափոխում են թթվածնով հագեցած արյունը սրտից դեպի ուղեղ: Նրանց կարելի է հայտնաբերել պարանոցի վրա պուլսացիայի միջոցով: Եթե վահանիկների չափերը մեծ չեն և անոթի լուսանցքն ամբողջությամբ  փակված չէ, ապա դեպի ուղեղ արյան հոսքը կարող է նվազել՝ առաջ բերելով ուղեղի անցողիկ իշեմիա, որը կոչվում է նաև TIA (transient ischemic attack): Քնային զարկերակների այսպիսի նեղացումը կոչվում է ստենոզ:


Երբ արյան հոսքը քնային զարկերակներով ամբողջությամբ է խանգարված, ինչպես, օրինակ, վահանիկներով կամ թրոմբով լիովին խցանման ժամանակ, գլխուղեղի արյան մատակարարման կտրուկ նվազման արդյունքում կարող է զարգանալ կաթված:


Նախքան էնդարտերէկտոմիան հիվանդին կաթիլային է միացվում: Սովորաբար այն իրականացվում է ընդհանուր ներշնչափողային անզգայացմամբ (նարկոզ): Սակայն երբեմն կարոտիդային էնդարտերէկտոմիան իրականացվում է պարանոցի շրջանում տեղային անզգայացմամբ, հիվանդի արթմնի վիճակում: Նախքան միջամտությունը հիվանդին լրացուցիչ նշանակում են հանգստացնող (սեդատիվ) դեղեր:


Պարանոցի կողմնային մակերեսին՝ ականջի մակարդակից մինչև անրակի շրջանը, կտրվածք է կատարվում:


Վիրաբույժն առանձնացնում է քնային զարկերակը և ժամանակավորապես դադարեցնում նրանով արյան հոսքը: Այնուհետև զարկերակի պատի վրա կտրվածք է կատարվում և ժամանակավոր խողովակ  տեղադրվում՝ վիրահատության ընթացքում ապահովելու ուղեղի արյան մատակարարումը: Հաջորդ քայլը քնային զարկերակի պատերից վահանիկների հեռացնելն է: Զարկերակի պատի ամբողջական մաքրումից հետո դրվում է կար՝ հիվանդի երակից վերցրած կամ արհեստական լաթի տեղադրմամբ:


Հաճախ վերքից արտադրությունը հեռացնելու նպատակով ժամանակավոր դրենաժ է տեղադրվում:


Միջամտությունից հետո հիվանդը տեղափոխվում է հետվիրահատական հիվանդասենյակ, որտեղ ստանում է համապատասխան բուժում և վերահսկվում նյարդաբանական սիմպտոմատիկան ու կենսական ցուցանիշները:


Հոսպիտալացումը կարող է 2-3 օր տևել:

 

 

25.01.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր