
Մամոգրաֆիա
Մամոգրաֆիայի ժամանակ կիրառվում են ճառագայթման փոքր չափաբաժիններ՝ կրծքագեղձերի հյուսվածքում փոփոխությունների վիզուալիզացիայի և հայտնաբերման համար:
Կրծքագեղձը բաղկացած է գեղձային հյուսվածքից, ծորաններից, արյունատար անոթներից, ճարպային և շարակցական հյուսվածքներից:
Մամոգրաֆիան կիրառվում է որպես ընթացիկ, սքրինինգային հետազոտություն 40-ն անց կանանց մոտ, ինչպես նաև՝ կրծքագեղձերում կարծրացման կամ պտուկներից արտադրության առկայության դեպքում:
Նախքան մամոգրաֆիա իրականացնելը խորհուրդ է տրվում լոգանք ընդունել. մաշկը պետք է զերծ լինի ցանկացած կոսմետիկ միջոցից (դեզոդորանտ, օծանելիք, նրբաքսուկներ և այլն), որոնց առկայությունը մամոգրամայի վրա կարող է արձանագրվել որպես կալցիֆիկատ՝ հանգեցնելով հետազոտության արդյունքների աղավաղման:
Կանանց ընթացիկ հետազոտությանը միտված սքրինինգային մամոգրաֆիան իրականացվում է 40 տարեկանից հետո՝ յուրաքանչյուր տարի, ախտանիշների բացակայության պարագայում:
Մամոգրաֆիայի ժամանակ կրծքագեղձը տեղակայվում է մամոգրաֆի երկու հատուկ շարժական թիթեղների միջև, որոնք, դանդաղորեն միմյանց շարժվելով, փոքր-ինչ սեղմում են կրծքագեղձն՝ ուղղելով այն այնպես, որ տեսախցիկը կարողանա ստանալ կրծքագեղձի հյուսվածքների հստակ պատկերներ:
Այդ ընթացքում հետազոտվողը կարող է որոշակի անհարմարություն զգալ, որը տևում է մի քանի վայրկյան: Ապա հետազոտությունն իրականացվում է կողմնային դիրքով: Տվյալ գործընթացը կրկնվում է նաև երկրորդ կրծքագեղձի համար:
Սքրինինգային մամոգրաֆիայի արդյունքները տրամադրվում են մի քանի օր անց:
Ախտորոշիչ մամոգրաֆիա իրականացվում է այն դեպքում, երբ սքրինինգային մամոգրաֆիայի ժամանակ հայտնաբերվում է գոյացություն կամ պտուկից առկա է արտադրություն: Կրծքագեղձի առավել մանրամասն տեսանելիություն ապահովելու նպատակով ախտորոշիչ մամոգրաֆիան իրականացվում է տարբեր պրոյեկցիաներով:
Արդյունքներն անմիջապես տեսանելի են մոնիտորի վրա, որտեղ բժիշկը հնարավորություն ունի տեղում զննելու կրծքագեղձի բոլոր փոփոխությունները: Ընդ որում, այս տարբերակով կարելի է հետազոտել ո՛չ միայն գեղձային հյուսվածքը, այլ նաև ենթամաշկային ճարպաբջջանքը, որտեղ նույնպես կարող են տեղակայված լինել նորագոյացություններ: Այս բոլոր ցուցանիշները լրացուցիչ խթան են կանանց համար, որպեսզի չվախենան նմանատիպ հետազոտություններից:
Ախտորոշման հաստատման նպատակով հնարավոր է լրացուցիչ ուլտրաձայնային հետազոտության պահանջ առաջանա: Միջազգային վերջին ուղեցույցների համաձայն՝ նորագոյացության հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է բիոփսիա կատարել, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ որոշել նորագոյացության տեսակը և կազմակերպել նպատակային, արդյունավետ բուժում:
Ստացված ախտորոշիչ տվյալների հիման վրա պացիենտի համար մշակվում է բուժման համապատասխան մարտավարություն: