«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն

Կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն

Կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությունը, որը հայտնի է որպես կոմպյուտերային առանցքային շերտագրություն, անցավ ախտորոշիչ հետազոտություն է՝ ռենտգեն ճառագայթների և համակարգչի կիրառմամբ, որոնց օգնությամբ ստեղծվում են մարմնի տարբեր մակարդակների լայնական կտրվածքների պատկերներ:


Կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտության իրականացման ցուցումներն են.

 

  • թրոմբների առկայությունը,
  • ոսկրերի կոտրվածքները,
  • ուռուցքային հիվանդությունները,
  • վարակները,
  • ներքին վնասվածքները կամ արյունահոսությունը,
  • սիրտ-անոթային հիվանդությունների ախտանիշները,
  • այլ ախտորոշիչ հետազոտության մեթոդներով դժվար ախտորոշվող ախտաբանական վիճակներ ու հիվանդություններ:


ԿՏ սքանավորման տվյալները բժշկին կօգնեն որոշել ախտաբանական օջախի հստակ տեղակայումը, ճիշտ ախտորոշել հիվանդությունը, ընտրել բուժման առավել արդյունավետ ռազմավարություն, ինչպես նաև՝ գնահատել իրականացված բուժման արդյունավետությունը:


Կոմպյուտերային շերտագրումն իրենից ներկայացնում է քառակուսի կամ կլոր ռենտգեն սարք, որի կենտրոնում առկա է Գենտրիի շրջանակը: Սքանավորման ընթացքում ՀՏ սքաների սեղանը՝ վերջինիս վրա պառկած պացիենտի հետ միասին, շարժվում է թունելի միջով, իսկ թունելի պատերի մեջ տեղակայված շրջանը պտտվում է պացիենտի մարմնի շուրջը՝ արձակելով ռենտգենյան ճառագայթներ: Այդ ճառագայթները տարբեր անկյունների տակ անցնում են պացիենտի մարմնի միջով և կլանվում դետեկտորի կողմից: Ստացված տվյալները դետեկտորից անցնում են համակարգիչ, որն էլ ստեղծում է պացիենտի մարմնի և հետազոտվող օրգանների լայնական կտրվածքների պատկերները: Ստացված պատկերներով հնարավոր է հստակ որոշել ախտաբանական օջախի ճշտգրիտ տեղակայումը և բնույթը, ընտրել բուժման ռազմավարությունը, իսկ բուժման իրականացման դեպքում՝ գնահատել նրա արդյունավետությունը: Որոշ դեպքերում, առավել հստակ ՀՏ ախտորշման համար, կոնտրաստի կիրառման անհրաժեշտություն է առաջանում, որը պացիենտը ստանում է խմելու, ներարկման կամ բարիումով հոգնայի միջոցով: 


Կոնտրաստը խմելու ձևով ընդունելու դեպքում կոնտրաստավորվում են պացիենտի կերակրափողն ու ստամոքսը:


Եթե պացիենտը կոնտրաստը ստանում է ներարկման ձևով, ապա կոնտրաստավորվում է նրա անոթային համակարգը, լյարդը, միզապարկը և միզատար համակարգը:


Բարիումով հոգնա իրականացվում է պացիենտի մոտ հաստ աղու հետազոտության նպատակով:


Հետազոտությունից անմիջապես հետո պացիենտը վերադառնում է առօրյա կյանքին: Կոնտրաստ նյութի կիրառումից հետո պացիենտին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ ընդունել, որպեսզի ներմուծված կոնտրաստ նյութը երիկամներով հնարավորինս արագ հեռանա:

 

25.01.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր