«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Առիթմիաների բուժումը կաթետերային աբլացիայի եղանակով

Առիթմիաների բուժումը կաթետերային աբլացիայի եղանակով

Ակտիվության մակարդակով պայմանավորված սրտի կծկումների հաճախությունը նորմայում տատանվում է  րոպեում 60-100 զարկ: Սրտի կծկումների հաճախականությունը կարող է ավելանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ և նվազել հանգստի վիճակում: Սրտի նորմալ ռիթմն ապահովում է թթվածնով մատակարարումը մարմնի բոլոր օրգաններին, այդ թվում նաև` գլխուղեղին և թոքերին:

Սրտի բջիջների այն խումբը, որն առաջացնում է էլեկտրական իմպուլսներ և սահմանում ինչպես սրտի ռիթմը, այնպես էլ սրտի կծկումների հաճախականությունը, այդ իմպուլսների հաղորդման ուղիների հետ միասին կոչվում է սրտի հաղորդչական համակարգ:

Սրտի ռիթմի խանգարումը կոչվում է առիթմիա և ծագում է սրտի հաղորդչական համակարգում առաջացած խնդիրների դեպքում:
Հաճախասրտությունը (տախիկարդիան) սրտի առիթմիայի տեսակ է, որի ժամանակ գրանցվում է հաճախացած ռիթմ: Շողացումը սրտի առիթմիայի տեսակներից է, որի դեպքում  խանգարվում է սրտի կծկումների ռիթմը, գրանցվում չափազանց արագ ռիթմ:

Առիթմիաների որոշ տեսակների դեպքում կաթետերային աբլացիայի օգնությամբ հնարավոր է լիովին վերացնել ռիթմի նման խանգարումը:

Աճուկային ծալքի շրջանում, ոչ մեծ հատվածի տեղային անզգայացումից հետո, ազդրային երակի մեջ տեղադրվում է  ինտրոդյուսեր կոչվող կարճ խողովակ, որի միջով անցկացվում է բարակ, երկար և ճկուն խողովակ՝ կաթետեր: Կաթետերի օգնությամբ, հասնելով սիրտ տանող արյունատար անոթին՝ ստորին սիներակին, մտնում են սրտի խոռոչ, և  սրտի էլեկտրական ակտիվության 3D քարտագրաֆիայի օգնությամբ հայտնաբերում առիթմիայի պատճառ հատվածը: Կաթետերի տեղաշարժման գործընթացն իրականացվում է մոնիտորի հսկողությամբ

Սրտի առիթմիա առաջացնող ախտաբանական հյուսվածքի քայքայման նպատակով աբլացիոն կաթետրի ծայրը կարող է ծառայել.

 

  • ջերմային էներգիայի աղբյուր, որի դեպքում գործողությունը կոչվում է ռադիոալիքային աբլացիա,
  • սառը էներգիայի աղբյուր, այս դեպքում միջամտությունը կոչվում է կրիոդեստրուկցիա:


Էներգիայի երկու տեսակների ազդեցությունն էլ բերում է հիվանդի սրտի ախտաբանական տեղամասի քայքայման և առիթմիայի վերացման:

Շողացող առիթմիայի վերացման նպատակով հարկ է ազդեցություն ցուցաբերել նախասրտերի շրջանում: Փոքր ախտաբանական օջախի առկայության դեպքում գործողությունը կոչվում է կիզակետային (ֆոկուսային) աբլացիա: Եթե ախտաբանական հյուսվածքները մեծ մակերես են զբաղեցնում՝ ուղեկցվելով սրտի ռիթմի բարդ խանգարումներով, ապա կարելի է իրականացնել, այսպես կոչված, ռեմոդելավորող աբլացիա: Աբլացիայի երկու տեսակներն էլ նախատեսված են սրտի նորմալ ռիթմը վերականգնելու համար:

Եթե առիթմիայի պատճառը փորոքների շրջանում առկա ախտաբանությունն է, ապա հարկ է  իրականացնել կամ կիզակետային աբլացիա, կամ՝ փորոքների առավել բարդ առիթմիաների դեպքում, ռեմոդելավորող աբլացիա:
 

 

07.02.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր