Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի բժշկության կլինիկա

Ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի բժշկության կլինիկան վիրաբուժական և թերապևտիկ պրոֆիլի պացիենտներին ցուցաբերում է անհետաձգելի բուժօգնություն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումների համալիր կազմակերպում: Կլինիկայի հիմնական խնդիրը հիվանդների ընդունելությունը և նրանց կենսական կարևոր օրգան-համակարգերի ֆունկցիաների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների իրականացումն է: Կլինիկան բաղկացած է իրենց գործունեության մեջ միմյանց փոխլրացնող և ինտեգրված հետևյալ բաժանմունքներից.

1.   Ընդունարան
2.   Շտապ բուժօգնության ծառայություն
3.   Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
4.   Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք


Էրեբունի բժշկական կենտրոն. Ընդունարան


Էրեբունի ԲԿ-ի ընդունարանը բաղկացած է երկու ստորաբաժանումներից՝ պլանային և անհետաձգելի, որտեղ պացիենտներն ընդունվում են.

 

  • պլանային հոսպիտալացման կարգով՝ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության ուղեգրով,
  • այլ բուժկանխարգելիչ հաստատությունից (վարչակազմի հետ նախօրոք պայմանավորվածությամբ), ինչպես նաև՝ զինկոմիսարիատի ուղեգրով,
  • բժշկական ապահովագրական ընկերության ուղեգրով,
  • շտապօգնությամբ՝ անհետաձգելի և շտապ բուժօգնության ցուցաբերման նպատակով՝ սուր վիճակների և քրոնիկական հիվանդությունների սրացման դեպքում,
  • պացիենտի ինքնուրույն դիմելու դեպքում՝ վիճակի վատթարացմամբ պայմանավորված:



Էրեբունի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության ծառայությունը ստեղծվել է Հենրի Մոնդոր փարիզյան համալսարանական կլինիկայի հետ համագործակցության արդյունքում, և համապատասխանում է ֆրանսիական SAMU անհետաձգելի բուժօգնության ծառայության չափանիշներին:


Շտապօգնության նոր հարմարավետ մեքենաները (ռեանիմոբիլները) հագեցած են ինչպես տանը, այնպես էլ տեղափոխման ընթացքում անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն իրականացվում է Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների կողմից: Յուրաքանչյուր օր հերթապահության են դուրս գալիս երեքական թիմեր` ընդհանուր վերակենդանացման, սրտաբանական և գծային՝ ընդհանուր վիրաբուժական ուղղվածությամբ: Անհրաժեշտության դեպքում շտապօգնության թիմի մեջ ընդգրկվում են նաև նեղ մասնագետներ:


Պացիենտների ընդունարան դիմելու դեպքում իրականացվում է.

 

  • բուժօգնության ցուցաբերում՝ հետագայում բուժումը տանը շարունակելու պայմանով,
  • անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, ապա հիվանդի տեղափոխում մասնագիտացված կամ ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք՝ հետագա հետազոտման և բուժման նպատակով,
  • հիվանդի տեղափոխում վիրահատարան՝ հետագա վիրահատական բուժման նպատակով:

Էրեբունի բժշկական կենտրոն. Շտապ օգնություն Էրեբունի բժշկական կենտրոն. Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ՝ հիվանդի կյանքին սպառնացող վտանգի ակնհայտ նշանների բացակայության դեպքում: Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է հիվանդների ինքնուրույն դիմելու կամ համաբուժարանից անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ուղեգրվելու ժամանակ, շտապօգնության արտագնա բրիգադի կողմից հիվանդի տեղափոխման դեպքում, որը ցուցաբերում է անհետաձգելի բազմապրոֆիլ բժշկական օգնություն ինչպես տանը, այնպես էլ պացիենտին կենտրոն տեղափոխելու ընթացքում:

 

Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքն ընդլայնված ծավալով բարձր որակավորված ինտենսիվ թերապիայի ոլորտում առաջատարն է Հայաստանում: Այն ընդհանուր մասնագիտացված բաժանմունք է, որտեղ, անկախ ախտորոշումից, համապատասխան բուժում են ստանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Յուրաքանչյուր տարի բաժանմունք է ընդունվում ավելի քան 3000 հիվանդ, որի 25%-ը կազմում են այլ հիվանդանոցներից տեղափոխվածները:
 
Կլինիկայի բոլոր բաժանմունքները հագեցած և համալրված են ժամանակակից ախտորոշիչ, մոնիտորինգային և թերապևտիկ սարքավորումներով, ինչն ապահովում է ծայրահեղ վիճակներում գտնվող հիվանդների բուժման որակը: Ապահովվում է լայնածավալ վիրահատություններից հետո հիվանդների, դեկոմպենսացված սոմատիկ հիվանդություններով, բազմաօրգանային անբավարարությամբ հիվանդների ինտենսիվ թերապիան:.

Կլինիկայի բաժանմունքներում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր վերապատրաստվում են արտերկրում՝ ԵՄ և ԱՄՆ առաջատար կլինիկաներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր