«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա

Նյարդային համակարգն ամենախոցելին է մարդկային օրգանիզմում, ընդ որում, այն շատ դժվար է ենթարկվում բուժման: Նյարդային համակարգի հիվանդությունները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ժառանգական նախատրամադրվածության, վարակի, թունավորման, վնասվածքի, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր գերհոգնածության հետևանքով: Նյարդաբանական խանգարումների ժամանակ մարդուն բարձր որակի կյանք վերադարձնելը բարդ և կարևոր խնդիր է:


Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկան կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններով պացիենտներին ցուցաբերում է բժշկական օգնության ամբողջ սպեկտրը՝ ախտորոշումից մինչև բարձր տեխնոլոգիական վիրահատական բուժում, այդ թվում՝ անհետաձգելի ռեժիմով:


Կլինիկայում նյարդաբանական հիվանդներին ցուցաբերվում է բուժման ինտեգրատիվ մոտեցում, որն իրականացնում են նյարդավիզուալիզացիայի (ՄՌՏ, ՄՍՀՏ, ՊԷՏ), անոթային նյարդավիրաբուժության, նյարդավիրաբուժության, նյարդաուռուցքաբանության, վերտեբրոլոգիայի և նյարդավերականգնողական ոլորտի փորձառու մասնագետները՝ Էրեբունի ԲԿ առաջատար մասնագետների ներգրավմամբ:


Յուրաքանչյուր հիվանդ ստանում է անհատական, բացառապես իր կարիքներին համապատասխան բուժում: Այն դեպքերում, երբ կոնսերվատիվ և թերապևտիկ քիչ ինվազիվ մեթոդներն անհրաժեշտ արդյունք չեն տալիս, քննարկվում է վիրահատական բուժման հնարավորությունն ամենաժամանակակից մեթոդներով:

Էրեբունի բժշկական կենտրոն: Նյարդաբանական բաժանմունք. Քնի խանգարման բուժման ծառայություն


Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկան բաղկացած է հետևյալ բաժանմունքներից և ծառայություններից.

 

 

Նյարդաբանական բաժանմունք. բաժանմունքի վարիչ՝ Նունե Եղիազարյան

  • Նյարդամկանային հիվանդությունների բուժման ծառայություն. ղեկավար՝ Արմինե Կտեյան,
  • Քնի խանգարումների բուժման ծառայություն. ղեկավար՝ Սամսոն Խաչատրյան,
  • Շարժողական խանգարումների բուժման ծառայություն. ղեկավար՝ Զառա Թավադյան
  Նյարդաիմունոլոգիայի և ցրված սկլերոզի կենտրոն. ղեկավար՝ Նունե Եղիազարյան
  Էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոն. ղեկավար՝ Տատյանա Ստեփանյան
  Կաթվածների ախտորոշման, բուժման և կանխարգելման կենտրոն. ղեկավար՝ Դավիթ Սահակյան
  Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայություն. ղեկավար՝ Դավիթ Սահակյան
  Նյարդավիրաբուժական բաժանմունք. բաժանմունքի վարիչ՝ Մամիկոն Եղունյան
  Ողնաշարի պաթոլոգիայի վիրաբուժության բաժանմունք. բաժանմունքի վարիչ՝ Կարապետ Մոմջյան

  
Նյարդաբանական բաժանմունքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկական ախտաբանությամբ, նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումներով հիվանդների համալիր ախտորոշում և բուժում: Նյարդաբանական բաժանմունքում ներդրվում են նյարդաբանական հիվանդությունների բուժման ժամանակակից սխեմաները՝ երաշխավորված Նյարդաբանների միջազգային ասոցիացիայի կողմից:

 

 

Նյարդաբանական բաժանմունքի կազմում գործում են հետևյալ մասնագիտացված ծառայությունները. 


   

Նյարդամկանային հիվանդությունների բուժման ծառայություն. իրականացնում է տարբեր նյարդամկանային հիվանդություններով, այդ թվում՝ նյարդաախտաբանական (նեյրոպաթիաներ՝ աքսոնալ և ապամիելինացնող), ռադիկուլոպաթիաներով, միոպաթիաներով և նյարդամկանային սինափսների հիվանդություններով տառապող պացիենտների ախտորոշում և բուժում:

    Քնի խանգարումների բուժման ծառայություն. զբաղվում է քնի խանգարումերի բոլոր տեսակների, այդ թվում՝ անքնության (ինսոմնիա), քնի ժամանակ շնչառական խանգարումների, մասնավորապես, ապնոէի, քնի ժամանակ շարժողական խանգարումների, ինչպես նաև արտահայտված քնկոտության խնդիրների (գերքնկոտություն, նարկոլեպսիա), պարասոմնիաների և քնի ռիթմի ցիրկադային խանգարումների ախտորոշմամբ և բուժմամբ:
    Շարժողական խանգարումների բուժման ծառայություն:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Նյարդաիմունոլոգիայի և ցրված սկլերոզի կենտրոնԻր ախտորոշիչ և բուժական գործունեության ընթացքում նյարդաբանական բաժանմունքը սերտորեն համագործակցում է ախտորոշման, նյարդավիրաբուժության, նյարդաանոթաբանության, ողնաշարի ախտաբանության, ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ու այլ մասնագիտացված բաժանմունքների հետ:

Նյարդաիմունոլոգիայի և ցրված սկլերոզի կենտրոնն
իրականացնում է ցրված սկլերոզով հիվանդների ախտորոշում, բուժում և դիսպանսեր հսկողություն: Ներկայում կենտրոնում ամբուլատոր-դիսպանսեր հսկողության տակ գտնվում է մոտավորապես 100 հիվանդ: Հիվանդության ախտորոշման նպատակով կիրառվում է Ախտորոշման կլինիկայի ժամանակակից սարքավորումների ամբողջ զինանոցը:
Կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետները հիվանդների բուժումն իրականցնում են միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան՝ կիրառելով բժշկության տվյալ ոլորտի ժամանակակից նվաճումները:


Էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոնն իրականացնում է ցնցումային վիճակով հիվանդների ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունների լայն սպեկտր, ինչը հնարավորություն է տալիս բացառել կամ հաստատել էպիլեպսիա ախտորոշումը՝ հիվանդության ճշտգրիտ ձևի սահմանմամբ:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Նյարդաբանական բաժանմունք

Կենտրոնում իրականացվում է.

 

  • հակացնցումային բուժման անհատական ընտրություն,
  • հիվանդի վարման մարտավարության որոշում,
  • հակաէպիլեպտիկ դեղորայքի ցածր բուժական ազդեցության դեպքում արյան մեջ նրանց պարունակության մոնիտորինգի իրականացում,
  • հակացնցումային դեղորայքի կողմնակի ազդեցությունների հայտնաբերում և շտկում,
  • հակաէպիլեպտիկ դեղորայքի ընդհատման մարտավարության և ժամկետների որոշում,
  • էպիլեպսիայով հիվանդների հետազոտության և բուժման առավել առաջադիմական ուղեցույցների մշակում և իրագործում,
  • էպիլեպսիայի խնդիրներին վերաբերող սանիտարալուսավորչական գործունեություն:


Բաժանմունքում ստեղծված են նաև հետևյալ հիվանդություններով տառապող կամ վիճակներում գտնվող հիվանդների ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ պայմանները.

 

  • ապամիելինացնող հիվանդություններ,
  • ցրված սկլերոզ,
  • գլխացավեր, պատճառների հայտնաբերում և բուժում,
  • գլխապտույտ, պատճառների հայտնաբերում և բուժում,
  • ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ և այլն:

 

Կաթվածների ախտորոշման, բուժման և կանխարգելման կենտրոնում կիրառվում են Ալբերտայի համալսարանի խորհուրդների և ուղեցույցների մշակված, հարմարեցված տարբերակները: Այստեղ իրականացվում են.

 

  • հիվանդի վիճակի արագ ախտորոշում, նրա օպերատիվ կլինիկալաբորատոր հետազոտության կազմակերպում, որը հնարավոր է իրականացնել ախտորոշիչ ծառայությունների շուրջօրյա գործունեության շնորհիվ, համակարգչային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիա,
  • բարձր հագեցած ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի առկայություն, որտեղ հնարավոր է կաթվածների բուժումն իրականացնել սուր փուլում՝ հյուսվածքային թրոմբոպլաստինի ակտիվատորի ներմուծման ժամանակակից եղանակով,
  • բարձր որակավորված անոթանյարդաբանների և մասնագիտացված սարքավորումների առկայություն, որը հնարավորություն է տալիս այնպիսի անոթանյարդաբանական միջամտություններ կատարել, որոնք ո՛չ միայն թույլ են տալիս հիվանդի կյանքը փրկել, այլ նաև նվազեցնել բարդությունների առաջացման և հաշմանդամության ռիսկը,
  • կրկնակի կաթվածների առաջացման ռիսկի գործոնների հայտնաբերում և նրանց շտկում,
  • տարած կաթվածից հետո հիվանդների վերականգնողական բուժում,
  • տարած կաթվածից հետո հիվանդների ամբուլատոր մոնիտորինգ, հսկողություն և բուժում:

 

Յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում. իրեն և իր հարազատներին լիարժեք տեղեկատվություն է տրամադրվում ընդհանուր վիճակի, բուժման ընթացքի և իրականացվող հետազոտությունների նպատակի մասին:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Նյարդաբանական բաժանմունք 


Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը մասնագիտացած է կենտրոնական նյարդային համակարգի հետևյալ անոթային ախտաբանությամբ հիվանդներին որակավորված նյարդամիջամտական (ներանոթային) օգնություն ցուցաբերելու ուղղությամբ.

 

  • պարկաձև անևրիզմաներ,
  • զարկերակ-երակային մալֆորմացիաներ,
  • զարկերակ-երակային խուղակներ, կարոտիդ-խորշիկային խուղակներ,
  • քնային զարկերակների ստենոզներ,
  • ողնաշարային զարկերակների ստենոզներ,
  • ներգանգային զարկերակների ստենոզներ,
  • գերանոթավորված ուռուցքներ,
  • գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտ:


Բաժանմունքի որակավորված մասնագետները.

 

  • իրականացնում են ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների և կաթվածների զարգացման պատճառների ու մեխանիզմների որակյալ, բազմակողմանի ախտորոշում,
  • տիրապետում են կաթվածի և նրա բարդությունների բուժման հատուկ եղանակներին,
  • մշակում են կաթվածի կանխարգելման անհատական ծրագրեր:

 

Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա. Նյարդաբանական բաժանմունք Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա. Նյարդաբանական բաժանմունք

 

Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 500 վիրահատություն՝ գլխուղեղի տարբեր հիվանդությունների և ողնաշարի ախտահարումների կապակցությամբ (վնասվածքային հեմատոմաներ, ողնաշարի վնասվածքներ և կոտրվածքներ, գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ), ինչպես նաև ծայրամասային նյարդերի և նյարդային հյուսակների, գլխուղեղի անոթների ախտահարումների կապակցությամբ (գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ իրականացվում է ներանոթային բուժում): Կատարվում են վիրահատություններ ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ժամանակ (միջողնաշարային խողովակի ճողվածքներ, սպոնդիլոլիստեզ, ողնաշարային խողովակի ստենոզ և այլն):

Բաժանմունքում գործում է նաև ներզատաբանական վերականգնման ծառայությունը, որն իրականացվում է ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների նորարարական պահպանողական բուժում՝ անկախ նրանց պատճառա-ախտաբանական ծագումից:

Հիվանդություններ և վիճակներ, որոնց ժամանակ հիվանդները պետք է դիմեն նյարդավիրաբուժական բաժանմունք.

 

  • նյարդաուռուցքաբանական (գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, նևրինոմաներ),
  • ցերեբրովասկուլյար հիվանդություններ (հեմոռագիկ, իշեմիկ կաթվածներ, զարկերակային անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ),
  • գլխուղեղի հիվանդություններ՝ հիդրոցեֆալիա համախտանիշով,
  • միջողնային սկավառակների ճողվածքներ, ռադիկուլոիշեմիա, ողնաշարային խողովակի ստենոզ,
  • թունելային և ցավային համախտանիշներ,
  • նյարդերի, նյարդային հյուսվածքների վնասվածքներ, ողնուղեղային վնասվածքներ,
  • գանգուղեղային վնասվածքներ, ներուղեղային հեմատոմաներ,
  • դիմային ցավեր (պրոզոպալգիա), եռորյակ նյարդի նևրալգիա:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Ողնաշարի ախտաբանության և վերտեբրալ վիրաբուժության բաժանմունք


Ողնաշարի ախտաբանության և վերտեբրալ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է ողնաշարի բոլոր տեսակի հիվանդությունների և վնասվածքների բուժում.

 

  • ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, օստեոխոնդրոզ),
  • ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն),
  • ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ կամ սպոնդիլոլիստեզ,
  • Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն,
  • ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • ողերի կոտրվածքներ և հոդախախտեր,
  • ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ:

 

Հիմնականում բուժումն իրականացվում է վիրաբուժական եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ:


Վերջնական ախտորոշման նպատակով յուրաքանչյուր պացիենտ բազմակողմանի վերլուծության է ենթարկվում բազմապրոֆիլ բժիշկ-մասնագետների թիմի կողմից: Կլինիկայի բժիշկները՝ վերտեբրոնյարդաբանները, նյարդավիրաբույժները, օրթոպեդները, ռեֆլեքսաթերապևտը, հոգեթերապևտը, անէսթեզիոլոգները, կինեզոթերապևտները, ֆիզիոթերապևտները, ռենտգենոլոգները կազմավորում են ժամանակակից բազմապրոֆիլ բրիգադա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր