Ծննդատուն
«Էրեբունի» ԲԿ-ի ծննդատունը 3-րդ մակարդակի է, որտեղ հսկվում և ծննդալուծվում են բարձր ռիսկի հղիները:
«Էրեբունի» ԲԿ -ի ծննդատանը յուրաքանչյուր տարի գրանցվում է ավելի 4500 ծնունդ և 27 000 կին ստացիոնար բուժում է ստանում: Կանանց առողջության կենտրոնը տարեկան սպասարկում է 200 000 կնոջ:
Ծննդատան կազմի մեջ են
• Կանանց առողջության կենտրոնը
• Գինեկոլոգիայի բաժանմունքը
• Հղիների պաթոլոգիայի բաժանմունքը
• Ծնարանը և հետծննդյան բաժանմունքը
• Նորածնային բաժանմունքը
• Ծննդատան անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը
Կանանց առողջության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝ բարձր ռիսկի խմբի հղիների վարում, նախաքաղցկեղային հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում, անպտղության բուժում, ինչպես նաեւ կրթական ծրագրերի կիրականացում Կենտրոնի առաջատար մասնագետները մշտապես վերապատրաստվում են եվրոպական եւ ամերիկյան առաջատար կլինիկաներում, այդ թվում՝ Հարվարդի և Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարաններում, Betta Israel Hospital-ում (Boston): Կենտրոնն աշխատում է միջազգային չափորոշիչներով եւ ուղեցույցներով:
Գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Մասնագետների որակավորման բարձր աստիճանը և բազմամյա փորձը թույլ են տալիս բարդ լապարոսկոպիկ վիրահատություններ կատարել: Բաժանմունքում մշակված են վիրահատական միջամտությունների իրականացման յուրօրինակ եղանակներ՝ ավանդական (լապարոտոմիա), հեշտոցային և լապարոսկոպիկ մուտքով: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից էնդոտեսավիրաբուժական “Karl Stozz” (Գերմանիա) համալիրով:
Բարձր ռիսկի հղիների բաժանմունքում իրականացվում է մանկաբարձական ախտաբանությամբ, արտասեռական հիվանդություններով հղիների ախտորոշում և բուժում: Ժամանակակից բժշկագիտությունը մշակել է հղիների վիճակի դիտարկման և վաղաժամ ծննդաբերությունների ու անցանկալի բարդությունների կանխարգելման արդյունավետ մեթոդներ: Հետևաբար, շատ կարևոր է ռիսկի գործոնների վաղ հայտնաբերումն ու որոշումը՝ բացասական հետևանքները նվազեցնելու և բարեհաջող ծննդալուծում ապահովելու նպատակով: Յուրաքանչյուր տարի բաժանմունքում հետազոտվում և բուժվում շուրջ 2000 հղի: Վերջին տարիների ընթացում նկատվում է բաժանմունք դիմող բարձր ռիսկի հղիների քանակի ավելացում:
«Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան ծնարանում ցուցաբերվում է բարձր տեխնոլոգիական մանկաբարձական օգնության ամբողջ ծավալը, որն իր մեջ ներառում է դասական մանկաբարձության ավանդույթները՝ նորագույն պերինատալ տեխնոլոգիաներով: Ծնարանը հագեցած է հղիի և պտղի ներարգանդային վիճակը գնահատող ժամանակակից սարքավորումներով: Ծնարանում առկա են անհատական սենյակներ, որոնք հղիներին տրամադրվում են ծննդաբերության ընթացքում և վաղ հետծննդյան շրջանում: Տարեկան ընդունվում է ավելի քան 4500 ծնունդ: Ծննդաբերության ժամանակ կիրառվում են ցավազրկման տարբեր եղանակներ՝ հաշվի առնելով ծննդկանի և պտղի վիճակը, ինչպես նաև բարձր ռիսկի հղիների ծննդալուծման ժամանակակից մոտեցումները, որոնք հնարավորություն է տալիս խուսափել տարբեր մանկաբարձական բարդություններից: Ծննդաբերության ցավազրկման նպատակով լայնորեն կիրառվում է տևական էպիդուրալ անզգայացումը, որն ունի բարձր ցավազրկող արդյունավետություն՝ առանց ծննդաբերական գործունեության ընկճող ազդեցության մոր և պտղի վիճակի վրա: Էպիդուրալ ցավազրկումն իրականացնում են բարձր որակավորված անէսթեզիոլոգները, ովքեր կատարելապես տիրապետում են վերոնշյալ եղանակին:
Ծննդատան անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ապահովում է հղիների, ծննդկանների և գինեկոլոգիական հիվանդների անզգայացման և վերակենդանացման ծառայության իրականացումն ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի կարգով ՝ շուրջօրյա ռեժիմով, Հայաստանի ամբողջ տարածքում: Բաժանմունքում, ըստ ցուցումների, կիրառվում է ներշնչափողային, էպիդուրալ, ներերակային, դիմակային անզգայացում: Բաժանմունքի բժիշկները կիրառում են տեղային, ընդհանուր և շրջանային անզգայացման ժամանակակից բոլոր եղանակները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը վերակազմավորվել է եւ իր դռները բացել ամբողջովին նորացած, թարմացված, հագեցած ժամանակակաից հնարավորություններով, թարմացված նորածնային խնամքի պարագաներով: Նորածնային բաժանմոքւոնւմ իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում այն երեխաները, ովքեր ծնվել են բարդացած և վաղաժամ ծննդաբերություններից։ Պերինատալ օգնություն ապահովող ծննդատան ամենաբարձր` երրորդ մակարդակի կարգավիճակը պարտավորեցնում է բուժանձնակազմին միշտ պատրաստ լինել ապահովելու պատշաճ բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ դեպքերում: Նորածնային ծառայության վերակազմավորումից հետո ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմանները հիվանդ և անհաս նորածինների բուժումն և խնամքը ապահովելու համար:
Էրեբունի բժշկական կենտրոնում գործում է նաեւ մայրության դպրոց, որտեղ ապագա մայրերը անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում կրծքով կերակրման և նորածնի խնամքի վերաբերյալ հարցերի շուրջ: