Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Վիրաբուժական կլինիկա

Այսօր Էրեբունի ԲԿ-ի վիրաբուժական կլինիկան՝ հանդիսանալով երկրի բազմապրոֆիլ առաջատար վիրաբուժական կլինիկա, բուժօգնություն է ցուցաբերում վիրաբուժության հիմնական ուղղություններով, ինչպիսիք են` որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժությունը, անոթային վիրաբուժությունը, սրտային վիրաբուժությունը, կրծքային վիրաբուժությունը, թարախային վիրաբուժությունը, ջերմային ախտահարումների բուժումը, ուրոլոգիան, վնասվածքաբանությունը, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը:
 
Վիրաբուժական կլինիկայի գործունեությունը ծավալվում է համաշխարհային բժշկության լավագույն ավանդույթներին համապատասխան: Մասնագետների տրամադրության տակ գտնվում է ցանկացած բարդության վիրահատական բուժում իրականացնելու համար անհրաժեշտ բարձր տեխնոլոգիական միջոցների ժամանակակից հավաքածու:

Վիրաբուժական կլինիկայում բժիշկների գիտելիքն ու մեծ փորձը համակցվում են աշխատանքի մեջ լավագույն սարքավորումների կիրառման հնարավորության հետ, որը շատ հայ մասնագետների հասանելի չէ: Դա թույլ է տալիս բժիշկներին ճիշտ որոշում կայացնել հիվանդներին ցուցաբերվող կոնսերվատիվ և վիրահատական բուժման անհրաժեշտ ծավալի վերաբերյալ:

 

Էրեբունի ԲԿ-ի բազմապրոֆիլության շնորհիվ վիրաբուժական կլինիկան տնօրինում է նաև ախտորոշման կլինիկայի ամբողջ հզորությունը՝ հիվանդներին ապահովելով բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ թեստերով և հետազոտություններով:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Վիրաբուժական կլինիկա


Վիրաբուժական կլինիկայի կազմի մեջ են.

 

  1. Անեսթեզիոլոգիայի բաժանմունքը,
  2. Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքը,
  3. Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը,
  4. Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքը,
  5. Մինիմալ ինվազիվ վիրաբուժության բաժանմունքը,
  6. Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը,
  7. Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը,
  8. Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը,
  9. Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը,
  10. Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքը,
  11. Ուրոլոգիական բաժանմունքը,
  12. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը:


Անեսթեզիոլոգիայի բաժանմունքը շուրջօրյա ռեժիմով ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անեսթեզիան, իրականացնում կրիտիկական վիճակներում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումները:


Բաժանմունքի մասնագետները տիրապետում են տարբեր պրոֆիլի վիրահատությունների անեսթեզիոլոգիական ապահովման ժամանակակից բոլոր մեթոդներին: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բարձր դասի բժշկական սարքավորումներով: Բաժանմունքում ներդրված են անզգայացման և ինտենսիվ թերապիայի բոլոր ժամանակակից մեթոդները, ներառյալ` ինհալյացիոն, ցածր հոսքային անեսթեզիան, ներերակային անեսթեզիան, լայնորեն կիրառվում են շրջանային անզգայացման մեթոդները՝ անզգայացման էպիդուրալ, ողնուղեղային և ողնուղեղային-էպիդուրալ տեսակները:


Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքում ստեղծված են արդյունավետ վիրաբուժական միջամտության իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Վիրահատարաններն` ըստ ստերիլության ապահովման և պահպանման, համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ժամանակակից բարձր դասի բժշկական սարքավորումների առկայությունը բաժանմունքի մասնագետներին հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած բարդության վիրաբուժական միջամտություն, բարձրացնում ցուցաբերվող բուժօգնության որակը, նվազեցնում բարդությունների զարգացման ռիսկը, կրճատում հիվանդի կլինիկայում գտնվելու ժամանակը:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունք


Ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են.

 

  • ցանկացած տեսակի միջամտական ախտորոշիչ գործողություն, այդ թվում նաև՝ ներքին օրգանների բիոպսիա,
  • վիրահատություններ կրծքավանդակի օրգանների վրա, ներառյալ` փակ թորակասկոպիկ միջամտությունները,
  • վիրահատություններ որովայնի խոռոչի օրգանների վրա՝ առավելապես լապարասկոպիկ մեթոդի կիրառմամբ,
  • վիրահատություններ կրծքագեղձերի վրա՝ ներառյալ օրգանպահպանող և վերականգնողական միջամտությունները, որոնք երաշխավորում են լիարժեք վերականգնում:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք


Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ լապարասկոպիկ վիրահատությունները.

 

  • լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ճողվածքահատում՝ բաց և լապարասկոպիկ մեթոդներով,
  • լյարդի լապարասկոպիկ վիրահատություններ,
  • լապարասկոպիկ վիրահատություններ՝ լյարդի թարախակույտերի դեպքերում,
  • լապարասկոպիկ ֆունդապլիկացիա՝ ըստ Նիսենի (ստոծանու ճողվածքների ժամանակ),
  • լապարասկոպիկ հեմիկոլէկտոմիա,
  • ադրենալէկտոմիա,
  • կպումների լապարասկոպիկ անջատում (աղիքային անանցանելիության ժամանակ),
  • ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակված խոցի կարում՝ բաց և լապարասկոպիկ եղանակով,
  • լապարասկոպիկ միջամտություն` ախտորոշման նպատակով,
  • բարիատրիկ վիրահատություն (քաշի նվազեցման վիրաբուժություն):

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունք


Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է աորտայի, մագիստրալ զարկերակների և երակների տարբեր ախտահարումներով հիվանդների բուժում: Առաջնահերթ խնդիրներից է աորտայի, նրա ճյուղերի և վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժումը: Էրեբունի ԲԿ հսկա տեխնոլոգիական զինանոցը հնարավորություն է տալիս կատարել ներկայումս ամենաառաջադեմ ախտորոշիչ հետազոտություններն ու վիրահատությունները (աորտայի անևրիզմա, քնային զարկերակների ստենոզ, ստորին վերջույթների զարկերակների խցանող աթերոսկլերոզ, ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացում): Որպես բուժման այլընտրանքային եղանակ` հաճախ դիտարկվում է ֆլեբոսկլերոզացնող թերապիան և պերկուտան լազերային կոագուլյացիան, որոնք իրականացվում են փոքր տրամաչափի անոթների վրա, քիչ տրավմատիկ են, իրականացվում են ամբուլատոր և, սովորաբար, լավ կոսմետիկ արդյունք են ապահովում:

 

 

Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ կամ «անարյուն» վիրաբուժության բաժանմունքի գործունեությունն իրականացվում է որովայնային վիրաբուժության կազմում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան: Իր գործունեության ընթացքում բաժանմունքը ղեկավարվում է միջազգային ուղեցույցներով և չափանիշներով: Բաժանմունքում բուժման արդյունավետության ցուցանիշները բարձր են, իսկ վիրահատական միջամտություններից հետո բարդությունների մակարդակն աննշան է և համեմատելի է ընդունված միջազգային չափանիշներին:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք


Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում վիրաբուժական միջամտություններ են կատարվում հետևյալ դեպքերում.

 

  • դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ,
  • վնասվածքներ,
  • ուռուցքներ և տարբեր նորագոյացություններ,
  • բերանի խոռոչի, դեմքի, պարանոցի և ատամների բնածին ու ձեռքբերովի արատներ ու ձևախախտումներ:

 

Մասնագետների բարձր որակավորումը և բաժանմունքի լիարժեք հագեցվածությունը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հնարավորություն են տալիս իրականացնել ամենաբարդ վիրահատությունները էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բնագավառում՝ հիվանդներին վերադարձնելով լիարժեք կյանք նույնիսկ ամենաբարդ դեպքերում:

Բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային շրջանի և պարանոցի փափուկ ու ոսկրային հյուսվածքների, գանգաթաղի, բերանի խոռոչի, ականջախեցիների և արտաքին քթի վիրահատություններ՝ ընդգրկելով կոսմետիկ և վերականգնողական վիրահատությունների ամբողջ սպեկտրը:

 

Էրեբունի ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում իրականացվում է ուղիղ աղու և խթաղու ցանկացած սուր և քրոնիկական հիվանդության ախտորոշում, թերապևտիկ և վիրաբուժական բուժում՝ ներառելով նաև առավել ծանր հիվանդներին, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդություններով, հաստ աղու բորբոքային հիվանդություններով, հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդությամբ: Հիվանդների բուժման ժամանակ ուղեկցվում են ժամանակակից միջազգային ուղեցույցներով, կիրառում բարձր տեխնոլոգիական քիչ ինվազիվ մեթոդներ՝ հետվիրահատական վերականգնման սեղմ ժամկետներով:

Կլինիկայի աշխատանքի հիմնական սկզբունքը հոսպիտալացման նվազագույն ժամկետում բուժման առավելագույն արդյունք ապահովելն է: Այդ պատճառով բաժանմունքն ապահովված է ամենաժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: 


Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը մասնագիտացված բաժանմունք է, որտեղ վիրահատական միջամտություններ են իրականացվում վահանաձև և հարվահանաձև գեղձերի, մակերիկամների, կրծքագեղձերի և ենթաստամոքսային գեղձի վրա: Բաժանմունքում առաջին անգամ Հայաստանում կատարվել են լապարասկոպիկ ադրենալէկտոմիա, էնդոսկոպիկ թիրեոիդէկտոմիա: Ներկայումս այս ուղղությամբ մշակված են մեթոդաբանական և տեխնիկական հստակ չափորոշիչներ:

Բարդ տեխնոլոգիաներին և նորագույն սարքավորումներին տիրապետելը բաժանմունքի մասնագետներին թույլ է տալիս, հնարավորության դեպքում, նախապատվությունը տալ քիչ վնասվածքային (քիչ ինվազիվ) վիրահատական միջամտություններին՝ փոքր մուտքով վիրահատություններին, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, գերձայնի հսկողության տակ կատարվող վիրահատական միջամտություններին և այլն:

Տարաբնույթ կլինիկական դրսևորումները, օրգանիզմի տարբեր համակարգերի օրգանների ախտահարումը հաճախ պահանջում են համակցված կամ զուգակցված վիրահատությունների իրականացում, որոնց, էնդոկրին վիրաբույժներից բացի, մասնակցում են նաև կենտրոնի այլ մասնագետներ՝ նյարդավիրաբույժներ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, կրծքային վիրաբույժներ և այլն:


Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքում կատարվում են պլանային վիրաբուժական միջամտություններ քթի խոռոչի, քթի հարակից խոռոչների, ըմպանի և կոկորդի ախտաբանությամբ հիվանդների համար, ինչպես նաև ՔԿԱ հիվանդներին շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն:

 

Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից և, հաճախ, քիչ ինվազիվ եղանակներով: Քթի, քթի հարակից խոռոչների, ըմպանի և կոկորդի հիվանդությունների ժամանակ կատարվող էնդոսկոպիկ միջամտությունները, ականջի վրա իրականացվող լսողության վերականգնման միկրովիրահատական և սանացիոն վիրահատությունները, ՔԿԱ օրգաններում և պարանոցի շրջանում բորբոքային գործընթացների դեպքում սանացիոն վիրահատությունները, դեմքի վնասվածքների ժամանակ ֆունկցիոնալ վիրահատությունները, վերին շնչական ուղիների շրջանում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժումը, ՔԿԱ օրգանների թարախային հիվանդությունների բուժումն իրականացվում են նորագույն բժշկական տեխնոլոգիաներով՝ վիրահատության ընթացքում ապահովելով օրգանների նվազագույն վնասումը և հիվանդների արագ հետվիրահատական վերականգնումը:

2004 թվականից, համատեղ ծրագրերի շնորհիվ, առաջին անգամ Հայաստանում ներդրվել է կոխլեար ներպատվաստման ծրագիրը: Բացի այդ, իրականացվում է նորածինների աուդիոսկրինինգ՝ 2008 թվ ՀՀ Առողջապահության նախարարի կողմից հաստատված նորածինների աուդիոլոգիական սկրինինգի պետական ծրագրի համաձայն:


Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը Էրեբունի ԲԿ-ի ժամանակակից, հագեցած ստորաբաժանում է, որն իր գործունեությունը ծավալում է էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ոլորոտում: Բաժանմունքը հագեցած է և պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում կիրառել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ եղանակներ: Մասնագետների բարձր որակավորումը, փորձը և աշխատանքի թիմային ոճը նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների հաջողության գրավականն են: 

 

Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը ժամանակակից, բարձր հագեցվածության բժշկական բաժանմունք է, որն իրականացնում է անհետաձգելի և պլանային հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում: Բաժանմունքն առաջատար տեղ է զբաղեցնում բժշկական ծառայությունների մատուցման, կանանց ու տղամարդկանց միզատար ուղիների և տղամարդկանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների հիմնարար հետազոտության և բուժման նորարարական ռազմավարությունների ներդրման բնագավառում:

Բաժանմունքում մեծ ուշադրություն է դարձվում համակցված բուժման վրա, ներառյալ՝ բարդ վիրահատությունները: Մեծ նշանակություն է տրվում նաև հիվանդի կյանքի որակի լավացմանը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև պլաստիկ վերականգնողական վիրահատություններ: Բաժանմունքի լավագույն վիրաբույժները կատարում են նվազագույն ինվազիվ վիրահատություններ՝ կիրառելով կրիովիրաբուժական, լազերային և լապարասկոպիկ եղանակները:

 

Էրեբունի բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը զբաղվում է բոլոր տեսակի վնասվածքների, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշմամբ և բուժմամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրահատարանով, որտեղ յուրաքանչյուր օր իրականացվում են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, այդ թվում՝ անհետաձգելի: Կլինիկայում կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ առաջարկված համաշխարհային առաջատար մասնագիտացված ասոցիացիաների կողմից (AO/ASIF, AAOS և այլն): Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է 1400 և ավելի օրթոպեդիկ վիրահատություն, ինչպիսիք են՝ կոնքազդրային հոդի, ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը, խոշոր հոդերի արթրոսկոպիան (կոնքազդրային, ծնկան, ուսային և սրունք-թաթային), շտկող օստեոտոմիաները և մկանաջլային պլաստիկան՝ հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների դեպքում:


Էրեբունի ԲԿ-ի վիրաբուժական կլինիկայի մասնագետներն առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով.

 

  • վիրահատական բուժումն իրականացվում է խիստ ցուցումներով և միայն այն դեպքերում, երբ թերապևտիկ բուժումն անհրաժեշտ արդյունք չի տվել,
  • մեթոդի ընտրության դեպքում նախապատվությունը տրվում է օրգանապահպան վիրահատություններին,
  • դեպքերի մեծամասնությունում միջամտություններն իրականացվում են հնարավորինս խնայող եղանակներով՝ էնդոսկոպիայի, էնդոտեսավիրաբուժության կիրառմամբ,
  • տարբեր օրգանների և համակարգերի վրա վիրահատական միջամտության ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կիրառվում է վիրահատությունների համաժամանակյա մեթոդը, որն իրականացվում է տարբեր մասնագետների միաժամանակյա մասնակցությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր