Նոյեմբերի 6-ին երևանյան հյուրանոցային համալիրներից մեկում իր աշխատանքն սկսեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից կազմակերպած գիտաժողովը: Այն նվիրված էր «Էրեբունի» ԲԿ սրտաբանական ծառայության ստեղծման 30-ամյակին:
«Էրեբունի սրտաբանական» գիտաժողովին մասնակցեցին Երևանի առաջատար սրտաբանական կենտրոնների, Հայաստանի մարզերի, Արցախի սրտաբանները: Միջոցառումը նախատեսված էր սրտաբանների, ընտանեկան բժիշկների, թերապևտների և ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար: Ընդհանուր թվով գիտաժողովին մասնակցեց 250 մասնագետ:
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից գիտաժողովի մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:
Երկօրյա աշխատանքների ընթացքում ներկայացվեցին բժշկագիտության, մասնավորապես, սրտաբանության վերջին ձեռքբերումները, քննարկվեցին հետաքրքիր կլինիկական դեպքերը:
Էրեբունի ԲԿ սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Համլետ Հայրապետյան.
– Լուրջ և հեղինակավոր կլինիկայի համար 30-ը, անշուշտ, փոքր տարիք է, քանի որ համալսարանական լուրջ կլինիկաները հարյուրավոր տարիների կյանք են ունենում, բայց մենք հասցրեցինք այս 30 տարիների ընթացքում անել ավելին, քան կարելի էր: Պետք է ասեմ, որ դրանք կտրուկ փոփոխությունների տարիներ են եղել՝ շատ արագ, իրար հետևից նոր մեթոդներ՝ նոր բաժանմունքներ բացելու, կյանքին համընթաց քայլելու, միջազգային չափանիշներին հասնելու... Մենք մեծ քայլեր արեցինք:
Կան և՛ գիտական, և՛ կլինիկական ձեռքբերումներ. մասնակցություն միջազգային գիտաժողովներին, գիտական հոդվածների հրատարակում միջազգային հանդեսներում, նոր մեթոդների ներդրում Հայաստանում: Ի դեպ, մի քանի ամիս առաջ բացվեց ինտենսիվ թերապիայի բլոկ՝ նորագույն տեխնիկական հագեցվածությամբ:
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա ՀԿ նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր, ակադեմիկոս Կառլեն Ադամյան.
– Երկրագնդի գոյության 400 միլիոն տարիները եկան ապացուցելու, որ գոյատևման համար անհրաժեշտ է զարգանալ: Մեր դեպքում, 30 տարին բավական է, որպեսզի կարողանանք գնահատել ու ասել, որ ճիշտ ճանապարհի վրա ենք... Ինչպես նշեցի իմ ողջույնի խոսքում, էվոլյուցիոն զարգացումներ ունեցանք. էվոլյուցիոն զարգացման մեջ ես չեմ ընդունում ռևոլյուցիոն զարգացումները: Ռևոլյուցիայի մեջ ինչ-որ վատ բան եմ տեսնում: Կարծում եմ, որ նման տեսակետ ունեցող մարդկանց այլ դեպքերում բնորոշում են` կոնսերվատոր, բայց երիտասարդ տարիքում, ով չի ուզել դառնալ հեղափոխական՝ սիրտ չունի, իսկ մեծ տարիքում, ով չի դարձել կոնսերվատոր` ուղեղ չունի (ժպտում է.- հեղինակ):
Հեգելյան փիլիսոփայություն կա այստեղ. ճշմարտությունը պրակտիկայի մեջ է երևում: Ստեղծվեց ժամանակակից կենտրոն, որն այժմ առաջատարն է ամբողջ հանրապետությունում, ստեղծվեցին ինվազիվ միջամտությունների բաժանմունքներ, որտեղ վիրաբուժական նոր մեթոդներ են կիրառվում, և ես սիրով ողջունում եմ:
ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ, Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի ղեկավար, ՌԴ էնդովասկուլյար վիրաբույժների ընկերության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյան
– Ինչ խոսք, 30-ը՝ երիտասարդ տարիք է, բայց ձեռքբերումների առումով՝ ոչ: Հսկայական գործ է արվել, շատ ու շատ հաջողություններ են գրանցվել: Այս սրտաբանական կլինիկան առաջատարներից է Հայաստանում:
Գլխավոր ձեռքբերումն այն է, որ այստեղ չկան ստանդարտ մոտեցումներ բուժման հարցում: Գիտությունն առաջ է գնում, և անթույլատրելի է այսօր, օրինակ, բուժել սուր ինֆարկտն այնպես, ինչպես բուժում էին հիսուն տարի առաջ… Այստեղ բուժումն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաներով: Ուրախալի է նաև, որ այստեղ աշխատում են փորձառու երիտասարդ մասնագետներ: