Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքում բուժում են ստանում մանկաբարձական տարբեր խնդիրներ ունեցող հղիները:
Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք գինեկոլոգին թույլ են տալիս հղիությունը դասել բարձր ռիսկի խմբի մեջ: Այդ թվին են պատկանում.
• Մինչև հղիությունը կնոջ մոտ առկա ախտաբանություններ՝ ներառյալ բոլոր քրոնիկական հիվանդությունները՝ շաքարախտ, զարկերակային գերճնշում, սրտի հիվանդություններ, կոագուլոպաթիաներ, ճարպակալում, անոռեքսիա, էպիլեպսիա, արգանդի զարգացման արատներ:
• Նախորդ հղիությունների անցանկալի հետևանքները՝ պտղի դանդաղ զարգացում, գերճնշումը՝ որպես հղիության հետևանք, նախորդ հղիության ժամանակ պտղի սխալ զարգացում, վաղաժամ ծննդաբերություններ, վիժումներ, հղիության բազմակի արհեստական ընդհատումներ:
• Բազմապտուղ հղիություն, պտղի սխալ զարգացում, պտղի ակնհայտ դանդաղ զարգացում, վաղաժամ ծննդաբերության ռիսկ, ընկերքային անբավարարություն:
Բաժանմունքում տարեկան միջինը հետազոտվում և բուժվում են շուրջ 2000 հղի: Վերջին տարիների ընթացքում նկատվում է բաժանմունք դիմող բարձր ռիսկի հղիների թվի ավելացման միտում:
Բաժանմունքում հետազոտվում եւ բուժվում են հետևյալ մանկաբարձական ախտաբանություններով հղիները.
• Սպառնացող վիժում
• Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն
• Կրելախախտով հղիներ
•Ժառանգական և ձեռքբերովի թրոմբոֆիլիայով հղիներ
Հետազոտվում և բուժվում են նաև գերճնշում ունեցող հղիները, այդ թվում՝ պրեէկլամպսիայով: Նման հիվանդների ծննդալուծման համար բաժանմունքում մշակում են օպտիմալ ժամկետներ և եղանակներ:
Բարձր ռիսկի հղիների բաժանմունքում հետազոտվում և բուժվում են արգանդի միոմայով, ձվարանի նորագոյացություններով և այլ գինեկոլոգիական ախտաբանություններով հղիները, ինչպես նաև հղիներ, որոնց մոտ ախտորոշված են պտղի ներարգանդային թերզարգացում, ֆետոպլացենտար անբավարարություն: Կատարվում է իսթմիկո-ցերվիկալ անբավարարության շտկում՝ վիրահատական ճանապարհով կամ մանկաբարձական պեսարիների տեղադրումով: Բարձր ռիսկի հղիների բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող մանկաբարձ-գինեկոլոգներ, ովքեր վերապատրաստվել են արտերկրում: