Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանն են լույս աշխարհ գալիս հանրապետության ամենաշատ երեխաները՝ տարեկան շուրջ 5000 երեխա:
Ծնարանի և հետծննդյան բաժանմունքում ցուցաբերվում է մանկաբարձական բուժօգնության ամբողջ ծավալը, որն իր մեջ ներառում է դասական մանկաբարձության ավանդույթները՝ զուգակցված նորագույն պերինատալ տեխնոլոգիաներով: Ծնարանը հագեցած է հղիի և պտղի ներարգանդային վիճակը գնահատող ժամանակակից սարքավորումներով: Ծնարանում առկա են անհատական սենյակներ, որոնք հղիներին տրամադրվում են ծննդաբերության ընթացքում և վաղ հետծննդյան շրջանում:
Ծննդաբերության ժամանակ կիրառվում են ցավազրկման տարբեր եղանակներ՝ հաշվի առնելով ծննդկանի և պտղի վիճակը, ինչպես նաև բարձր ռիսկի հղիների ծննդալուծման ժամանակակից մոտեցումները, որոնք հնարավորություն է տալիս խուսափել տարբեր մանկաբարձական բարդություններից: Ծննդաբերության ցավազրկման նպատակով լայնորեն կիրառվում է տևական էպիդուրալ անզգայացումը, որն ունի բարձր ցավազրկող արդյունավետություն: Էպիդուրալ ցավազրկումն իրականացնում են բարձր որակավորված անեսթեզիոլոգները:
Կեսարյան հատումն իրականացվում է ըստ ցուցումների՝ հիմնականում ողնուղեղային անզգայացմամբ:
Հետծննդյան սենյակներում ստեղծված են մոր և նորածնի համատեղ կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ընդ որում, նրանք գտնվում են մանկաբարձների և նեոնատոլոգների շուրջօրյա հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում անմիջապես կազմակերպվում է նեղ մասնագետների խորհրդատվություն:
Բաժանմունքում առկա են նաև բարձր հարմարավետության հետծննդյան հիվանդասենյակներ, որտեղ ապահովվում է ծննդկանի սնունդը և խնամքը:
Ամեն օր ծննդկանների հետ իրականացվում է նորածինների խնամքի, հետծննդյան շրջանում հիգիենայի պահպանման ուսուցում, անհրաժեշտության դեպքում կարող է ցուցաբերվել որակյալ հոգեբանական և իրավաբանական օժանդակություն:
«Էրեբունի» ԲԿ ծնարանում և հետծննդյան բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր մասնագիտացել են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար ծննդատներում ու գինեկոլոգիական կլինիկաներում: