Միզապարկի քարերը միզաքարային հիվանդության ամենատարածված տեսակներից է: Հիմնական ցավային ախտանիշներն արտահայտվում են որովայնի ստորին հատվածում և վերցայլքային շրջանում, որոնք կարող են տարածվել դեպի շեք և սեռական օրգաններ: Ցավն ի հայտ է գալիս շարժումների և միզարձակման ժամանակ: Միզապարկի քարերի այլ արտահայտություններից է հաճախացած միզարձակումը: Անզուսպ միզարձակման ցանկությունն ի հայտ է գալիս քայլքի, ցատկի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Միզարձակման ժամանակ դիտվում է, այսպես կոչված, «գրավի» ախտանիշը. մեզի շիթը կտրուկ ընդհատվում է, չնայած հիվանդն զգում է, որ միզապարկը լիարժեք դատարկված չէ, միզարձակումը վերականգնվում է մարմնի դիրքի փոփոխությունից հետո միայն: Ծանր դեպքերում, երբ քարի չափերը մեծ են, հիվանդը կարողանում է միզել միայն պառկած վիճակում:
Միզապարկում քարերի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառը ինֆրավեզիկալ խցանումն է: Սա հավաքական հասկացություն է, որն իր մեջ ներառում է տարաբնույթ ախտաբանություններ, որոնք բերում են միզապարկից մեզի արտահոսքի խանգարման: Ազատ միզարձակման խանգարումից են տառապում, հատկապես, միզապարկում (միզապարկի վզիկի կամ միզարձակման խողովակի շրջանում) քար ունեցող պացիենտները: Քարերի առաջացման մեխանիզմը պարզ է. ախտաբանական փոփոխությունների արդյունքում միզապարկն ի վիճակի չի լինում կատարել սեփական ֆունկցիաները և լիարժեք դատարկվել, ինչի արդյունքում միզապարկում տեղի է ունենում մեզի կանգ, բարձրանում է մեզի խտությունը, առաջանում են աղային բյուրեղներ, որոնք հետագայում վեր են ածվում քարերի: Տղամարդկանց մոտ նման վիճակ հաճախ առաջացնում է շագանակագեղձի գերաճը (հատկապես ներմիզապարկային աճի դեպքում, ինչպես նաև միզուկի նեղացումը շագանակագեղձի հատվածում: 50-ն անց պացիենտների մոտ շագանակագեղձի գերաճի և միզապարկի քարերի զուգակցման հաճախականությունը, ըստ տարբեր տվյալների, կազմում է մինչև 6%: Ժամանակակից բժշկության պայմաններում միզապարկի քարերով հիվանդների վիրահատական բուժման առավել նախընտրելի եղանակ է միզապարկի ներմիզուկային կոնտակտային քարափշրումը (ցիստոլիթոտրիփսիա): Ներկայում տարածված են կոնտակտային քարափշրման մեխանիկական, պնևմատիկ, էլեկտրահիդրավլիկ, գերձայնային, էլեկտրաիմպուլսային և լազերային եղանակները: Վերջինն ամենաժամանակակից մեթոդն է, և, համապատասխան սարքավորումների առկայության դեպքում, միանշանակ, բուժման ընտրության եղանակ է միզապարկի քարերի գրեթե բոլոր դեպքերում: Պացիենտ Գ.Ն., 50 տարեկան, միզապարկում առկա է 5 սմ տրամագծով քար՝ զուգակցված շագանակագեղձի գերաճով (3,0 սմ ներմիզապարկային բաղադրիչով):
22.10.15թ. ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ բ.գ.դ., պրոֆ. Մ.Վ. Մանուկյանի գլխավորությամբ հաջողությամբ իրականացվել է կոնկրեմենտի կոնտակտային լազերային քարափշրում, հաջորդիվ՝ շագանակագեղձի ադենոմայի ներմիզուկային մասնահատում: Վերջինիս հետ կապված, հարկ է նշել, որ միզապարկի քարերի և շագանակագեղձի բարորակ գերաճի կամ այլ ինֆրավեզիկալ խցանող հիվանդությունների զուգակցման դեպքում կոնտակտային քարափշրումը չպետք է հանդիսանա մոնոթերապիա, այլ անհրաժեշտ է նաև վերացնել խցանման պատճառ ախտաբանությունը՝ պացիենտի մոտ հետագայում ռեցիդիվներից խուսափելու նպատակով: «Էրեբունի» ԲԿ Ուրոլոգիայի կլինիկան՝ շարունակելով իր ավանդական աշխատանքը և զարգացումը Հայաստանի բժշկության ոլորտի առաջատար դիրքերում, բոլոր անհրաժեշտ ուրոլոգիական սարքավորումների հետ միասին, արդեն հագեցած է նաև կոնտակտային լազերային քարափշրման համար անհրաժեշտ Richard Wolf սարքով, որն իրականացնում է միզատար ուղիների բոլոր բաժինների քարերի կոնտակտային լազերային մանրացում՝ ներառյալ միզապարկի քարեր: