16.09.14 թ. առաջին անգամ Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կատարվել է բրախիցեֆալ ցողունի պրոթեզավորման վիրահատություն: Այն իրականացրել է Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Մեսրոպ Պետրոսի Շատախյանը:
56-ամյա հիվանդ Ս.-ն «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել հետևյալ գանգատներով. խոսքի պարբերաբար խանգարումներ, շարժումների դանդաղում, հիշողության վատացում: ՀՏ անգիոգրաֆիայի և դուպլեքս հետազոտության տվյալների հիման վրա պացիենտի մոտ բացահայտվել է չափազանց հազվադեպ հանդիպող ախտահարում՝ բրախիոցեֆալ ցողունի խցանում, որն արտահայտվում էր ողնաշարային և քնային զարկերակների միջոցով գլխուղեղի արյան կողոպտմամբ (steel syndrome): Պացիենտի մոտ առկա էր գլխուղեղի և պարանոցի աջ հատվածի, նաև վերին աջ վերջույթների արյան մատակարարման անբավարարություն (նորմայից 4-5 անգամ պակաս), ինչը հաստատում էր աջ քնային զարկերակի և աջ ձեռքում պուլսի բացակայությունը:
Տվյալ իրավիճակում արյան նորմալ մատակարարման վերականգնման համար վիրահատական միջամտություն էր պահանջվում՝ վերել աորտայից մինչև բրախիոցեֆալ ցողունի դիստալ հատվածը պրոթեզի տեղադրում: 16.09.14 թ. պացիենտն արդեն վիրահատարանում էր (վիրաբույժներ՝ Մ.Պ. Շատախյան, Ա.Ա. Հայրապետյան, Ա.Ն. Ալեքսանյան, Ա.Վ. Ստամբոլցյան, անէսթեզիոլոգ՝ Ա.Ռ. Մուրադյան): Օպտիմալ երկարաժամկետ արդյունքներ ստանալու նպատակով Մ.Պ. Շատախյանը վերոնշյալ ուղու անատոմիական վերակառուցմանը վերաբերող որոշում ընդունեց (կրծքավանդակի բացման ճանապարհով): Ստերնոտոմիայի ճանապարհով աորտայից մինչև բրախիոցեֆալային ցողունի երկատումը 12 մմ տրամագծով անոթային պրոթեզ տեղադրվեց: Պրոթեզավորումից անմիջապես հետո աջ քնային զարկերակում և վերին վերջույթներում արյան հոսքը վերականգնվեց, ինչը հաստատվեց դուպլեքս և դոպլեր հետազոտությունների արդյունքում: Հիվանդը դուրս գրվեց 5-րդ օրը՝ բավարար վիճակում:
Բրախիոցեֆալ ցողունի նեղացումը կամ խցանումը բավականին հազվադեպ հանդիպող ախտահարում է, ուստի վիրահատական միջամտությունները բազմաքանակ չեն (մասնավորապես՝ միջկրծքավանդակային ճանապարհով), և, համապատասխանաբար, հետազոտությունները համաշխարհային գրականության մեջ եզակի բնույթ ունեն: Վստահ կարելի է ասել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայությունն իրականացնում է ուղեղային արյան շրջանառության խանգարումների՝ ինսուլտի կանխարգելմանն ուղղված վիրահատությունների ամբողջ շրջանակը: