Loading

Հայաստանում ներանոթային նյարդավիրաբուժությունը շարունակում է զարգանալ

16.10.2015

Հայաստանում  ներանոթային նյարդավիրաբուժությունը  շարունակում է զարգանալ
Հայաստանում  ներանոթային նյարդավիրաբուժությունը  շարունակում է զարգանալ

«Էրեբունի» ԲԿ ներանոթային նյարդավիրաբուժությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ: Ընդլայնվում է ինչպես իրականացվող վիրահատությունների սպեկտրը, այնպես էլ նրանց քանակը: 26.09.15թ. հատկապես ծանր էր Ներանոթային նյարդավիրաբուժության ծառայության ամբողջ վիրաբուժական կազմի համար: Բժիշկների թիմի կողմից՝ ծառայության ղեկավար Դ. Սահակյանի գլխավորությամբ, իրականացվեցին մի քանի վիրահատություններ՝ մոտավորապես 8 ժամ ընդհանուր տևողությամբ, ընդ որում, ռենտգեն ճառագայթման պայմաններում: Իրականացված վիրահատություններից 2-ն առավել բարդ էին. իրականացվել էին գլխուղեղի զարկերակ-երակային մալֆորմացիայի և զարկերակային անևրիզմայի կապակցությամբ վիրահատություններ: Գլխուղեղի զարկերակ-երակային մալֆորմացիան բնածին ախտաբանական անոթների կծիկ (հանգույց) է, որոնցով տեղի է ունենում արագացված արյան հոսք՝ անմիջապես զարկերակներից երակներին անցումով, շրջանցելով գլխուղեղի հյուսվածքներն ու միջանկյալ մազանոթները: Այս ախտաբանությունը կարող է բերել արյունազեղման, ցնցումների և գլխուղեղի իշեմիկ կաթվածի առաջացման բարձր ռիսկի: Գոյություն ունի տվյալ հիվանդության բուժման 3 եղանակ.

  1. հեռացում՝ բաց վիրահատական միջամտությամբ
  2. ներանոթային խցանում
  3. ճառագայթային բուժում:

Հայաստանում  ներանոթային նյարդավիրաբուժությունը  շարունակում է զարգանալ Հայաստանում  ներանոթային նյարդավիրաբուժությունը  շարունակում է զարգանալ

Հաճախ անհրաժեշտ է լինում համակցել վերը նշված բոլոր եղանակները: Հիվանդ Գ.Ա.` ծնված 1982 թվականին, ընդունվել կլինիկա՝ «Գլխուղեղի ձախ գագաթային բլթի շրջանում զարկերակ-երակային մալֆորմացիա» ախտորոշմամբ: Հիվանդը հրաժարվել է բաց վիրահատական միջամտությունից, որի պատճառով որպես հիմնական եղանակ ընտրվել է ներանոթային խցանումը: Ռենտգեն հսկողության տակ իրականացվող վիրահատության ընթացքում՝ հատուկ գործիքների օգնությամբ, ազդրային զարկերակի միջոցով մուտք է գործվել հիվանդի զարկերակային համակարգ: Շարժվելով անոթներով՝ գործիքները հասցվել են գլխուղեղի զարկերակներին և առավելագույն մոտեցել զարկերակ-երակային մալֆորմացիայի ախտաբանական կծիկին:

Միկրոգործիք-միկրոկաթետերի օգնությամբ զարկերակ-երակային մալֆորմացիայի կծիկ ներմուծվել է Օնիքս անունով խցանող հեղուկ նյութ, որը, հայտնվելով անոթային համակարգում, կարծրացել և ամուր խցանել է անոթները: Վիրահատությունն իրականացվել է 2 փուլով և պահանջվել ամբողջ թիմի կենտրոնացումը, զգուշավորությունն ու զգոնությունը, քանի որ գլխուղեղի նորմալ զարկերակների մեջ Օնիքսի ներթափանցման դեպքում առկա էր կաթվածի զարգացման վտանգ: Ավելին, անոթային կծիկի կտրուկ խցանման և/կամ երակային արտահոսքի խանգարման դեպքում ախտաբանական անոթներում հնարավոր էր ճնշման բարձրացում և ներգանգային արյունազեղման առաջացում:

Հիվանդը կլինիկայից դուրս է գրվել հաջորդ օրը՝ առանց գանգատների և նյարդաբանական շեղումների: . Հաջորդ վիրահատությունն իրականացվել է գլխուղեղի անևրիզմայի պատռվածքի կապակցությամբ: Այն պարկաձև գոյացություն է, որն առաջանում է զարկերակի թուլացած պատի արտափքման հետևանքով: Անևրիզմայի պատերը չունեն բոլոր այն շերտերն ու ամրությունը, որը բնորոշ է նորմալ զարկերակներին, սակայն մշտապես ենթարկվում է արյան հոսքի բարձր ճնշմանը: Այս փաստը անևրիզմայի պատռվածքի մեծ ռիսկ է ստեղծում, որի դեպքում առաջանում է ծանր ենթաոստայնային (սուբարախնոիդալ) արյունազեղում՝ սպառնալով մահվան կամ հաշմանդամության բարձր ռիսկով: Վերջինս հիմնականում պայմանավորված է անևրիզմայի կրկնակի պատռվածքով:

Արյունազեղման բարդություններից է նաև զարկերակի կծկանքը, որն առաջանում է շրջակա արյան ազդեցության տակ և կարող է բերել գլխուղեղի երկրորդային իշեմիկ վնասման:

Հայաստանում  ներանոթային նյարդավիրաբուժությունը  շարունակում է զարգանալ Հայաստանում  ներանոթային նյարդավիրաբուժությունը  շարունակում է զարգանալ

Հիվանդ Մ.Ա.՝ ծնված 1966թ., «Էրեբունի» ԲԿ ընդունվել է արյունազեղման 5-րդ օրը՝ անոթային սպազմի, գլխուղեղի արյունամատակարարման խանգարման և աջ միջին ուղեղային զարկերակի անևրիզմայի պատռվածքի վառ արտահայտված ախտանիշներով:

Ինչպես և նախորդ հիվանդի մոտ, ազդրային զարկերակի միջոցով մուտք է գործվել հիվանդի զարկերակային համակարգ. անոթներով շարժվելով՝ միկրոկաթետերը հասցվել է գլխուղեղի զարկերակներին: Ապա տվյալ գործիքի օգնությամբ ներթափանցել են անևրիզմայի խոռոչ, որտեղ և տեղադրվել է հատուկ պլատինե միկրոպարույրներ (այդպիսի միկրոպարույրների հաջորդական տեղադրման արդյունքում դադարում է արյունալեցումը անևրիզմայի խոռոչ, նվազում է նրա պատռվածքի ռիսկը և ստեղծվում են անոթի պատի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ): Գլխուղեղի զարկերակի անևրիզմայի խցանումից հետո ներմուծվել է մեծ դոզայով անոթալայնիչ դեղ, որի շնորհիվ նվազել է անոթակծկանքի աստիճանը և վերականգնվել է գլխուղեղի բավարար արյունամատակարարումը: Վիրահատությունից հետո հիվանդի վիճակը զգալիորեն բարելավել է, բուժումը շարունակվում է:

Ամբողջ աշխարհում արագորեն աճում է ներանոթային նյարդավիրաբուժության դերը գլխուղեղի կաթվածների բուժման և կանխարգելման գործընթացում, զգալիորեն լավացել է նրանց բուժման արդյունավետությունը, իսկ դա նշանակում է հազարավոր փրկված կյանքեր:

+374 10 47 11 00
QR
Price list QR