Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունում բացառիկ վիրահատություն է կատարվել` տրանսարտերիալ քիմիաէմբոլիզացիա:
Միջամտության մասին ավելի մանրամասն ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանը:
«Սա տեղային քիմիաթերապիայի տարբերակ է լյարդի չարորակ ուռուցք ունեցող հիվանդների համար: Ազդրային զարկերակի մեջ տեղադրում ենք կատետր, ինչպես ընդունված է կատարել կորոնարոգրաֆիայի ժամանակ, պարզապես այս դեպքում ոչ թե մտնում ենք սրտի անոթներ, այլ լյարդի` անցնելով բուն լյարդը սնուցող զարկերակով` չվնասելով լյարդի հյուսվածքները»,- պարզաբանում է բժիշկը:
Վիրահատությունը ենթադրում է կատետրի միջոցով միջամտություն լյարդի չարորակ ուռուցքը սնուցող զարկերակի մեջ: Միջամտությունը թույլ է տալիս չարորակ ուռուցքը սնող զարկերակի մեջ կատարել գործողություններ. խցանելով սնուցող զարկերակը և ներարկել հատուկ քիմիապրեպարատ:
Տրանսարտերիալ քիմիաէմբոլիզացիան տարածված միջամտություն է ամբողջ աշխարհում: Այն ցուցված է հատկապես այն հիվանդներին, ում հակացուցված է լյարդի ռեզեկցիան, օրինակ, երբ ուռուցքի չափերը մեծ են կամ ներաճել է անոթների մեջ: Նման պարագաներում ավելի լոկալ, ավելի մեծ դեղաչափով ազդելու համար նախընտրելի է այս միջամտությունը: Առավելությունն այն է, որ միջամտությունը կատարվում է ուռուցքի ներսում, այլ ոչ թե ընդհանուր երակային քիմիայի տարբերակով:
«Միջամտությունն, իհարկե, չորորակ ուռուցքի ռադիկալ բուժում չէ և չի վերացնում ուռուցքը, այն պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով դանդաղեցնել ուռուցքի աճը և փոքրացնել նրա չափերը»,- մեկնաբանում է բժիշկը:
Միջամտությունների 70% դեպքերում հնարավոր է լինում ստանալ կայուն արդյունք` երկարեցնել հիվանդի կյանքի տևողությունը, բարելավել կյանքի որակը:
Նման միջամտությունը հնարավոր է իրականացնել ինչպես լյարդի առաջնային չարորակ գոյացության, այնպես էլ նրա մետաստատիկ ախտահարման դեպքերում:
Հայաստանում լյարդի չարորակ ուռուցքների ախտորոշմամբ հիվանդները բավականին շատ են, ովքեր նախկինում ստիպված էին նմանատիպ մեթոդներով բուժումը ստանալ արտասահմանում:
Այժմ այն հնարավոր է դարձել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում: