Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Լուսինե Մխիթարյանը:
– Բժշկուհի Մխիթարյան, ի՞նչ խնդիրներ է լուծում առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը:
– Կենտրոնն ունի նեղ մասնագիտացում` առիթմոլոգիա, սրտի ռիթմի խանգարումների ախտորոշում և բուժում: Կենտրոնում գործում են և՛ ամբուլատոր, և՛ ստացիոնար բաժանմունքներ: Սա բազմաֆունկցիոնալ կլինիկա է, որտեղ իրականացվում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշում, բուժում, վիրաբուժական միջամտություններ:
– Վիրաբուժական միջամտությունների մասին… Սրտանոթային ո՞ր ախտաբանություններն են բուժելի այս կենտրոնում:
– Այս պահին սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա ենք իրականացնում, որը կատարվում է սրտի դանդաղ աշխատանքի ժամանակ: Կենտրոնում իրականացվում են նաև անհետաձգելի առիթմոլոգիական իրավիճակների բուժում, վիրաբուժական միջամտությամբ իրականացվում են սրտի ռիթմը վարող տարբեր սարքերի իմպլանտացիաներ, սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ և աբլացիաներ: Եթե ռիթմի շեղումը պայմանավորված է որևէ օջախով, ապա դա հայտնաբերվում, հետազոտվում և անհրաժեշտ գործողությունների արդյունքում վնասազերծվում է, որի արդյունքում վերականգնվում է սրտի աշխատանքի նորմալ ռիթմը: Բացի սրտի ռիթմի խանգարումներից, կենտրոնում հետազոտվում և բուժվում են նաև հիպերտոնիկ, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն ունեցող և կարդիոմիոպաթիայով հիվանդները:
– Նման միջամտությունների համար անհրաժեշտ է նաև համապատասխան տեխնիկական հագեցվածություն…
– Այո', դա անհրաժեշտություն է: Հայաստանում տեխնիկապես թերևս ամենահագեցված լաբորատորիան ունենք: Մեր արդյունավետ աշխատանքի համար կան բոլոր պայմանները, բոլոր գործիքներն ու սարքերը: Հետևում ենք ժամանակի ընթացքին և, անհրաժեշտության դեպքում, ներդնում ենք գերժամանակակից, վերջին սերնդի սարքավորումներ, առանց որոնց այսօր անհնար է պատկերացնել մեր աշխատանքը: Շատ կարևոր նշանակություն ունի նաև մասնագիտացված բուժանձնակազմը: Այստեղ աշխատում են պրոֆեսիոնալ երիտասարդ կադրեր: Բացի բժիշկներից մեզ հետ աշխատում են նաև տեխնիկներ, բուժքույրեր, որոնց աշխատանքը ևս նպաստում է մեր արդյունավետությանը:
– Աշխարհում առաջին տեղում սրտանոթային հիվանդություններից մահացություններն են, այդպիսով, մեծ է նաև կենտրոնի պատասխանատվությունը…
– Ավելին` սրտանոթային մահացությունների շարքում առիթմիաներից հանկարծամահացությունն առաջին տեղում է: Պատճառը մոտ 20% դեպքերում դանդաղասրտությունն է, 70-80% դեպքերում` արագասրտությունը, որոնք կյանքին սպառնացող իրավիճակներ են ստեղծում և կարող են հանկարծակի մահացության պատճառ դառնալ:
– Ելնելով Ձեր պրակտիկայից, ո՞ր ախտաբանություններն են ամենատարածվածները սրտանոթային հիվանդությունների շարքում, ի՞նչ խնդիրներով են ամենից հաճախ դիմում կենտրոն:
– Չեմ կարող առանձնացնել, բայց կենտրոն ամենից հաճախ դիմում են սրտի անկանոն, նոպայաձև արագ աշխատանքի, շողացող առիթմիաների, վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի, փորոքային և նախասրտային էքատրասիստոլաների դեպքերում: Կենտրոնում բուժվում են նաև իշեմիկ կամ այլ կարդիոմիոպաթիաների հետևանքով լուրջ փորոքային տախիկարդիա ունեցող հիվանդները, որոնց բուժումը հատուկ մեթոդ և հատուկ տեխնիկա է պահանջում, ինչը հանկարծամահությունը կանխարգելող միակ արդյունավետ միջոցն է. խոսքը իմպլանտացվող սարքերի՝ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների մասին է: Այդ հնարավորությունն այսօր ունի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը: