«Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կանադայից և Ամերիկայից ժամանած սփյուռքահայ բժիշկների հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպեց ամառային դպրոց՝ նվիրված կաթվածների կանխարգելման, բուժման ժամանակակից մեթոդներին: «Էրեբունի»-ում այսուհետ կգործի կաթվածների կանխարգելման կենտրոն, որը նոր դեղամիջոցի շնորհիվ արդյունավետորեն կկանխարգելի կաթվածը, եթե հիվանդը հասցնի դիմել նախանշանները զգալուց հետո՝ երկու ժամվա ընթացքում:
Կանադահայ բժիշկ Միքայել Սկոնը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չորրորդ անգամ է Հայաստանում և իր առջև նպատակ է դրել մեր երկրում զարգացնել կաթվածի բուժումը: «Ես, իմ սփյուռքահայ գործընկերները և Հայաստանում գործող բժիշկները մեկ թիմ ենք, որը պայքարում է կաթվածի դեմ: Պետք է մարդկանց իրազեկել, որ կաթվածից կարելի է խուսափել, եթե արագ բժշկի դիմեն»,- իր ոգևորությամբ և անհանգստություններով կիսվեց սփյուռքահայ բժիշկը:
Նրա խոսքով՝ «Ալտեպլազ» կոչվող դեղը, որով նորաբաց կենտրոնում կանխարգելվելու է ինսուլտը, դեռևս չի կարելի անվանել մատչելի, բայց մեծ է հույսը, որ ապագայում այն անգամ անվճար կդառնա: Բժիշկը խոսեց նաև այն նախանշաններից, որոնց առկայության դեպքում և ամենաուշը երկու ժամվա ընթացքում պետք է դիմել «Սթրոք» կենտրոն ու կանխել կաթվածը. Այդ նախանշաններն են՝ խոսելու, շարժվելու դժվարություններ, թմրություն մարմնի աջ կամ ձախ կողմում...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ նոր կենտրոնը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ինսուլտներից հաշմանդամության և մահացությունների թիվը: Հայաստանում կաթվածը կանխարգելել հնարավոր կլինի այնպես, ինչպես ամենաժամանակակից երկրներում: Նրա խոսքով՝ արդեն իսկ վերապատրաստվել է համապատասխան թիմ, որը տիրապետում է բոլոր հմտություններին: «Այսօր մենք ունենք ինսուլտների արդիական բուժման խնդիր: Մենք դեռևս բուժում ենք հետևանքները, այսինքն՝ արդեն կայացած ինսուլտը: Սակայն կենտրոնի ստեղծման իմաստը կարողանալ կաթվածը կանխարգելելն է: «Սթրոք» կենտրոնը ստեղծելը բավականին դժվար էր, երկար ճանապարհ ենք անցել»,- լրագրողներին ներկայացրեց Միքայել Մանուկյանը:
Ամառային դպրոցին մասնակցող բժիշկները ևս կարևորեցին նման հանդիպումների անցկացումը: «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի տնօրեն Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում միտում կա կանխելու այն նյարդաբանական դեֆիցիտը, որն առաջանում է ինսուլտի ժամանակ, այլապես շատ բարձր է հաշմանդամության ռիսկը: «Ինսուլտային դաշտն առհասարակ ակտուալ է: Բոլորը գիտեն, որ բարձր է ինսուլտներից թե՛ հաշմանդամության, թե՛ մահացության տոկոսը: Այս ամառային դպրոցը շատ եմ կարևորում: Այսօր իսկապես գործնական քայլեր են ձեռնարկվում թե՛ ախտորոշման, թե՛ բուժման նոր մեթոդների զարգացման ուղղություններով»,- նկատեց նա: