Loading

Նշվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի հոբելյանը

19.11.2013

Նշվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի հոբելյանը

Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մասնակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառմանը: Ողջույնի խոսքում Դերենիկ Դումանյանը նշել է. «Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը մեր անկախ հանրապետության հասակակիցն է, այն իր գործունեությամբ հզոր տարածաշրջանային նշանակություն ունի: Պատահական չէ, որ բաժանմունքը հանդիսանում է նաեւ ուսումնական բազա Երեւանի պետական բժշկական համալսարանի համար, այն հանդիսանում է բուհի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի մասնաճյուղ, ուր իրենց կլինիկական գիտելիքներն են ստանում համալսարանի ուսանողները, հետդիպլոմային ուսուցումն են անցնում օտոլարինգոլոգիայի ամբիոնի ասպիրանտները»:Նշենք, որ բաժանմունքը ստեղծվել է 1992 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, UMAF-Paris, SOS-Armenia կազմակերպությունների աջակցությամբ: Բաժանմունքի գիտագործնական աշխատանքները կատարվում են Փարիզի Տրուսո հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի աջակցությամբ, ի դեմս պրոֆեսոր Եղյա-Նոել Կարապետյանի, ինչը մեծապես նպաստում է բաժնի առաջընթացին:«Կարծում եմ, այս հաջողությունները, ավելի քան լավ արդյուքն են պրոֆեսոր Քուշկյանի աշխատանքի, ով իր զավակի նման փայփայում է այս կենտրոնը եւ այս բաժանմունքը»,- հավելել է նախարարը:Հայաստանում արդիական խնդիր է ծանր լսողությամբ տառապող հիվանդների լսողության վերականգնումը: Հենց այդ պատճառով էլ նշված բաժանմունքի հիման վրա ստեղծվել է կոխլեար իմպլանտացիայի հանրապետական կենտրոն, որտեղ վերջին տարիներին իրականացվել է մոտ 60 վիրահատություն:«Բաժանմունքը ստեղծվեց Հայաստանի համար դժվարին տարիներին եւ դարձավ ուղեցույց բոլորի համար», - ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը: Նրա խոսքով` բաժանմունքն ունի հաստատուն եւ լայն միջազգային կապեր Փարիզի Տրուսո եւ Մարսելի Թիմոն հիվանդանոցների, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ռուսաստանի առաջատար կենտրոնների հետ:Միջոցառման ընթացքում նախարար Դումանյանը Ամերիկյան միջազգային բժշկական ֆոնդի նախագահ, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալպի Ագարակյանին, պրոֆեսոր Ակիրա Իշիյամային, բժշկության դոկտոր Գեորգի Թաշյանին Հայաստանի Հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ժամանակակից մեթոդների ներդրման մեջ ունեցած զգալի ծառայությունների համար պարգեւատրել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR