Loading

Ողնաշարի բարդ վիրահատություն

23.11.2014

Ողնաշարի բարդ վիրահատություն

Բեխտերևի հիվանդությունը հիմնականում ողնաշարն ախտահարող աուտոիմուն-բորբոքային հիվանդություն է: Աստիճանաբար զարգանալով՝ տարների ընթացքում այն հանգեցնում է ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածներում բոլոր ողերի ամբողջական սերտաճման՝ ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների առաջադիր թեքումով:

Արդյունքում՝ հիվանդները ստիպված են առաջ թեքված քայլել: Գլխի այսպիսի դիրքը հանգեցնում է առջևը տեսնելու դժվարացումների: Հիվանդներն անկողնում կարող են քնել միայն նստած դիրքով կամ՝ կողքի վրա պառկած: Դրա հետ մեկտեղ հաճախ կոնքազդրային հոդերը նույնպես ախտահարվում են, ինչը հանգեցնում է հոդերի հոդային մակերևույթների սերտաճման: Այս պարագայում, առաջին հերթին անհրաժեշտ է վիրահատել հոդերը ՝տեղադրելով էնդոպրոթեզներ: Հիվանդությունն առավելապես հանդիպում է 20-40 տարեկան հասակի տղամարդկանց մոտ: Կանանց մոտ Բեխտերևի հիվանդության հետևանքով ողնաշարի ձևախախտումներն առավել քիչ են հանդիպում:

2014 թվականի նոյեմբերի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, բ. գ. դ., պրոֆեսոր Մ.Ա. Եղունյանի և նույն կենտրոնի ողնաշարային ախտաբանության ծառայության ղեկավար Կ.Գ. Մոմջյանի ղեկավարությամբ իրականացվել է 1976թ. ծնված հիվանդ Մ.Ա.՝ Բեխտերևի հիվանդության արդյունքում առաջացած ողնաշարի ձևախախման վիրաբուժական ուղղման հաջող վիրահատությունը` IV գոտկային ողի պեդիկուլյար սուբտրակցիոնային օստեոտոմիա նյարդադիտարկումային վերահսկման տակ: Վերջինս վիրահատության ամբողջ ընթացքում ապահովում է ողնուղեղի մշտական հսկողությունը՝ այդպիսով նվազեցնելով ողնուղեղի վնասման հավանականությունը հատկապես ձևախախտման ուղղման պահին:

Բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս վիրաբուժական միջամտությամբ ուղղել ողնաշարի ձևախախտումները: Երկու տեսակի վիրահատական միջամտություն է իրականացվում. 1. Ողերի հետին տարրերի ոսկրահատում ըստ Սմիթ-Պետերսոնի և 2. ողնաշարի պեդիկուլյար սուբտրակցիոն ոսկրահատում: Առաջին վիրահատությունն առավել կիրառելի է թույլ արտահայտված ձևախախտումների ժամանակ, իսկ երկրորդ վիրահատության իմաստը գոտկային II, III կամ IV ողերի առաջային և հետին տարրերի սեպաձև հեռացումն է՝ ողնաշարի ձևախախտուման շարժունացմամբ, տրանսպեդիկուլյար իմպլանտների տեղադրմամբ, որոնց օգնությամբ իրականացվում է մոբիլիզացված ձևախախտումների ուղղումը և գոտկային լորդոզի ստեղծումը: Սա թույլ է տալիս հասնել պացիենտի մարմնի ուղղաձիգ դիրքին: Վիրահատությունից հետո հիվանդները կարող են ոտքի կանգնել 2-7 օրերի ընթացքում և կարիք չունեն արտաքին կորսետների:

Այս տեսակի վիրահատությունները ողնաշարի վրա իրականացվող վիրահատություններից բարդագույններից են համարվում: Հայաստանում նման վիրահատություն իրականացվում է երկրորդ անգամ: Առաջինը մեկ տարի առաջ ևս իրականացվել է մեր հիվանդանոցում:

+374 10 47 11 00
QR
Price list QR