Loading

Գլխուղեղի կաթվածի կանխարգելման և գլխուղեղային արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բուժման համար Հայաստանում առաջին անգամ գլխուղեղը սնուցող 4-ից 3 անոթների միաժամանակյա վիրահատություններ են իրականացվել

10.02.2015

Գլխուղեղի կաթվածի կանխարգելման և գլխուղեղային արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բուժման համար Հայաստանում առաջին անգամ գլխուղեղը սնուցող 4-ից 3 անոթների միաժամանակյա վիրահատություններ են իրականացվել

Հունվարին երեք պացիենտներ (2 կին, 1 տղամարդ) «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտի և պարանոցի անոթների վիրաբուժության բաժանմունք դիմեցին հետևյալ արտահայտված գանգատներով. գլխապտույտ, երերուն քայլվածք, շարժումների կոորդինացիայի խանգարումներ, գիտակցության բազմակի կորուստներ, սրտխառնոց և փսխում: Դուպլեքս սքանավորման և ՀՏ-անգիոգրաֆիայի տվյալների համաձայն բացահայտվեցին. դեպի գլխուղեղ արյան հոսքի խանգարումներ, ստենոզներ և ախտաբանական դեֆորմացիաներ՝ ինչպես քնզարկերակների, այնպես էլ ողնաշարային զարկերակների, իսկ անամնեզում՝ գլխուղեղի կաթվածի առկայություն: Պացիենտների վիճակի առավելագույն բարելավման (գլխապտույտները նվազագույնի հասցնելու, շարժումների կոորդինացիայի լավացման և այլնի), ինչպես նաև ուղեղային արյան շրջանառության խանգարումների կանխարգելման համար տվյալ դեպքերում ծառայության ղեկավար բ.գ.դ. Մ.Պ. Շատախյանի կողմից միաժամանակյա վիրահատություններ իրականացնելու որոշում է կայացվել՝ գլխուղեղը սնուցող երեք անոթների ներգրավմամբ: Վիրաբուժական թիմի (վիրաբույժներ՝ Մ.Պ. Շատախյան, Ա.Ա. Հայրապետյան, Ա.Ա. Մարգարյան, Ա.Ն. Ալեքսանյան, անէսթեզիոլոգ՝ Ա.Ռ. Մուրադյան) կողմից կատարվեց քնզարկերակների ստենոզների և ախտաբանական դեֆորմացիաների էնդարտերէկտոմիա և ռեզեկացիա, միաժամանակ՝ հակառակ կողմի ողնաշարային զարկերակների ախտաբանական դեֆորմացիաների ռեզեկցիա և ողնաշարաքնզարկերակային անաստոմոզների ստեղծում:

Հետվիրահատական շրջանը հարթ է անցել, առանց բարդացումների, երեք պացիենտերը վիրահատության 2 և 3 օրերին դուրս են գրվել՝ առանց ուղեղային արյան շրջանառության խանգարումների ախտանիշների: Արձանագրվել է գլխապտույտի լիարժեք բացակայություն կամ՝ նվազագույն առկայություն, կայուն քայլվածք, հստակ շարժումներ: Վերահսկողության նպատակով՝ իրականացված դուպլեքսային հետազոտության տվյալների համաձայն, արյան հոսքը բոլոր վիրահատված անոթներում նորմայի սահմաններում էր:

Գլխուղեղը սնուցող անոթների նմանատիպ ծավալուն վիրահատությունները՝ վերակառուցման բարդությունների հետ կապված, մասնագիտացված սրտանոթային կենտրոններում են իրականացվում, և վստահորեն կարելի է ասել, որ դրանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտի և պարանոցի անոթների վիրաբուժության ծառայության մեջ ամուր հաստատված են:

Մեր կլինիկայում այսօր իրականացվում է գլխուղեղի կաթվածի կանխարգելմանն ու քրոնիկ ուղեղային անբավարարության ախտանիշների բուժմանն ուղղված վիրահատական միջամտությունների ամբողջ տիրույթը:

+374 10 47 11 00
QR
Price list QR