Ոսկրերի ախտահարումը չարորակ, հաճախ նաև բարորակ ուռուցքներով, մինչև վերջին ժամանակներս բերում էր հաշմանդամության, հիվանդին զրկում առօրյա աշխատանքից և իջեցնում կյանքի որակը: Ոսկրային համակարգի ախտահարումով օնկոլոգիական հիվանդների բուժման համալիր մոտեցման մշակումը ժամանակակից բժշկության մարդասիրական խնդիրներից մեկն է:
Շնորհիվ ժամանակակից կոնստրուկցիաների, անհատական էնդոպրոթեզների և բարձր արդյունավետությամբ քիմիոպրեպարատների՝ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում լայնորեն կիրառվում են օրգան-պահպանողական վիրահատությունները: Ճիշտ կատարված օրգան-պահպանողական վիրահատությունի իր արմատականությամբ չի զիջում արատ հարուցող վիրահատությանը:
Նկ. 1 ազդրոսկրի դիաֆիզի ախտաբանական կոտրվածք
|
Ոսկրային համակարգի մետաստատիկ ախտահարումները և լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունները հաճախ բարդանում են ախտաբանական կոտրվածքներով: Այս դեպքում վիրահատության նպատակը հիվանդի վաղ ակտիվացումն է՝ ինչը բերում է հիպոստատաիկ բարդությունների կանխարգելմանը և, դրանով իսկ, հիվանդի ու հարազատների կյանքի որակի բարձրացմանը: Վիրահատական միջամտությունն այս դեպքում հանդիսանում է համալիր բուժման մեկ էտապ: Ցանկացած ուռուցք ունի իր բուժման սխեման՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան: Սակայն երկար խողովակավոր ոսկրերի ախտաբանական կոտրվածքների ժամանակ առաջին պլան է մղվում վիրահատական միջամտությունն՝ ուղղված համակացված քիմիաճառագայթային բուժման պայմանների ստեղծմանը:
Սույն կլինիկական դեպքը հետաքրքիր է իր հազվադեպությամբ: B լիմֆոման սովորաբար ախտահարում է երկար խողովակավոր ոսկրերի մետաէպիֆիզար հատվածները և խնդիրը ախտաբանական կոտրվածքներին չի հասնում: Ստորև կլինիկական դեպքի նկարագրությունն է:
Հիվանդ Ռ., 59 տարեկան, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն Ուռուցքաբանության ազգային կենտրոնից՝ ազդրոսկրի դիաֆիզի ախտաբանական կոտրվածք ախտորոշմամբ: Համակցված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ազդրի միջին երրորդականի Բ բջջային լիմֆոմա՝ բարդացած ոսկրի դիաֆիզի ախտաբանական կոտրվածքով (նկար 1):
Նկ.2 մակրոպրեպարատ Նկ. 3 դիաֆիզար էնդոպրոթեզավորում
Համակարգչային տոմոգրաֆիայի տվյալներով՝ կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի խոռոչների օրգանների կողմից ախտաբանական կամ օջախային փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ձախ զստային փոսում հայտնաբերվել է լիմֆատիկ հանագույցների կոնգլոմերատ: Հաշվի առնելով ախտաբանական կոտրվածքի առկայությունը՝ առաջնային պլան մղվեց վիրահատական միջամտությունը: Մեր կողմից որոշվեց կատարել օրգան-պահպանողական վիրահատություն. ազդրոսկրի սեգմենտար ռեզեկցիա՝ անհատական դիաֆիզար էնդոպրոթեզի տեղադրումով (մետաղական ձող և օղեր) և ցեմենտային ֆիքսացիա:
Նկ.4 հետվիրահատական ռենտգենոգրամմա
|
30.01.2015թ. առաջատար բժիշկ-օրթոպեդների՝ Ս. Մարգարյանի, Գ. Բդոյանի, Հ. Գյուլզադյանի կողմից, համակցված անզգայացման պայմաններում, հիվանդի դիրքը՝ աջ կողքի վրա, ձախ ազդրի կողմնային մակերեսով, կատարվեց մոտ 25 սմ երկարությամբ մաշկի կտրվածք: Ուռուցքից պրոքսիմալ և դիստալ ուղությամբ ազդրոսկրը մերկացվեց և ռեզեկցվեց առողջ հյուսվածքների սահմաններում: Ուռուցքը հեռացվեց ռադիկալիզմի օրենքների պահպանմամբ, որի հետևանքով այդ հատվածում հեռացվեց քառագլուխ մկանն ամբողջությամբ: Ինտրաօպերացիոն հայտնաբերվեց նյարդաանոթային խրձի ինտիմ տեղակայումը՝ ուռուցքի ստորին բևեռի մոտ, 4 սմ երկարությամբ: Արդյունքում հաջողվեց ազդրային զարկերակը մոբիլիզացնել՝ առանց ուռուցքի ամբողջականության խախտման: Ազդոսկրի դիաֆիզը ռեզեկցվեց՝ 15 սմ երկարությամբ (նկար 2):
Մանրակրկիտ հեմոստազից հետո որոշվեց ոսկրային դեֆեկտի չափը, մշակվեցին ազդրոսկրի խողովակը դիստալ ու պրոքսիմալ հատվածներում և կատարվեց ազդոսկրի անատական դիաֆիզար էնդոպրոթեզավորում՝ էտապային եղանակով, ցեմենտային ֆիքսացիայով (նկար 3):
Արյան կորուստը կազմեց 1,5-1,7 լիտր, որը համապատասխանում է վիրահատության ծավալին: Փափուկ հյուսվածքները վերականգնվեցին շերտ առ շերտ` ենթափակեղային տարածությունում թողնվեց երկու դրենաժային խողովակ: Հետվիրահատական շրջանn ընթացել է հարթ, ռենտգեն հետազոտությամբ՝ էնդոպրոթեզի դիրք, բավարար (նկար )/:
Հիվանդը քայլել է հետվիրահատական շրջանի վեցերորդ օրը` հենակների օգնությամբ, վիրահատված վերջույթի վրա չափավոր ծանրաբեռնելով: Վերքը լավացավ առաջնային ձգումով: Պրեպարատը ենթարկվեց իմունահիստոքիմիական հետազոտության՝ (նկար 5):
Նկ.5 հյուսվածաբանական պատկեր / դիֆուզ Բ լիմֆոմա/
Հիվանդն ուղարկվել է մասնագիտական բաժանմունք՝ հետագա քիմիաճառագայթային բուժում ստանալու: