Loading

«Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական». «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան, քնաբան Սամսոն Խաչատրյան

13.03.2015

«Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական». «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան, քնաբան Սամսոն Խաչատրյան

Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի կողմից 2015 թվականի մարտի 13-ը նշվում է որպես Քնի համաշխարհային օր (World Sleep Day): Օրվա նպատակն է բարձրաձայնել քնի հետ կապված խնդիրների մասին՝ հրավիրելով հասարակության և մասնագետների ուշադրությունը քնի կարևորության վրա: Յուրաքանչյուր տարի ընտրվում է կարգախոս, որի շուրջ էլ կառուցվում են հիմնական ակտիվությունները: Այս տարվա կարգախոսն է՝ «Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական»:

Քնի խնդիրների մասին զրուցեցինք Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան, քնաբան Սամսոն Խաչատրյանի հետ:Խոսենք քնի հիմնական խանգարումների մասին: Ի՞նչ նոր խնդիրներ եք նկատում:

– Քնի համաշխարհային օրը, որին յուրաքանչյուր տարի մենք անդրադառնում ենք տարբեր միջոցառումներով, սկսել է նշվել 2008 թվականից՝ մարտ ամսի երկրորդ ուրբաթ օրը:

Քնաբանությունը բավականին բազմազան ոլորտ է և գործ ունի տարաբնույթ պաթոլոգիաների հետ: Նման օր նշելու հիմնական նպատակը թե՛ մասնագետներին և թե՛ պացիենտներին կոչ անելն է ավելի մեծ ուշադրություն դարձնել խնդրին: Ում էլ հարցնենք, կասի՝ քունը շատ կարևոր է, այո, բայց երբ հերթը հասնում է խնդիրների մասին իմացությանը և մասնագետներին դիմելիությանը, գոհացնող չեն տվյալները: Քնի հարցերը կարգավորելը չկա մեր մշակույթում:

Կա մի ամբողջ ուղղություն՝ քնի հիգիենա, որը Հայաստանում շատ անտեսված խնդիր է: Քնի խանգարումներն իրականում բավական տարածված են մեզ մոտ և բազմազան: Դրանցից մեկը անքնությունն է՝ ինսոմնիան: Նրանով տառապում է բնակչության 10-15 տոկոսը: Քրոնիկ անքնությունը թե՛ առողջական և թե՛ սոցիալական բավականին լուրջ խնդիր է:

Բացի անքնությունից, մարդիկ շատ են գանգատվում նաև քնկոտությունից, հատկապես ինչին այս տարի ուշադրություն ենք դարձնում: Այս տարի Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի թիրախային թեման ցերեկային արտահայտված քնկոտությունն է: – Առողջական խնդիրների դեպքում մարդը սովորաբար զգում է տհաճություն: Քնկոտության դեպքում կա հաճույքի գործոն հատկապես քնել սիրողների պարագայում: Արդյո՞ք դա էլ է խանգարում պայքարին: Երբեմն այնքան են մոտենում, օրինակ, ծուլությունն ու քնկոտությունը, որ դժվար է առանձնացնել՝ դա մարդու բնավորությունն է, թե քնի խանգարում:

– Իրականում, այո, հարակից խնդիրներ եք ներկայացնում, բայց հաշվի առնենք, որ քնկոտությունը առավոտյան ուշ արթնանալ սիրելը չէ: Այս դեպքում քնի ժամերի, ռիթմի շեղման հարցն է, որը ևս խանգարում է համարվում: Իսկական քնկոտությունն այն է, երբ մարդը բավարար քնում է՝ յոթ-ութ ժամ, բայց ցերեկային ժամերին լինում է քնելու անդիմադրելի ցանկություն: Սա նաև սոցիալական խնդիր է, քանի որ կարող է ո՛չ միայն քնի բազմապիսի խանգարումների հետևանք լինել, այլև պատճառ դառնալ, օրինակ, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման:

Այս տարվա կարգախոսն է՝ «Որակյալ քունը՝ առողջության և երջանկության գրավական». ի՞նչ ասել է «որակյալ քուն», ի՞նչ պայմաններ է պետք քնի որակը բարձրացնելու համար:

– Քնի հիգիենան հենց այն մոտեցումների համալիրն է, որն օգնում է առօրյայում խուսափել քնի խանգարումների ռիսկից: Կան մի քանի ոսկե կանոններ: Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիան հավաքել է, այսպես կոչված, տասը կանոններ, թե ինչ անել հանգիստ լինելու համար, որի պարագայում քունը չի խախտվի: Շատ կարևոր է, օրինակ, պահպանել քնի նորմալ ռեժիմը և ամեն պատեհ-անպատեհ առիթով չխախտել այն: Խուսափենք ակտիվացնող միջոցներից, օրինակ՝ կոֆեինից, որը պարունակվում է ո՛չ միայն սուրճի մեջ, այլև, օրինակ, թեյի, այլ ըմպելիքների ևս, խմորեղենի, շոկոլադի... Եթե այդ խթանիչից խուսափենք հատկապես երեկոյան ժամերին, խնդիրների հավանականությունը փոքրանում է: Նույնը վերաբերում է նիկոտինին: Ալկոհոլը ևս պետք չէ չարաշահել:

Քնի խանգարումներն ունեն նաև հոգեբանական կողմ: Օրինակ՝ մարդն ունի սթրեսներ, տագնապներ: Ներառո՞ւմ եք նաև հոգեբանների աշխատանք:

– Միանշանակ: Հատկապես անքնության դեպքում հոգեբանական մասը շատ մեծ է: Բուժումը ո՛չ միայն դեղորայքային է, այլև կիրառվում են հոգեբանական տարբեր տեխնիկաներ: Երբ կոմբինացնում ենք այս երկու բաղադրիչները, միանշանակ, ավելի արդյունավետ աշխատանք է ստացվում: Պատահական չէ, որ կարգախոսում նշվում է «առողջության և երջանկության գրավական». անքնության բացակայությունը նպաստում է երջանիկ լինելուն:

Ստացվում է՝ որակյալ արթուն վիճակը բերում է լավ քնի, և, հակառակը, լավ քունը՝ որակյալ արթուն վիճակի:

– Այո, դա երկկողմանի կապ է, և նման է հավի ու ձվի հայտնի պատմությանը:

Կա՞ն նշաններ, որոնց առկայությամբ մարդը կարող է ասել՝ իր քունը որակյալ է: Օրինակ՝ երազ է տեսնում կամ չի տեսնում, քնում ու արթնանում է, և այդ ընթացքը չի հիշում...

– Կարևոր ցուցիչ են մարդու զգացողություններն արթնանալիս. բավարարված է արդյոք իր քնից, թե՝ ոչ: Դա ներառում է և՛ ֆիզիկական ինքնազգացողությունը, և՛ հոգեբանական զգացողությունները: Պատահում է, որ կարծես թե նորմալ ես քնել, բայց արթնանում ես հոգնած-ջարդված, ասես ծանր գործ արած լինես: Հետազոտությունները կարող են ցույց տալ, որ կա, օրինակ, քնի շնչառական խնդիր:

Դուք շատ հետաքրքիր մասնագիտություն ունեք՝ քնաբան. հետաքրքիր է, թե ինչպիսին է քնաբանի քունը:

– Շատ կարևոր հարց եք տալիս: Հաճախ լինում է, որ մենք խոսում ենք ուրիշների խնդիրներից, բայց սեփականը մոռանում ենք: Ուշադրությունը սևեռել սեփական խնդրին երբեմն այնքան էլ չի ստացվում: Միանշանակ, ձգտումը կա, և, գոնե մասամբ, դա իրականացվում է: Ես միշտ հիշեցնում եմ, որ մեր կյանքի մեկ երրորդը, որը քնած ենք անցկացնում, շատերին թվում է, թե ժամանակի անիմաստ ծախս է. իրականում շատ իմաստալից է: Ավելի լավ է այդ մեկ երրորդը լավ քնել և հաջորդ երկու երրորդը արդյունավետ օգտագործել:

Հանդիպում են առասպելական պատմություններ մարդկանց մասին, որոնք չեն քնել ու գիշեր-ցերեկ աշխատել-արարել են, օրինակ՝ Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին: Հնարավո՞ր է նման բան:

– Պետք չէ գնալ նման օրինակների հետևից... Նախ՝ ոչ-ոք չի ասում, թե նրանք անքնություն չեն ունեցել, երկրորդն էլ՝ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս ուղիղ կապը ուղեղի արդյունավետ աշխատանքի և քնի որակի միջև:

Այդ պարագայում նման խոսակցություններն այնքան էլ լուրջ չեն թվում: Պետք չէ հետևել հազարից մեկին և ունենալ առողջական խնդիրներ:

+374 10 47 11 00
QR
Price list QR