Աշխարհի առաջատար նյարդաբանները Երևանում են՝ միասին քննարկելու գլխուղեղի կաթվածի կանխարգելմանն ու բուժմանը նվիրված հիմնահարցերը:
Արդեն երրորդ անգամ է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնը, ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոնը, Կաթվածի հայկական խորհուրդը կազմակերպում են Կաթվածի գարնանային դպրոց: Այս անգամ այն անցկացվում է Կաթվածի եվրոպական կազմակերպության աջակցությամբ:
Երկօրյա գիտաժողովին մասնակցում են ՌԴ-ից, Վրաստանից, Եվրոպայից, Իսրայելից, Կանադայից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից ժամանած հայտնի մասնագետներ:
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանալ նաև աշխարահռչակ հայազգի նյարդաբաններ, որոնք կանգնած են Հայաստանում սուր կաթվածի բուժման պետական ծրագրի ստեղծման ակունքներում: Աշխարահռչակ հայազգի նյարդաբան, Ալբերտայի համալսարանի դոցենտ Միքայել Սկոնը, ամփոփելով ծրագրի արդյունքը, վստահ է՝ Հայաստանում կաթվածի բուժման ցուցանիշները համեմատելի են եվրոպական երկրների հետ:
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի տարբեր բուժհաստատությունների նյարդաբաններ, նեյրովիրաբույժներ, ռադիոլոգներ, թերապևտներ և ռեաբիլիտոլոգներ։ Արտասահմանցի բժիշկները նրանց են ներկայացնում կաթվածի ախտորոշման և բուժման արդիական խնդիրները, առաջատար երկրների նորագույն մոտեցումները:
Արտասահմանցի գործընկերների հետ համագործակցության արդյունքում արդեն իսկ ուրվագծվում են առաջիկա կարևորագույն ծրագրերը: Շուտով միջազգային փորձի արդյունքում մեր երկիրը ևս կունենա հիվանդների բազա՝ նոր հնարավորություններ տալով մասնագետներին:
Կրթական նպատակ ունեցող նման գիտաժողովներից բացի արդեն իսկ իրականություն է նաև կաթվածի բուժմամբ զբաղվող նեղ-մասնագետների պատրաստումը հենց մեր երկրում:
Հաջորդ կարևորագույն քայլը ծրագրի աշխարագրության մեծացումն է: 2019 թվականից մեկնարկած ծրագրի առաջամարտիկը դարձավ «Էրեբունի» բժշկական կենտրոնը՝ իր վրա վերցնելով կաթվածով հիվանդների բուժման առյուծի բաժինը: Այժմ ծրագիրn ընդլայնվում է, մարզային մեկ՝ Գյումրիի բժշկական կենտրոնին կհաջորդեն երկրի հարավում և հյուսիսում ստեղծվող կաթվածի կենտրոնները: