Էմպիեման թարախի կուտակումն է մարմնի բնական խոռոչներում կամ խոռոչային օրգանների փակ տարածություններում: Անհրաժեշտ է էմպիեման տարբերել թարախակույտից /աբսցես/, որը տեղակայված է հյուսվածքի հաստության մեջ և սահմանափակված է թարախածին թաղանթով: Էմպիեմայի դեպքում թարախակալված խոռոչը սահմանափակված է լորձային, սերոզ կամ ծոցային թաղանթով:
Երկարատև և ծանր բորբոքային պրոցեսի դեպքում լորձային (սերոզ, ծոցային) թաղանթը, որը երեսպատում է օրգանը կամ խոռոչը, մասամբ կամ ամբողջությամբ քայքայվում է: Բորբոքային պրոցեսում ներառվում են շրջակա հյուսվածքները, որոնք կազմափոխվում են և փոխարինվում հատիկավորված հյուսվածքով: Կլինիկական պատկերն արտահայտվում է բորբոքային պրոցեսի տեղակայությամբ, նրա տեղային արտահայտությամբ և ընդհանուր թարախային ինտոքսիկացիայով: Ախտորոշումը հիմնվում է կլինիկական և հետազոտության հատուկ մեթոդների տվյալների վրա:
Հիվանդ Պ. Վ.-ն՝ ծնված 1979թ., 12.02.16թ. ընդունվել է §Էրեբունի¦ ԲԿ ծանր վիճակում՝ առանց գիտակցության, ցնցումներով, քթից թարախային արտադրությամբ: Հիվանդի ջերմությունը մոտ 38,5-39,0C էր:
Մինչև Էրեբունի ԲԿ ընդունվելը 10 օրվա ընթացքում նկատվել են գլխացավեր, որով պայմանավորված՝ նա դիմել է բժշկի: Ախտորոշվել էր ֆրոնտիտ, և հիվանդը ստացել էր համապատասխան բուժում, որը, պարզվեց, անարդյունավետ էր: Հիվանդի վիճակը վատանում էր, և հարազատների ուղեկցությամբ նա դիմեց Էրեբունի ԲԿ, որտեղ դրվեց նախնական կլինիկական ախտորոշում՝ էպիդուրալ հեմատոմա, (թարախակույտ?, ֆրոնտիտ:
Անցկացված կլինիկա-լաբորատոր հետազոտություններից հետո օբյեկտիվ տվյալների հիման վրա ախտորոշվեց գլխի ձախ գագաթաքունքային շրջանի սուբդուրալ էմպիեմա, սուր թարախային ֆրոնտիտ, ձախ ճակատային խոռոչի մուկոպիոցելե, քթի միջնապատի ծռում:
Նշված ախտաբանական խանգարումները հիմք են դարձել, ըստ կենսական ցուցումների, շտապ վիրահատական միջամտություն անցկացնելու համար:
Նույն օրը՝ 12.02.16թ., հիվանդը ԼՕՌ-բժիշկների և նյարդավիրաբույժների խմբի, ԼՕՌ-բաժանմունքի վարիչ, պրոֆ. Ա. Կ. Շուքուրյանի ղեկավարությամբ և նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վ. Գ. Համբարձումյանի կողմից ընդհանուր անզգայացմամբ վիրահատվեց. ֆրեզով բացված խոռոչի միջով հեռացվեց ձախ գագաթաքունքային շրջանի սուբդուրալ էմպիեման:
Հետվիրահատական շրջանը սահուն ընթացավ: Երրորդ օրը անցկացվեց ստուգիչ ՀՇ հետազոտություն. դիտարկվեց դրական զարգացում, որից հետո սիլիկոնային խողովակներից մեկը հեռացվեց: Սուբդուրալ տարածության մեջ թողած խողովակից արտահոսում էր լիկվոր: Այն (սիլիկոնային երկրորդ խողովակը նշված տարածությունից), ինչպես նաև դրենաժե խողովակները հեռացվեցին հաջորդ օրը: Դեպի քթի խոռոչ գնացող ֆրոնտալ և ճակատային խոռոչներից ևս հեռացվեցին դրենաժե խողովակները:
5-6-րդ օրերին հիվանդի գիտակցությունը վերականգնվեց: Ընդունվելու պահին առկա ջերմությունը հետվիրահատական շրջանում սկսեց իջնել: Հիվանդը շարունակում է բուժվել նյարդավիրաբուժության բաժանմունքում:
Կարևոր է արձանագրել այն փաստը, որ թարախային ֆրոնտիտ հայտնաբերելու դեպքում երբ նա ուղեկցվում է սուբդուրալ էմպիեմայով անհրաժեշտ է միաժամանակ հեռացնել ինչպես սուբդուրալ էմպիեման, այնպես էլ սկզբնաղբյուրը՝ թարախային ֆրոնտիտը՝ ախտադարձը բացառելու համար:
Դիոքսիդինով լվացման և համապատասխան հակաբակտերիալ բուժման փորձի օգտագործումը (հաշվի առնելով բակտերիային ցանքսի ցուցանիշները), որը կիրառվում է Էրեբունի ԲԿ-ի ինչպես նյարդավիրաբուժության, այնպես էլ ԼՕՌ-բաժանմունքներում էմպիեմաների վիրահատական միջամտության դեպքում ցույց է տալիս, որ տվյալ տեխնիկան առավելապես կիրառելի և անհրաժեշտ է, իսկ արդյունքը մեծ մասամբ նպաստում է հիվանդների առողջացմանը: