«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանում վիրահատություններ իրականացնել՝ եվրոպական բարձրագույն չափանիշներին համապատասխան:
Սարքավորումների հնարավորությունների մասին զրուցեցինք Ուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մանուկյանի հետ:– Սարքավորումներից մեկը հզորագույն հնարավորություններով լազեր է. ավելի մանրամասն կներկայացնե՞ք այն:
– «Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնցից մեկն, այո, նորագույն՝ 2013 թվականի արտադրության, ուրոլոգիական լազերն է (Mega Pulse,Richard Wolf), որը շատ լուրջ, հզոր սարք է, ավելի արդյունավետը Հայաստանում չկա: Առհասարակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քաղաքականությունն է՝ չգնել օգտագործված սարքավորումներ, քանի որ այն չի կարող նույնքան արդյունավետ լինել: Մենք փորձում ենք Հայաստանում ցույց տալ եվրոպական չափանիշներին համապատասխան բուժօգնություն, և այս լազերի ձեռք բերումն այդ առումով ևս մի քայլ առաջ է:
– Որո՞նք են ուրոլոգիական լազերի գլխավոր առավելությունները:
– Բավական մեծ հնարավորություններ ունի լազերը: Նրա աշխատանքն ապահովում է երկու հիմնական ուղղություն՝ հյուսվածք կտրել և քարը փոշիացնել: Այս երկու հնարավորությունները մեզ թույլ են տալիս լուծումներ տալ բազմաթիվ խնդիրների: Օրինակ՝ հնարավոր է փշրել ցանկացած չափի ու տեսակի քար, և հետաքրքիր է հատկապես այն, որ լազերը ոչ թե մասերի է բաժանում քարը, այլ պարզապես փոշիացնում է: Լազերի օգնությամբ շատ հեշտությամբ կտրում-ազատվում ենք ցանկացած նորագոյացությունից. անարյուն կտրում է հյուսվածքը: Սարքը թույլ է տալիս նաև կտրվածքից հետո շատ արդյունավետ կպցնել հյուսվածքները: Այն կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում՝ սկսած մաշկային հիվանդություններից մինչև քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ:
– Ըստ Ձեզ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում այս սարքի առկայությունը հիվանդների նոր հո՞սք կապահովի:
– Այս պահին բավական մեծ հոսք ունենք. ավելի շատ հիվանդներ ընդունելու խնդիր չկա: Մինչ այդ էլ բաժանմունքը հագեցած էր լավագույն սարքավորումներով, լազերային սարքով համալրելը թույլ կտա ավելի բարձրորակ բուժում իրականացնել: Օրինակ՝ եթե հիվանդը վիրահատությունից հետո հիվանդանոցում պետք է անցկացներ չորս օր, այսուհետ կանցկացնի ընդամենը մեկ օր, կնվազի վիրահատական տրավման, վիրահատությունից հետո ցավերն ավելի քիչ կլինեն կամ ընդհանրապես չեն լինի:
– Նորագույն սարքավորումների ձեռք բերումը փոփոխություններ կմտցնի՞ ծառայությունների գնացուցակում:
– Գրեթե չեն ազդել գնացուցակի վրա: Մեր ղեկավարի նպատակն է՝ հիվանդին ավելի որակյալ օգնություն ցույց տալու հնարավորություն ստեղծել:
– Կարծում եմ՝ նորագույն լազերը բարձրացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գրավչությունը ո՛չ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում:
– Չնայած Վրաստանում նույնպես զարգացած է ուրոլոգիան, սակայն շատ պացիենտներ կունենանք այնտեղից, քանի որ միշտ էլ դիմել են մեզ՝ հատկապես հայաբնակ շրջաններից:
– Որո՞նք են մյուս սարքավորումները:
– Լազերից բացի, ստացել ենք առ այսօր Հայաստանում գոյություն չունեցող ևս մի գործիք՝ փափուկ ուրեթերոռենոսկոպ (Cobra, Richard Wolf), որը թույլ է տալիս հետազոտել միզուղիների ցանկացած հատված: Նախկինում միայն երազել կարելի էր նման գործիքի մասին: Այս գործիքի օգնությամբ առանց կտրվածքի կարելի է հետազոտել և բուժել միզուղիների ցանկացած տեղակայման քարեր և գոյացություններ:
Ստացել ենք նաև 2013 թվականի նորամուծություններից ևս մեկ սարքավորում՝ լապարոսկոպ: Կարող եմ ասել՝ այժմ մեր վիրահատարանում կա այն ամենը, ինչ կարելի է տեսնել եվրոպական կլինիկաներում: Այդ փաստն ուրախացնող է, քանի որ թույլ կտա ստանալ լավագույն բուժական արդյունք:
– Բոլոր սարքավորումներն արդեն փորձարկե՞լ եք:
– Այո, արդեն աշխատում ենք, և ունենք լավ արդյունքներով առաջին վիրահատվածները: Կիրառում ենք նույնիսկ այնպիսի դեպքերում, որ նախկինում չէինք էլ կարող պատկերացնել: Առջևում բազմաթիվ ծրագրեր կան դեռ: