Միասթենիաի և ուրցագեղձի ախտահարման միջև կապն ապացուցվել է դեռևս 20-րդ դարի սկզբին: Ուրցագեղձահատումը սովորական վիրահատություն է, որը մասնագետները խորհուրդ են տալիս կատարել չափավոր կամ արտահայտված միասթենիաի գեներալիզացված տեսակի դեպքում (miastenia gravis): Վիրահատությունը ցուցված է նաև ուրցագեղձի ուռուցքով (ուրցագեղձի բարորակ և չարորակ գոյացություններ) բոլոր հիվանդներին:
Կլինիկաների մեծ մասում ուրցագեղձահատում կատարելու համար կիրառում են տրանսստերնալ վիրահատական մուտք և նպատակ են դնում ամբողջությամբ հեռացնելու ուրցագեղձը՝ առջևի միջնորմի ճարպաբջջանքի հետ մեկտեղ:
12.01.16թ. Էրեբունի բժշկական կենտրոն ընդունվեց 1980թ. ծնված հիվանդ Ս. Դ.-ն ընդհանուր թուլության, խոսքախանգարման, կլման խանգարման, դեմքի մկանների թուլացման, երկտեսության /դիպլօպիա/ գանգատներով: Ս. Դ.-ն իրեն հիվանդ է համարում 2015թ. նոյեմբերից, երբ նկատել է խոսքի փոփոխություն, կլման խախտում, դեմքի մկանների թուլացում: Հիվանդության զարգացման ընթացքում հիվանդի վիճակը կտրուկ վատացավ. ավելացավ մկանային արտահայտված թուլությունը, ամբողջությամբ խանգարվեց կլման ակտը:
Կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտություն անցկացնելուց հետո ախտորոշվել է միասթենիաի գեներալիզացված տեսակ դեկոմպենսացիայի փուլում, ուրցագեղձի արտահայտված հիպերպլազիա:
Նյարդաբանական բաժանմունքում դեղորայքային համապատասխան բուժումից հետո հիվանդը գտնվում էր ենթակոմպենսացված վիճակում: Ապա հիվանդին առաջարկվեց վիրահատական բուժում՝ տոտալ ուրցագեղձահատում:
10.02.16թ. թոռակալ վիրաբույժների թիմը կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆ. Ա. Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ, կլինիկայի առաջատար վիրաբույժներ Գ. Բ. Մելիքյանի և Գ. Ս. Սողոմոնյանի մասնակցությամբ ընդհանուր անզգայացմամբ անցկացրին երկայնակի ստերնոտոմիա: Ռևիզիան ցույց տրվեց, որ ուրցագեղձը հիպերպլազիկ է, մեծացած է չափերով և երկկողմանի սերտաճած է թոքամզի մեդիաստինալ թերթիկներին: Սուր և բութ մեթոդներով ուրցագեղձը անջատվել է թոքամզի մեդիաստինալ թերթիկներից, պերիկարդից և առջևի միջնորմի անատոմիական կառուցվածքներից. ուրցագեղձի անոթներն կապելուց հետո կատարվեց տոտալ ուրցագեղձահատում:
Երկու կողմերից հեռացվել է նաև առջևի միջնորմի ճարպաբջջանքը մինչև ստոծանիական նյարդեր: Վիրահատությունն ավարտվել է առջևի միջնորմի և աջ պլևրալ խոռոչի դրենավորմամբ:
Հիվանդը էքստուբացիայի է ենթարկվել անմիջապես վիրահատական սեղանին և փոխադրվել է ՎԻԹԲ (վերակենդանացմանև ինտենսիվ թերապիայի բաժանմունք)՝բուժումըշարունակելուհամար:
Հետվիրահատական շրջանը սահուն է ընթացել: Հիվանդը ստացել է դեղորայքային համապատասխան բուժում և վիրաբուժական վերականգնումից հետո շարունակել բուժումը նյարդաբանական բաժանմունքում:
Հարկ է նշել, որ նման վիրահատություններ պետք է կատարել մասնագիտացած կլինիկաներում կամ բուժկենտրոններում որակավորված մասնագետների՝ նյարդաբանների, որոնք անմիջականորեն առնչվում են միասթենիաի գեներալիզացված տեսակին (miastenia gravis), թորակալ վիրաբույժների մասնակցությամբ: Հաճախ այդպիսի հիվանդները վիրահատությունից ահագին ժամանակ հետո ստանում են քիմիաթերապևտից բուժում կամ ճառագայթաբուժում: Ողջ այս համալիրն անհրաժեշտ է՝ ուրցագեղձի սպառնացող բարդություններից խուսափելու և նման ախտաբանությամբ հիվանդների բուժումն արդյունավետորեն ավարտելու համար: