Loading

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

14.02.2023

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը:

«Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ նախարարը շրջել է բաժանմունքի սրահներում, ծանոթացել աշխատանքային նոր պայմաններին, ծառայության հնարավորություններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը:

Հայաստանում նմանը չունեցող բաժանմունքի ստեղծումը հրամայական էր դարձել ինչպես հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված, այնպես էլ որակապես նոր, անհետաձգելի ծառայության ստեղծման առումով: Նոր ծառայության ստեղծման հիմքում դրված է բուժօգնությունը պացիենտին մոտեցնելու և հասանելի դարձնելու գաղափարը: Բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը Անահիտ Ավանեսյանին է ներկայացրել անհետաձգելի կարգով բժշկական կենտրոն դիմած հիվանդին ընդունելու նոր կարգը: Մասնավորապես, տեղեկացրել է, որ սրտամկանի ինֆարկտի, սուր իշեմիկ կաթվածի կասկածի կամ շտապ այլ դեպքերում կկիրառվեն հատուկ չափորոշիչներ՝ արագ, որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:

1-ին և 2-րդ սրահներում շրջելուց հետո նախարարը ծանոթացել է նաև բաժանմունքի ախտորոշիչ ծառայություններին: Ռադիոլոգիական կենտրոնի գիտական ղեկավար Կոստան Գալումյանը մանրամասնել է, որ ծրագրերը համապատասխանեցվել են շտապ դեպքերում ճշգրիտ ախտորոշման պահանջներին, որոնք առավել կարևոր են հատկապես սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագրով հիվանդների ախտորոշման համար:

Նախարարը տեղեկացվել է բաժանմունքում ներդրված մեկ նորամուծության մասին ևս. այսուհետ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում են հերթապահելու ոչ միայն բաժանմունքի բժիշկները, այլև նեղ մասնագետները և ռադիոլոգները, որոնց համար նախատեսված են աշխատանքային հարմարավետ պայմաններ:

Հանրապետությունում առաջինը ստեղծված անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի նման ձևաչափը կամբողջացնի «Էրեբունի» ԲԿ-ի մատուցած պրոֆեսիոնալ ծառայությունների շղթան՝ նախադեպ դառնալով այլ բուժհաստատությունների համար:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
+374 10 47 11 00
QR
Price list QR