Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է «Էրեբունի» ԲԿ: Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարներին ընդունել է «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը: Հյուրերը շրջել են բժշկական կենտրոնում, ծանոթացել հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը: «Էրեբունի» ԲԿ անգիոգրաֆիկ ծառայությունը կրում է մեր հայրենակից ակադեմիկոս ՌԴ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անունը, ակադեմիկոսն, ի դեպ, ՌԴ առողջապահության նախարարության պատվիրակության կազմում է նաև Բագրատ Ալեքյանը: Պատվիրակության անդամները այցելել են նաև այս տարի բացված Կաթվածի տարածաշրջանային կենտրոն, որտեղ էլ տեղադրված է արհեստական բանականությամբ օժտված բացառիկ սարք՝ ARTIS ICONO անգիոգրաֆ՝ նյարդավիրաբուժական բացառիկ վիրահատությունների մեծ հնարավորություններով: Այն նաև ուսումնական կենտրոն է, որտեղ եզակի սարքով աշխատելու հմտություններ են ձեռք բերում արտերկրի բժիշկները: Հարություն Քուշկյանը ներկայացրել է բժշկական կենտրոնի ձեռքբերումները, մասնագիտական ներուժը, նախանշել ռուս գործընկերների հետ համագործակցության նոր հեռանկարները:Անդրադարձ է կատարվել կյանք փրկող պետական խոշոր ծրագրերին՝ «Stent for life», «Stroke», ինչպես նաև «Սանավացիայի» ծրագրերին: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է բժշկական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը՝ նախարարության ծրագրերի իրականացման համատեքստում: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել «Էրեբունի» ԲԿ աշխատելաոճին, հատակապես տեխնիկական հագեցվածությանը, ընդգծել դրա կարևորությունն արդի բժշկության մեջ՝ նկատելով, որ անհնար է այսօր զարգացնել բժշկությունը առանց ներդրումների: «Էրեբունի» ԲԿ ղեկավար Հարություն Քուշկյանը և ՌԴ Վիշնևսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ազգային բժշկական կենտրոնի ղեկավար Ամիրան Ռևիշվիլին կնքեցին համագործակցության հուշագիր, որով ջանքեր կգործադրեն հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտագործնական վիրաբուժության զարգացման ուղղությամբ: «Էրեբունի» ԲԿ ղեկավար Հարություն Քուշկյանը և ՌԴ ակադեմիկոս Չազովի անվան Սրտաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Բոյցովը մեկ այլ հուշագիր էլ ստորագրեցին՝ միտված սրտաբանության ոլորտի զարգացմանը: Հուշագրի համաձայն՝ կողմերը կգործակցեն ընդհանուր և ինտերվենցիոն սրտաբարության, ինչպես նաև առիթմոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման շրջանակներում: Ամփոփելով հանդիպումը՝ Միխայիլ Մուրաշկոն գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահության ոլորտում շարունակական ու զարգացող հարաբերությունների առնչությամբ, հույս հայտնել, որ բժշկական կենտրոնի հետ համագործակցությունը կընդլայնվի նաև այլ ուղղություններով: