Նոյեմբերի 10 -ին “ELIT PLAZA”-ի կենֆերանս- դահլիճում տեղի ունեցավ Էրեբունի ԲԿ-ի սրտաբանական կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովը` Սանոֆի դողագործական ընկերության աջակցությամբ: Գիտաժողովի թեման էր «Սուր կորոնար համախտանիշ և առիթմիաներ. ակտուալ հարցեր»:
Բացման խոսքով լսարանին դիմեց Էրեբունի ԲԿ-ի Սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, բ.գ.դ. , պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը: «Հաշվի առնելով վերջին տարիների բժշկական գիտության և տեխնիկայի, դեղամիջոցների և բուժման մեթոդների արագ զարգացումը, վերանայվել են կորոնար համախտանիշի և նախասրտերի ֆիբրիլյացիայի բուժման միջազգային առաջարկությունները: Հատկապես, հակաթրոմբոտիկ միջոցները սուր կորոնար համախտանիշով, մասնավորապես կորոնար զարկերակների ստենտավորումով հիվանդների համար բուժման կարևորագույն բաղադրիչ են: Սակայն այդպիսի հիվանդների մոտ հակաթրոմբոտիկ բուժման ժամանակ հաճախ են լինում բարդություններ և կողմնակի ազդեցություններ: Նման իրավիճակներից խուսափելու և , միաժամանակ , առավելագույն արդյունավետություն ապահովելու համար, անհրաժեշտ է օբյեկտիվորեն գնահատել թրոմբագոյացման և արյունահոսության վտանգները: Այս ակտուալ հարցերին է նվիրված ներկայիս գիտաժողովը», - նշեց պրոֆեսոր Հ. Հայրապետյանը:
«Նախասրտերի ֆիբրիլյացիան` ամենատարածված առիթմիայի տեսակն է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Բոլոր կաթվածների մոտ 20-30 տոկոսը -ը տեղի է ունենում է նախասրտերի ֆիբրիլյացիայի չախտորոշված դրվագների պատճառով:
Մենք հաճախ ենք քննարկում նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիայի հարցը և մոռանում ենք այն մասին , որ որոշ հիվանդներ կարիք ունեն օպտիմալ կոնսերվատիվ բուժման:
Գիտաժողովին որոշեցինք քննարկել` 2016 թ.-ին հրապարակված ,հակաառիթմիկ միջոցներին վերաբերող մի շարք հարցեր, որոնք ըստ եվրոպական առաջարկությունների կիրառվում են նախասրտերի ֆիբրիլյացիայի բուժման ընթացքում:
Հակաառիթմիկ միջոցի ընտրությունը որոշակի դեպքերում շատ բարդ է լինում` հաշվի առնելով հաճախակի կողմնակի ազդեցությունները և առանձին դեղամիջոցների ցածր արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, այսօր, կան առաջարկություններ, որոնք որոշակի իմաստով թեթևացնում են բուժող բժիշկի աշխատանքը և թույլ են տալիս որոշումներ կայացնել ըստ առաջարկված ալգորիթմի, ինչպես դեղորայքի ընտրության որոշակի դեպքերում, այնպես էլ չափաբաժնի ընտրության հարցում»,- ասաց առիթմոլոգիական ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը:
Գիտաժողովը իրական հետաքրքրություն առաջացրեց լայն լսարանի ( ինչի մասին վկայում էին բազմաթիվ հարց ու պատասխանները ) ` Էրեբունի ԲԿ-ի տարբեր բաժանմունքների , նաև Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոնների և կլինիկաների բժիշկների մոտ :