2018 թ. մարտի 28-ին, պացիենտ Գ. Յու-ն, ծնված 1944թ. ընդունվեց Էրեբունի ԲԿ արտահայտված կախեկսիայով, ինչը պայմանավորված էր սննդի անմարսողությամբ: Պացիենտին անցկացվեց կոնտրաստային ՀՏ-հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվեց որովայնային աորտայի հսկայական դեֆորմացված անևրիզմա, ինչպես նաև վերին միջընդերային զարկերակի ելանցքի սուբտոտալ օկլյուզիա ,ինչն էլ հենց մալաբսորբցիայի և կախեկսիայի պատճառ հանդիսացավ: Անևրիզմատիկ վնասվածքը ներառում էր որովայնային աորտայի մեծ մասը մինչև զստային զարկերակի բիֆուրկացիա, որոնք նույնպես դեֆորմացվել և լայնացել էին:
Աղեստամոքսային տրակտի տոտալ իշեմիայի, մալաբսորբցիայի և կախեկսիայի պատճառով, որովայնային աորտայի և զստային զարկերակների անևրիզմայի վիրահատական կորեկցիայի ռիսկը համարվում էր չարդարացված: Որոշվեց սկզբում ապահովել աղեստամոքսային օրգանների բավարար արյան մատակարարում էնդովասկուլյար եղանակով և հետո պացիենտին պատրաստել վիրահատության հաջորդ փուլին ` անևրիզմայի կորեկցիայի:
2018թ. մարտի 29-ին Էրեբունի ԲԿ-ի անգիոգրաֆիայի բաժանմունքի վարիչ Մերուժան Սաղաթելյանը անգիոգրաֆիկ լաբորատորիայում կատարեց վերին միջընդերային զարկերակի անգիոպլաստիկա: Ձախ բազկային մուտքը միակ հնարավոր տարբերակն էր, քանի որ աջ բազկային և անութային զարկերակները նույնպես չափազանց դեֆորմացված էին: Ձախ բազկային զարկերակից անցկացվեց 8-Ֆրենչ երկարությամբ ինտրոդյուսեր դեպի որովայնային աորտա, ինչը դժվարեցված էր ձախ ենթանրակային զարկերակի և կրծքային աորտայի ոլորվածության պատճառով:
Միջընդերային զարկերակի ախտորոշիչ անգիոգրաֆիան հայտնաբերեց վերին միջընդերային զարկերակի ելանցքի սուբտոտալ ստենոզ:Դեպի զարկերակի ախտահարված մասը հաջողվեց անցկացնել 0.014'հաղորդիչ, որի վրա ելանցքային ստենոզը դիլատացվեց 4,5մմ բալոնով: Նախադիլատացիայից հետո դեպի նեղացված մաս իմպլանտավորվեց 4,5 մմ դեղապատ ստենտ հաջորդող բալոնային պոստդիլատացիայով:Սակայն իմպլանտավորված ստենտի ռադիկալ ուժը բավարար չեղավ ֆիբրոզ ստենոզին դիմակայելու համար: Ստենտի տեղադրումից հետո պահպանվում էր բավականին զգալի մնացորդային ստենոզ: Միջընդերային զարկերակի կայուն լայնացումը հաջողվեց NEPTUN 6.0x59 երկրորդ պերիֆերիկ ստենտի 0,035' հաղորդիչի վրա հաջորդող պոստդիլատացիայով:
Պրոցեդուրայից հետո լիովին վերականգնվեց մագիստրալ արյունահոսքը վերին միջընդերային զարկերակով և իր բոլոր դիստալ ճյուղերով :
Անգիոպլաստիկայից հետո պացիենտի վիճակը լավացավ: Հաջորդ իսկ օրը վերականգնվեց ախորժակը և բավարար մարսողությունը:
Հայաստանում վերին միջընդերային զարկերակի ստենտավորման և անգիոպլասիկայի կատարման եզակի դեպքեր են գրանցվել: Տվյալ ինտերվենցիոն միջամտությունը պահանջում է մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմ և բարձր տեխնոլոգիական հագեցվածություն, ինչը տալիս է լավ արդյունքներ: Դրա օրինակն է վերը նշված դեպքը: