«Էրեբունի» ԲԿ սրտաբանները արտասահմանցի գործընկերների հետ իրականացրել են բացառիկ միջամտություն՝ սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում: 50-ամյա տղամարդու սրտի աորտալ փականի պրոթեզավորումը կատարվել է առանց կրծքավանդակը բացելու: Աորտալ փականի պրոթեզավորումները մինչ այժմ կատարվում էին բաց վիրահատության եղանակով: Սակայն «Էրեբունի» ԲԿ ղեկավարության որգեգրած սկզբունքների համաձայն, այն բոլոր վիրահատությունները, որոնք աշխարհը կատարում է ոչ բաց վիրահատայան եղանակով, պետք է հաջողությամբ ներդրվեն եւ իրականացվեն նաեւ «Էրեբունի»-ում: Սա հերթական քայլն է:
Վիրահատությունը կատարելու համար «Էրեբունի» ԲԿ նախաձեռնությամբ «ՄարգՖարմա» ընկերությունը Հայաստան է հրավիրել այս ոլորտում աշխարահռչակ ներանոթային սրտաբան Անմոլ Սոնավանին:
Հիվանդն ուներ աորտալ ստենոզ՝ արոտալ փականի նեղացում: Աորտալ փականը գտնվում է աորտայի և ձախ փորոքի սահմանին. փականի նեղացումը կոչվում է ստենոզ: Այն ճնշման տարբերություն է առաջացնում ձախ փորոքի և աորտայի միջև՝ հանգեցնելով սրտային անբավարարության և հանկարծամահության: Մինչեւ վերջերս նման վիրահատությունները միայն մեկ եղանակ ունեին՝ բաց, սակայն աշխարհն արդեն գնում է ներանոթային միջամտությունների ճանապարհով: Ազդրային զարկերակի միջոցով հին փականի մեջ տեղադրվում է նոր փական: Միջամտությունն այլեւ չի պահանջում կրծքավանդակի հատում: Փականը տեղադրելուց հետո ճնշման տարբերությունը վերանում է և հիվանդության նշանները շատ արագ հետ են զարգանում:Այսպիսով, սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորման գերժամանակակից այս մեթոդը ներդրվեց նաեւ Էրեբունիում՝ դառնալով նախադեպ հետագա նման դեպքերի համար եւ մեկ քայլ առաջ գնակով սրտաբանության ոլորտում: