«Էրեբունի» բժշկական կենտրոնի Դիդի և Օնիկ Հահամյանների անվան Ցավի կլինիկան հերթական անգամ հյուրընկալել է Լոս Անջելեսում ցավի կլինիկայի հիմնադիր, հայտնի անեսթեզիոլոգ, մեր հայրենակից Ռեյմոնդ Թադևոսյանին:
Ցավի կլինիկան հանրապետությունում առաջատար է ինչպես մատուցած ծառայությունների ծավալով ու որակով, այնպես էլ հատուկ վերապատրաստված մասնագետներով ու տեխնիկական հագեցվածությամբ: Այստեղ կառավարում են ինչպես քրոնիկ, այնպես էլ բժշկական որոշակի միջամտություններից առաջացած ցավերը` ողնաշարային ցավեր, հոդացավեր, գլխացավեր և բոլոր այն ցավերը, որոնք ազդում են մարդու կյանքի որակի վրա: Կլինիկայում կատարվող բոլոր միջամտությունները մեկ նպատակ են հետապնդունում՝ օգնել մարդկանց հաղթահարելու ցավն ու հանգիստ ապրել: Վերջերս կլինիկան համալրվել է ցավի կառավարման առաջատար նոր համակարգով` ամերիկյան հայտնի Boston Scientific ռադիոհաճախական աբլյացիոն գեներատորով. ամերիկահայ մասնագետի հետ համատեղ միջամտությունները հիմնականում հենց այս սարքով են կատարվել:
Գեներատորը ռադիոհաճախական ալիքների միջոցով տաքացնում է էլեկտրոդը և ջերմային ախտահարման ենթարկում նյարդը, դրանով իսկ դադարեցնում նյարդի կողմից ցավի ազդանշանների փոխանցումը դեպի ուղեղ: Ռադիոհաճախական աբլյացիան տարբեր հատվածների նյարդաբանական ցավերից ազատվելու տարածված և չափազանց արդյունավետ մեթոդ է` վստահելի, անվտանգ, արդյունավետ և երկարատև էֆեկտով: Կատարված միջանտությունների 70 տոկոսի դեպքում այն նվազեցնում է ցավազրկող դեղերի օգտագործումը՝ մարդուն հնարավորություն տալով ապրել նոր կյանքով՝ առանց քրոնիկ ցավերի։
«Էրեբունի» ցավի կլինիկայում արդեն կան հաջողված բազմաթիվ պատմություններ, որոնք մեկ անգամ ևս փաստում են ռադիոհաճախական աբլյացիայի մեթոդի արդյունավետությունը և վիճակագրություն դառնում մասնագետների համար:
