«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ցավի կլինիկան այսուհետ ֆրանսահայ ամուսիններ Դիդի և Օնիկ Հահամյանների անունն է կրելու: Քառասունչորսորյա պատերազմի ժամանակ բազմաթիվ վնասվածքներից ինչպես նաև միջամտություններից ու վիրահատություններից առաջացած ցավերի կառավարման անհրաժեշտությունը «էրեբունի» բժշկական կենտրոնում ցավի կլինիկա ստեղծելու պատճառ դարձավ: Լոս Անջելեսում ցավի կլինիկայի հիմնադիր, հայտնի անեսթեզիոլոգ, մեր հայրենակից Ռեյմոնդ Թադևոսյանի մասնագիտական աջակցությամբ այսօր կլինիկան ցավի կառավարման առաջատար ծառայություններ է մատուցում: Այստեղ կառավարում են ինչպես քրոնիկ, այնպես էլ բժշկական որոշակի միջամտություններից առաջացած ցավերը` ողնաշարային ցավեր, հոդացավեր, գլխացավեր և բոլոր այն ցավերը որոնք ազդում են մարդու կյանքի որակի վրա: Երջանկահիշատակ բարեգործ ամուսինները հայրենիքից հեռու գտնվելով մշտապես ապրել են Հայաստանի խնդիրներով, կիսել հայի վիշտն ու աջակցել հայրենակիցներին հնարավոր ամեն ինչում: 90-ականերին ֆրանսահայ բժիշկների միության` UMAF-ի նախագահ Գևորգ Աբգարյանի միջոցով Դիդի և Օնիկ Հահամյանները բարեկամացան վերապատրաստման նպատակով Փարիզ ժամանած հայ բժիշկների հետ: Գևորգ Աբգարյանի ընտանիքի բարեկամ Հահամյան ամուսինները ողջ կյանքի ընթացքում իրենց մտքերում ու հոգիներում պահեցին հայրենիքի և հայ ժողովրդի բարորության և բարեկեցության տեսլականը: Չնայած այսօր Հայաստանի բժշկությունը հնարավոր չէ համեմատել 90-ականների հետ, այնուամենայնիվ Դիդի և Օնիկ Հահամյանները մահվանից հետո էլ իրենց ներդրումն ունեցան. կատարվեց իրենց ցանկությունը` օգնել մարդկանց հաղթահարել ցավն ու հանգիստ ապրել: Կլինիկան համալրվեց ցավի կառավարման առաջատար համակարգով` ամերիկյան հայտնի Boston Scientific ռադիոհաճախական աբլյացիոն գեներատորով: Գեներատորը ռադիոհաճախական ալիքների միջոցով տաքացնում է էլեկտրոդը և ջերմային ախտահարման ենթարկում նյարդը, դրանով իսկ դադարեցնում նյարդի կողմից ցավի ազդանշանների փոխանցումը դեպի ուղեղ: Ռադիոհաճախական աբլացիան տարբեր հատվածների նյարդաբանական ցավերից ազատվելու տարածված և չափազանց արդյունավետ մեթոդ է` վստահելի, անվտանգ, արդյունավետ և երկարատև էֆեկտով: Կատարված միջանտությունների 70 տոկոսի դեպքում այն նվազեցնում է ցավազրկող դեղերի օգտագործումը՝ մարդուն հնարավորություն տալով ապրել նոր կյանքով՝ առանց քրոնիկ ցավերի։ Այս կարճ ժամանակահատվածում «Էրեբունի» ցավի կլինիկայում արդեն կան հաջողված պատմություններ, որոնք մեկ անգամ ևս փաստում են ռադիոհաճախական աբլյացիայի մեթոդի արդյունավետությունը և վիճակագրություն դառնում մասնագետների համար:
