Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի միջազգային դասընթացների առաջին մասնակիցները ստացել են իրենց հավաստագրերը: Այս կենտրոնը «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի Հարվարդի բժշկական ֆակուլտետի բժիշկների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության արդյունքն է։
Առաջին դասընթացին մասնակցել են սահմանամերձ 13 բժշկական հաստատությունների ավելի քան 20 բժիշկ և բուժքույր, ովքեր 10 օր հիմնարար գիտելիքներ են ձեռք բերել արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
10 օրվա ընթացքում նրանք մասնակցել են 4 դասընթացի՝ ԱՄՆ սրտի ասոցիացիայի «Հիմնական կենսաապահովում», «Մանկական ընդլայնված կենսաապահովում», «Ընդլայնված սիրտ-անոթային կենսաապահովում» և Անհետաձգելի բժշկական տեխնիկների ազգային ասոցիացիայի «Նախահոսպիտալային բուժօգնություն» դասընթացներին: Մասնակիցները կրեդիտավորված հավաստագրեր են ստացել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև՝ Անհետաձգելի բժշկական տեխնիկների ազգային ասոցիացիայի և ԱՄՆ սրտի ասոցիացիայի կողմից:
Ուսումնառության ընթացքում բուժաշխատողները ոչ միյան սովորել են, թե կյանք փրկող ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ արտակարգ իրավիճակներում, այլև ինչպես կողմնորոշվել և օգտագործել համայնքի կամ ականատեսների ռեսուրսները՝ կրիտիկական իրավիճակներ հաղթահարելու համար:
Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնի նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք արագ և արդյունավետ բուժօգնություն կցուցաբերեն աղետների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ: