«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոն: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այս կենտրոնը «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի Հարվարդի բժշկական ֆակուլտետի բժիշկների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության արդյունքն է։
Հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերը շրջել են ժամանակակից ուսումնական կենտրոնում, որը հագեցած է անհրաժեշտ նյութերով, սիմուլացիոն մանեկեններով, սարքավորումներով: Այստեղ դասավանդելու են որակավորված բարձրակարգ մասնագետներ, որոնք արդեն իսկ վերապատրաստվել են ԱՄՆ տարբեր կենտրոններում և միջազգային ծրագրերով դասավանդելու իրավունք են ստացել:
Սա կարևորագույն համագործակցություն է: Նպատակը՝ պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք արագ և արդյունավետ բուժօգնություն կցուցաբերեն աղետների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ:
Արարողության ավարտին «Էրեբունի» ԲԿ հիմանդիր Հարություն Քուշկյանը և Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի Աղետների բժշկության բաժնի տնօրեն, Հարվարդի բժշկական համալսարանի Անհետաձգելի բժշկության պրոֆեսոր, Աղետների և արտակարգ իրավիճակների բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախկին նախագահ Գրեգորի Սիըթոնին ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հիմք դնելով արտակարգ իրավիճակների ուսումնակրթական հետագա ծրագրերին:
Հարություն Քուշկյանի ավագ թոռը՝ կրտսեր Արտյոմը մասնագիտության ընտրության հարցում արդեն կողմնորոշվել է. ինքն էլ իր պապիկի և հայրիկի նման բժիշկ է դառնալու: Կենտրոնում առաջինը կվերապատրաստվի «Էրեբունի» ԲԿ բուժանձնակազմը: