Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 29-ին՝ Սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում Բաց դռների օր անցկացնելը դարձել է բարի ավանդույթ: Վերջին տարիների ընթացքում ավելացել է սրտի խնդիր ունեցող հիվանդների քանակը: Սրտային հիվանդությունները «երիտասարդացել են»: Միևնույն ժամանակ, տարբեր գործոններ ևս կարևոր դեր են խաղում, որոնց մեջ հարկ է նշել բժշկին ուշ դիմելը կամ ընդհանրապես չդիմելը: Միջոցառման նպատակը օգնության ցուցաբերումն է բնակչության այն շերտերին, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով հաճախ համապատասխան բժշկական հետազոտություն չեն անցնում և բուժում չեն ստանում: Ակցիայի շրջանակներում պացիենտները, այդ թվում նախկինում սրտի վիրահատական միջամտություն տարածները, ստանում են բժշկի առաջնային անվճար խորհրդատվություն և, համաձայն նրա նշանակման, ուղեգրվում համապատասխան հետազոտության:
«Էրեբունի» ԲԿ առաջատար սրտաբանները՝ Սրտաբանության կլինիկայի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Գրիգորի Հայրապետյանի գլխավորությամբ, իրականացրել են պացիենտների խորհրդատվություն և սրտաբանական հետազոտություն: «Ամենակարևորը ժամանակին և ճշգրիտ ախտորոշումն է, որը հնարավորություն կտա խուսափել շատ սրտաբանական հիվանդությունների բարդություններից և անցանկալի ելքերից: Բացի ախտորոշումից, հետագայում կենտրոնում կարելի է ստանալ նաև սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման ամբողջ սպեկտրը»,- նշեց պրոֆեսոր Հ. Հայրապետյանը:.