«Նաիրի» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ արտառոց դեպք գրանցվեց` դիմեց արդեն 29 շաբաթական հղիությամբ երիտասարդ մի կին, ում Մոսկվայի ուռուցքաբանության ազգային կենտրոնում մեզ դիմելուց օրեր առաջ ախտորոշել էին ձախ կրծքագեղձի քաղցկեղ: «Անմտություն կլիներ հեռացնել այդքան մեծ պտուղը: Հատկապես ծանր կլիներ կնոջ համար, քանի որ առաջին հղիությունն ավարտվել էր վիժումով»,- մեզ հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը: Ուռուցքի դեմ պայքարը պետք էր սկսել անմիջապես. մյուս բոլոր դեպքերում այն կսկսվեր ծննդաբերությունից հետո, սակայն...
«Հղիության ընթացքում ուռուցքներն ավելի արագ են զարգանում: Հղի կնոջ օրգանիզմում ստեղծվում է մի իրավիճակ, որը նպաստում է պտղի բջիջների արագ զարգացմանն ու հասունացմանը, իսկ դրանից օգտվում են նաև ուռուցքային բջիջները: Ուռուցքն արդեն բավականին մեծ էր ախտորոշման պահին, և ծննդաբերությանը սպասելու պարագայում մեծ վտանգ կար այլ օրգաններում մետաստազներ առաջանալու»- դեպքը ներկայացնում է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը:
«Աշխարհում արդեն կա բավականին մեծ փորձ հղիության ընթացքում քիմիաթերապիա նշանակելու:
Քիմիաթերապիայի անցկացումը հակացուցված է հղիության առաջին եռամսյակում, քանի որ կարող է հղիության ընդհատման կամ պտղի մոտ լուրջ արատների ձևավորման պատճառ դառնալ: Հղիության երկրորդ և հատկապես երրորդ եռամսյակներում, հատուկ արձանագրությունների պահպանման պարագայում, հղի կինը կարող է գրեթե անվտանգ քիմիաթերապիա անցնել: Հիմնվելով արտասահմանյան փորձի վրա՝ որոշեցինք սկսել քիմիաթերապիայի համապատասխան կուրսերը»:
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանները քիմիաթերապիան անց են կացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգների խիստ հսկողության պայմաններում: Բուժման երկու կուրսերը 29-ամյա կինը հաղթահարեց լավ արդյունքներով` մայրը և պտուղը բացարձրակ չտուժեցին, իսկ ուռուցքի չափսերը մասամբ փոքրացան: «Որոշեցինք հղիությունը հասցնել այն սահմանային ժամանակահատվածին, երբ հնարավոր կլինի երեխային կեսարյան հատմամբ անվտանգ դուրս բերել մոր արգանդից: 33-34 շաբաթականում փոքրիկը թե՛ էխոսկոպիկ, թե՛ դոպլեր հետազոտությամբ, արդեն պատրաստ էր: Ծնվեց 2.300 գր քաշով կենսունակ, առողջ երեխա»,- խոսքը ժպիտով ավարտում է Անդրանիկ Պողոսյանը:
Ծննդաբերությունն անցել է առանց արտառոց միջադեպերի ու բարդությունների, ինչպես բժիշկն է հավաստիացնում, հետվիրահատական շրջանը՝ ևս: Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ հղիությունն ընթացել է քիմիաթերապիայի կուրսերին զուգահեռ: Մինչ այս նմանատիպ դեպքերում ընդունված էր ընդհատել հղիությունը՝ մեծ պտղի հեռացմամբ: Այս անգամ արտասահմանյան փորձը հաջողությամբ կիրառեցին «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների բժիշկները: Նորաթուխ մայրիկը դեռ ուռուցքաբանի հսկողության տակ է: «Մայրը շարունակում է քիմիաթերապիան, որի բոլոր կուրսերի ավարտից հետո կիրականացվի կրծքագեղձի վիրահատական բուժումը»,- ասում է «Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբան Լևոն Բադալյանը:
«Ի դեպ, դեպքի հաջողության գործում մեծ դեր ուներ նաև կնոջ ու իր ընտանիքի լավատեսությունը հղիության ամբողջ ընթացքում: Անգամ պայմանավորվածություն կա՝ 2 տարի անց, վերջնականապես կազդուրվելուց հետո, ունենալ երկրորդ բալիկը…»,- հույս է հայտնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը: