Արգանդի բազմակի միոմաների ծանր տեսակների դեպքում կանայք այսօր արդեն ստիպված չեն արմատական մեթոդների դիմել եւ ամբողջությամբ հեռացնել արգանդը: Եթե ավելի վաղ այն միակ մեթոդն էր եւ երիտասարդ կանայք զրկվում էին երեխա ունենալու հնարավորությունից, ապա այսօր նրանք այլընտրանքային մեթոդ ունեն` էնդովասկուլյար էմբոլիզացիան: Այն միոմայի բուժման արմատական մեթոդ է, եւ ունի նաեւ առավելություն: Միջամտոթւյունից հետո արգանդի վրա ոչ մի սպի չի մնում ի տարբերություն առանց հիստերէկտոմիայի միոմատոզ հանգույցների հեռացման:
«Էրեբունի» ԲԿ-ի ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը ներկայացրել է էնդովասկուլյար էմբոլիզացիայի մեթոդը: Նա մանրամասնել է. միոմատոզ հանգույցները սնուցող անոթները անգիոգրաֆի հսկողությամբ խցանվում են, ընդհատվում է միոմատոզ հանգույցների արյան մատակարարումը, դրանք ձեւափոխվում եւ վերածվում են միացնող հյուսվածքի: Իսկ արյան մուտքը փակվում է կաթետերային էմբոլիզացիայի մեթոդով:
Այն քիչ ինվազիվ միջամտություն է եւ ամենակարեւորը` կինը չի զրկվում վերարտադրողական գործառույթից: Արսեն Ծատուրյանի խոսքով, այդ մեթոդի արդյունավետությունը 95 տոկոս է: Բայց, հավելում է բժիշկը, որոշակի սահմանափակումներ կան: Եթե արգանդը միոմատոզ հանգույցների պատճառով մեծացել է եւ դարձել ավելի մեծ, քան 20-շաբաթական հղիության դեպքում, էմբոլիզացիա արդեն խորհուրդ չի տրվում:
Էմբոլիզացիայի մեթոդը հատկապես արդյունավետ է, երբ միոմատոզ հանգույցները տեղակայված են արգանդի վզիկի մոտ կամ էլ արգանդի մարմնի այն մասում, որոնք ճնշում են փողերը: Էմբոլիզացիայից հետո փողերի անցանելիությունը վերականգնվում է եւ հղիանալու հավանականությունը մեծանում: Մասնագետի խոսքով, գինեկոլոգներն այնպիսի մոլորություն ունեն, թե արգանդի զարկերակների էմբոլիզացիայից հետո կարող է արգանդի կամ էնդոմետրիումի նեկրոզ սկսվել։ «Եթե դա իրոք այդպես լիներ, ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր կանանց, որոնց էմբոլիզացիա են կատարել, արգանդը կհեռացնեին», - ասել է նա` հավելելով, որ Հայաստանում այդ մեթոդն առայժմ լայն տարածում չունի եւ այն կիրառում են միայն «Էրեբունի» ԲԿ-ում:
Արսեն Ծատուրյանը պատմել է, որ առաջին հիվանդի մոտ, որին կատարվել է էմբոլիզացիա, վիրահատությունից յոթ ամիս հետո արգանդը 17 սմ-ից կրճատվել դարձել է 5 սմ: Դա, մասնագետի խոսքով, հրաշալի արդյունք է: Տվյալ հիվանդը յոթ տարի անընդմեջ արյունահոսել է: Ընդհանրապես, պարզաբանել է նա, գործնականում բոլոր հիվանդները, որոնց «Էրեբունի» ԲԿ-ում արգանդի միոմայի էմբոլիզացիա է կատարվել, վիրաբուժական միջամտության համար հակացուցումներ են ունեցել: Այսինքն նրանք ստիպված են դիմել էմբոլիզացիայի: Արսեն Ծատուրյանը գտնում է, որ հայ կանայք պետք է տեղեկացված լինեն, որ էմբոլիզացիան միոմայի բուժման արմատական եւ արգանդի պահպանման այլընտրանքային մեթոդ է: