Loading

«Նրբանկատություն եւ առանձնահատուկ վերաբերմունք`յուրաքանչյուր այցելուի.»: Համլետ Հայրապետյան

22.11.2016

«Նրբանկատություն եւ առանձնահատուկ վերաբերմունք`յուրաքանչյուր այցելուի.»: Համլետ Հայրապետյան
«Նրբանկատություն եւ առանձնահատուկ վերաբերմունք`յուրաքանչյուր այցելուի.»: Համլետ Հայրապետյան

ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, Էրեբունի բժշկական կենտրոնի Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, ԵրՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը ծնվել է Կապան քաղաքում: 1982 թվականին ոսկե մեդալով ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1988-ին գերազանցությամբ` Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը: Նույն տարում ընդունվել է Կազանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի օրդինատուրա` մասնագիտանալով որպես սրտաբան: Համլետ Հայրապետյանը արտասահմանյան մի շարք հեղինակավոր հաստատություններում անցել է մասնագիտական որակավորում, հանդիսանում է Սրտաբանների եվրոպական ընկերակցության պատվավոր անդամ, Էխոսրտաբանության եվրոպական ամերիկյան ընկերակցությունների անդամ: 2006 թվականին Սրտաբանների եվրոպական ընկերության կողմից ստացել է եվրոպական սրտաբանի դիպլոմ:

Համլետ Հայրապետյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, մենագրությունների, արժանացել է բազում պարգևների:

Նրբանկատություն եւ առանձնահատուկ վերաբերմունք`յուրաքանչյուր այցելուի. սրանք են մեր ոլորտի մասնագետի առաջնահերթությունները

-Դոկտո՞ր Հայրապետյան, մասնագիտությանը նույնանալը հավասարազոր է դրա բուն էությունը ճանաչելուն, եւ դա միայն ընտրյալներին է հատուկ: Ինչն է Ձեր մասնագիտության մեջ այն էականը, խնամքով թաքնվածը, որը Դուք եք ճանաչել:

-Բժշկության և հատկապես սրտաբանության մեջ կարևոր է այցելուին հարազատի նման վերաբերվելը, որովհետեւ նրանք մեզ դիմում են ծայրահեղ իրավիճակներում: Սիրտն այն օրգանն է, որով հաճախ պայմանավորվում է ամբողջ օրգանիզմի վիճակը, և պատահական չէ, որ մահացությունների մոտ կեսի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Այս առումով, անկախ տարիքից, սեռից, սոցիալական վիճակից կամ պաշտոնից` բոլոր հիվանդները հայտնվում են կյանքի և մահվան եզրին: Ուստի, բուժական միջամտության չափ կարևոր է մարդկային վերաբերմունքը: Սահմանային իրավիճակներում հիվանդը հուսահատված հայացքով փնտրում է բժշկի աչքերը, դրանց մեջ` իր ապագան: Եվ մեր շարժումների մեջ անգամ, թաքնված հաղորդագրություն կա հիվանդի համար, ուստի պարտավոր ենք զգոն լինել ու տալ հիվանդին այն, ինչ ինքն ակնկալում է: Կարծում եմ` մեր մասնագիտության առանձնահատկությունը նրբանկատությունն է, առանձնահատուկ վերաբերմունքը ծայրահեղ պահերին:

-Եւ' գիտությունը, և' բժշկությունը պահանջում են անձնվեր և անմնացորդ աշխատանք: Այս երկու ոլորտներում էլ Ձեր հաջողությունները բազմաթիվ են: Որն է դրանց համադրման Ձե°ր բանաձևը, և արդյո՞ք մեկը նպաստում է մյուսի առաջընթացին:

-Բժշկությունը գիտության այն ոլորտն է, որը զարգանում է սրընթաց: Բժիշկը չպետք է դադարի լինել հետազոտող կամ հետևել գիտական նորություններին, այլապես դա անմիջականորեն կազդի նրա պրակտիկ գործունեության վրա: Եթե այլ ասնագիտություններ ունեցող մարդիկ շատ բան չեն կորցնում գիտական մամուլին մշտապես չհետևելով, եթե նրանց ներելի է սեփական ասպարեզի գիտական վերջին նորություններին ծանոթ չլինելը, ապա բժիշկների դեպքում` աններելի: Չէ որ անընդհատ նոր դեղամիջոցներ, բուժման նոր մեթոդներ, նոր տվյալներ են ի հայտ գալիս, և այդ ամենի մասին բժիշկը պարտավոր է տեղեկանալ ու կիրառել իր գործնական աշխատանքում: Արտասահմանյան բոլոր համալսարաններն ունեն իրենց սեփական կլինիկաները, որտեղ կատարվում են և' գործնական, և' գիտական աշխատանքներ: Բարձրակարգ բժիշկը միաժամանակ պետք է լինի նաև գիտնական, հետազոտող: Այս է պատճառը, որ մեր կլինիկայում մշտապես կատարվում են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացվում են միջազգային գիտաժողովներում, տպագրվում գիտական ամսագրերում: Լիսաբոնում առաջիկայում նախատեսված է համաեվրոպական կոնգրես` նվիրված սրտաբանության սուր պաթոլոգիաներին, եւ պատրաստվում ենք ներկայացնել երկու աշխատանք: Վերջերս Հռոմում անցկացվեց սրտաբանների եվրոպական կոնգրեսը, որին մասնակցել է մեր կենտրոնի բժիշկների մոտ 70 տոկոսը: Կոնգրեսը լավ հնարավորություն էր ծանոթանալու վերջին գիտական նորություններին եւ կիրառելու մեզ մոտ: Ես սահմանել եմ գիտական փոխգործակցության որոշակի սկզբունքներ ամեն հինգշաբթի գիտաժողովի օր է, հավաքվում են կենտրոնի բոլոր սրտաբանները և, ի ուրախություն ինձ, վերջին ամիսներին` նաեւ սրտաբաններ այլ կենտրոններից: Կատարում ենք թեմատիկ զեկուցումներ, ներկայացնում ենք վերջին նորությունները, քննարկում զանազան կլինիկական դեպքեր ու վիրահատություններ: Կարծում եմ` շատ կարևոր և օգտակար նախաձեռնություն է, որին անհամբերությամբ են սպասում հատկապես երիտասարդ մասնագետները:

-Թվում է` բոլոր հիվանդությունները սրտի վերահսկողությանն են ենթարկվում, և այն մարդու գոյության գլխավոր զարկերակն է: Որպես ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան` ինչն է նման մոտեցման պատճառը:

-Վաղուց ի վեր, մարդկային հասարակության գոյության ողջ ընթացքում, սիրտն աղերսներ է ունեցել հոգեկան աշխարհի հետ: Սրտին յուրահատուկ դեր է տրվել: Իսկապես, սիրտն այն շարժիչ ուժն է, որն «աշխատեցնում» է ամբողջ օրգանիզմը, բոլոր օրգաններին սնունդ մատակարարում, և նրանով է պայմանավորված օրգանիզմի առողջությունը:

Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն ու ամենամահաբերն են ամբողջ աշխարհում: Այս առումով, դրանք ոչ միայն առողջական, այլև սոցիալական խնդիր են: Վերջին տարիներին նախարարության նախաձեռնությամբ ու պետական մարմինների աջակցությամբ սկսել ենք աշխատել սիրտ-անոթային հիվանդությունները նվազեցնելու ուղղությամբ: Մեր նշանակալի նվաճումներից մեկն էլ սրտամկանի ինֆարկտի ժամանակ պսակաձև սրտային զարկերակի ստենտավորման համար պետական պատվերի ներդրումն է, ինչը հնարավորություն տվեց անվճար ստենտավորել սրտամկանի սուր ինֆարկտ ունեցող այցելուի սրտի խցանված անոթը: Այս ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական դրույթներից էր, որը արդեն երկրորդ տարին է` հաջողությամբ իրականացվում է մեր երկրում: Դրա շնորհիվ հաջողվեց նվազեցնել հիվանդանոցային մահացությունը և մեր այդ ցուցանիշը ներկայումս մոտ է եվրոպական զարգացած երկրների տվյալներին: Բոլորովին վերջերս նվազեցվել են նաև վճարովի ստենտավորման գները, ինչը թույլ կտա քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնել բուժման նորագույն մեթողները եւ ավելի շատ կյանքեր փրկել:

-Ձեր գործունեությամբ բազմաթիվ գնահատականների և պարգևների եք արժանացել` «Մխիթար Հերացի» մեդալ, Ֆ. Նանսենի անվան Ոսկե մեդալ, ՀՀ առողջապահության նախարարության Ոսկե մեդալ և այլն: Բժշկի համար ինքնակատարելագործման սահմանը որն է:

-Բժիշկը պարտավոր է ամեն օր կարդալ, զարգանալ: Այս մասնագիտության յուրացումը չի ավարտվում բժշկական համալսարանի դասընթացներն ավարտելով: Դա միայն սկիզբն է: Երբ բժիշկը դադարում է պարբերաբար կարդալ, նա հետընթաց է ապրում: Ինքնազարգացմանը սահման չկա: Պետք է կարդալ ու զարգանալ մշտապես, փոխանակվել նոր տեղեկություններով: Ձեր նշած պարգևներն ու կոչումները, իհարկե, հաճելի են, սակայն դրանք չեն կարևորը: Որոշիչը բժշկի հեղինակությունն է հիվանդների շրջանում: Եթե հիվանդը երախտագիտությամբ է լցված բժշկի հանդեպ, բոլոր մեդալներն ու գնահատականները երկրորդական են դառնում: Երբ այցելուն ինձ է դիմում նախկին մեկ այլ այցելուի հորդորով, դա ինձ համար անգնահատելի է:

Նրբանկատություն եւ առանձնահատուկ վերաբերմունք`յուրաքանչյուր այցելուի. սրանք են մեր ոլորտի մասնագետի առաջնահերթությունները

-Փոխգործակցությունը զարգացման կարևորագույն պայման է: Ունեք նաև եվրոպական սրտաբանի դիպլոմ: Ի՞նչ եք կարծում` հայ սրտաբանները կարո՞ղ են ունենալ իրենց ուրույն տեղը նաև միջազգային ասպարեզում, և արդյո՞ք այս առումով կարող ենք հավակնել համաշխարհային վարկանիշային սանդղակի բարձր հորիզոնականների:

-Ունենք սրտաբանական լուրջ դպրոց և բարձր մակարդակ: Չեմ ուզում այլ ոլորտների հետ համեմատական անցկացնել, սակայն պետք է նշեմ` սրտաբանության ոլորտում հազվադեպ է պատահում, որ վիրահատության կամ բուժման համար մարդիկ մեկնեն արտասահման, քանի որ մեզ մոտ այս բոլորն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում բավական լուրջ ներդրումներ են կատարվել, բացվել են սրտաբանական բաժանմունքներ, գնվել` նորագույն տեխնիկակական միջոցներ, ներդրվել են նոր ախտորոշիչ և բուժական մեթոդներ, ինչի շնորհիվ սրտաբանությունը մեր հանրապե տությունում դարձել է բժշկության միանշանակ առաջատար ճյուղ: «Էրեբուն» ԲԿ Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկայում, օրինակ, իրականացվում են սրտաբանական բոլոր ժամանակակից միջամտությունները և վիրահատությունները:

-Միայն սիրտն է սրատես, ամենագխավորը աչքով չես տեսնի... Որպես սրտի գիտակ, Փոքրիկ Իշխանի այս պատգամը ինչպե±ս կմեկնաբանեք:

-Սիրտն առնչվում է հոգեկան աշխարհին և անատոմիապես առողջ սիրտը ենթադրում է առողջ մտածելակերպ, առողջ հոգի: Ճիշտ է ասված`«առողջ մարմնում` առողջ հոգի», իսկ առողջ մարմինը պայմանավորված է առողջ սրտով:

-Մասնագիտական ընտրություն նորից կատարելու հնարավորություն ունենալու դեպքում ինչպե՞ս կվարվեիք:

-Հիմա բարձրաձայն կասեմ, որ նորից բժշկի մասնագիտությունը չէի ընտրի, սակայն ներքուստ համոզված եմ`կընտրեի:

-Ինչպիսի՞ն է Ձեր կենցաղը: Ձեր զավակները նույնպե՞ս ընտրել են սրտաբանությունը:

-Ունեմ երեք զավակ, որոնց առաջ հաճախ ինձ մեղավոր եմ զգում, քանզի բավարար ժամանակ չեմ կարողանում հատկացնել նրանց: Սրտաբանի կյանքը շատ ծանր է, ինչը հաշվի առնելով, և գուցե եսասիրաբար, չէի ուզում, որ զավակներս դառնան բժիշկ, սրտաբան` հատկապես: Երկու ավագ դուստրերիս կարողացա հետ պահել այս ուղուց, իսկ ահա որդուս` ոչ: Այժմ նա սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի երրորդ կուրսում: Տուն եմ հասնում ֆիզիկապես հոգնած, հաճախ` ուժասպառ վիճակում: Դրանից հետո դեռ պետք է ժամանակ հատկացնել գիտական նորությունները կարդալուն, պատրաստվել գիտաժողովների և այլն: Այլ կերպ հնարավոր չէ, երբ դու հանրապետության գլխավոր սրտաբանն ես և «Էրեբունու» Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավարը: Սա ավելի է սեղմում իմ ժամանակը, բայց աշխատում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Կուզեի ավելին տալ զավակներիս...

Սրճարաններ, ժամանցային վայրեր ու մեծ հավաքույթներ չեմ սիրում: Խուսափում եմ: Ունեմ ընկերական լայն շրջապատ, սակայն ծանրաբեռնվածության պատճառով հաճախ շատ հրավերներ մերժում եմ, եւ դա ինձ ներում են: Հանգստանալ կարողանում եմ, երբ մենակ եմ, կամ ընտանիքիս հետ, իմ տանը, հազվագյուտ ազատ ժամերի: Հայաստանից դուրս լինում եմ միայն աշխատանքի բերումով, մասնակցելու համար միջազգային գիտաժողովների: Սիրում եմ գեղարվեստական գրականություն, հատկապես` կենսագրական վեպեր, երաժշտություն: Ափսոսում եմ, որ չեմ կարողանում նվագել, նաև` նկարել: Նախանձում եմ այն մարդկանց, հատկապես տղամարդկանց, ովքեր կարողանում են դաշնամուր նվագել: Մանկության տարիներին սովորել եմ կիթառ նվագել, թեև դա վաղուց էր...

+374 10 47 11 00
QR
Price list QR