Loading

«Միշտ հաճելի է գիտակցել, որ օգնել ես մարդուն... »

16.05.2017

«Միշտ հաճելի է գիտակցել, որ օգնել ես մարդուն... »
«Միշտ հաճելի է գիտակցել, որ օգնել ես մարդուն... »

«Միշտ հաճելի է գիտակցել, որ օգնել ես մարդուն ձեռք բերել ինքնավստահություն և դարձրել նրան մի փոքր ավելի երջանիկ»:

Խորագրի հեղինակն է պլաստիկ վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» Բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժական ծառայության ղեկավար, «Դա Վինչի» Էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կլինիկայի տնօրեն, բ. գ. թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանը:

-Արմեն Ռաֆայելովիչ, Դուք Հայաստանում պլաստիկ վիրաբուժության պիոներներից մեկն եք համարվում: Պատմեք, խնդրում եմ, ինչպես եք Դուք ընտրել այս մասնագիտությունը:

-1987թ., Երևանի Բժշկական Ինստիտուտն ավարտելուց հետո, ես մեկնեցի Մոսկվա ընդհանուր վիրաբուժության «նպատակային» կլինիկական օրդինատուրա անցնելու համար: Դեռ ուսանողական տարիներից ես Երևան քաղաքի Շտապ օգնության հիվանդանոցում աշխատում էի որպես վիրաբույժ և տարված էի իմ մասնագիտությամբ: Սակայն Մոսկվայում ես զգացի, որ իմ աշխատանքի մեջ ինձ պակասում է ստեղծագործական ձիրքը, և ես որոշեցի փոխել մասնագիտությունս ու ընդհանուր վիրաբուժությունից անցա միկրովիրաբուժության: Այդ ժամանակ միկրովիրաբուժությունը բավականին երիտասարդ մասնագիտություն էր, իսկ երկրում շատ քիչ թվով մասնագետներ կային:

Ինչ վերաբերվում է պլաստիկ վիրաբուժությանը, ապա այդպիսի մասնագիտություն Խորհրդային Միությունում ընդհանրապես չկար, սակայն արդեն 80-ականների վերջին այն սկսեց ի հայտ գալ` հենվելով միկրովիրաբուժության և վերակառուցողական վիրաբուժության փորձի վրա: 1992 թվականն էր: Հայաստանը գտնվում էր պատերազմական վիճակում, ամեն օր վիրավորներ էին բերում հիվանդանոցներ: Վերադառնալուն պես, ես անմիջապես ընդունվեցի աշխատանքի Միքայելյանի անվան Վիրաբուժության Ինստիտուտի միկրովիրաբուժության բաժանմունքում: Այդ ժամանակ մենք էսթետիկայի մասին չէինք էլ մտածում: Պատերազմի ավարտից հետո էսթետիկ բժշկությունը աստիճանաբար սկսեց համբավ ձեռք բերել, և մեզ սկսեցին դիմել ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք ցանկանում էին անել քթի, փորի, կրծքի և այլ պլաստիկա: Այնուհետև ես տեղափոխվեցի Առաջին կլինիկական հիվանդանոց, իսկ որոշ ժամանակ անց` Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ հիմնեցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը: Ներկա դրությամբ մեր բաժանմունքի գործունեության սպեկտրը բավականին լայն է. մենք զբաղվում ենք և վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժության լայնածավալ գործունեությամբ:

-Դուք հանդիսանում եք վերակառուցողական և պլաստիկ վիրաբուժության բնագավառում ապագա շատ մասնագետների համար ուսուցիչ և խրատու: Իսկ ում եք Դուք համարում Ձեր ուսուցիչը:

-Ուսանողական տարիներին վիրաբույժի իմ իդեալն էր ամբողջ Հայաստանում հայտնի բժիշկ Հարություն Իվանովիչ Մինասյանը: Նա Հայրենական Մեծ պատերազմի մասնակից էր, զինվորական կեցվածք ուներ, շատ պատասխանատու և պարտաճանաչ մարդ էր: Ե'վ բժիշկները, և' հիվանդները պաշտում էին նրան: Այնուամենայնիվ, վիրաբուժության մեջ իմ ուսուցիչն եմ համարում Յուրի Տարասևիչ Հովակիմյանին: Նա ինձ համար ոչ միայն հիանալի արհեստավարժի, այլ նաև իսկական հասուն տղամարդու օրինակ էր ծառայում: Նա շատ արդար մարդ էր` միշտ պատրաստ օգնելու. Աստված մի արասցե, եթե կոլեկտիվում ինչ-որ մեկի մոտ որևէ խնդիր առաջանար, նա պատրաստ էր ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել, օգնել, թիկունք դառնալ, նեցուկ կանգնել: Շատ բազմագիտակ, ծավալուն, անհավանական կարգապահ և ներքնապես կազմակերպված մարդ էր: Նա բժշկի, գիտնականի և իհարկե մարդու անբիծ համբավ ուներ... անհետաձգելի և պլանային միկրովիրաբուժության իր ղեկավարած բաժանմունքներում անընդհատ ընթանում էր ծավալային և որակային առումով պրակտիկ, գիտական և ուսումնական ահռելի պրոցես: Ես աշխատում էի անհետաձգելի բաժանմունքում: Իր ստորադասների մեջ նա գնահատում էր այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են աշխատասիրությունը, ուսման և մասնագիտական աճի ձգտումը: Ինչպես տեսնում եք, բախտս բերել է ուսուցիչների հարցում:

-Արմեն Ռաֆայելովիչ, իսկ Ձեզ դուր է գալիս դասավանդել, կիսվել ձեր փորձով:

-Այո, ես սիրում եմ կիսվել, փոխանցել իմ գիտելիքներն ու հնարքները երիտասարդ սերնդին: Գիտեք, ոչ բոլորի մոտ է ստացվում դասավանդել: Դասավանդող լինելու համար պետք է հաճույք ստանալ այն ամենից, ինչ տալիս ես: Սակայն այսօր խդիրն այլ բանում է. որքանովես դու զգում քո աշխատանքի արդյունքը: Երբ երիտասարդ բժիշկը խելացի է, ուշադիր, ընդունակ, ձգտում ունի դեպի գիտելիքները, մասնագիտական աճը, այդ դեպքում շատ հաճելի է աշխատել նման մարդու հետ և կիսվել փորձով...

-Իսկ այդպիսի երիտասարդներ շատ կան Ձեր ուսանողների մեջ:

-Ցավոք, ոչ: Մյուս կողմից պլաստիկ վիրաբույժ դառնալ ցանկացողների թիվը տարեց տարի մեծանում է, ինչը, սակայն, չի վկայում լավ որակի մասին: Այսօր մեր ամբիոնում 54 կլինիկական օրդինատոր կա: Դա անհեթեթություն է: Նրանցից շատերն իրականում չեն էլ պատկերացնում, թե ինչ է պլաստիկ վիրաբուժությունը: Ոմանց թվում է, որ դա ինչ-որ ներարկումներ կամ ոչ մեծ վիրահատություններ են: Բայց ասեմ` ամենևին: Ծրագիրը, որով սովորում են մեր կլինիկական օրդինատորները առավելագույնս մոտեցված է եվրոպականին: Ուսման տարիների ընթացքում օրդինատորներն անցնում են վերքերի սովորական մշակումից մինչև բարդագույն միկրովիրաբուժական վիրահատություններ, այսինքն, մասնագետ դառնալու համար պետք է անցնել լրիվ կուրսը և միայն հետո գտնել այն որմնախորշը, որում քեզ ավելի վստահ կզգաս: Պլաստիկ վիրաբուժությունը բաժանվում է էսթետիկ և վերակառուցողական բաժինների: Առաջինն զբաղվում է արտաքին ձևերի և կոնտուրների փոփոխմամբ, օրինակ, տարիքային փոփոխություններով, իսկ վերակառուցողականը /վերականգնողականը/ ուղղորդված է դեպի ֆունկցիաների, ի ծնե արատների ևհյուսվածքների դեֆեկտների վերականգնմանը և այլն: Իհարկե մեր օրդինատորների մեծ մասն ընտրում է էսթետիկ վիրաբուժությունը, քանի որ այն նորաձև է և պահանջված այսօր: Բայց պետք չէ մոռանալ, որ մեր երկիրը գտնվում է պատերազմի եզրին, և մենք վերակառուցողական վիրաբուժության բարձրորակ մասնագետների կարիք ունենք:

-Պլաստիկ վիրաբուժությունը բժշկական մասագիտություններից ամենաստեղծագործականն է: Որն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Իմ աշխատանքի հաջող արդյունքը, առողջացած հիվանդները: Ամեն անգամ, երբ տեսնում եմ պացիենտներիս գոհ դեմքերը, ուրախության և բավականության զգացումով եմ լցվում: Չէ որ միշտ հաճելի է գիտակցել, որ դու կարողացել ես օգնել մարդուն ձեռք բերել վստահություն և նրան մի քիչ երջանիկ դարձնել:

-Արմեն Ռաֆայելովիչ, ինչու որոշ մարդիկ ավելի շուտ են ծերանում, քան իրենց հասակակիցները:

-Նախ` դա կախված է մարդու գենոտիպից, երկրորդը` թե ինչ կենսակերպ է նա վարում, ունի վնասակար սովորություններ, թե ոչ, երրորդը` ուլտրամանուշակագույն ճառագայթների գերազդեցությունից, չորրորդը` կյանքի որակից, սոցիալական պայմաններից և այլն:

-Որ տարիքից խորհուրդ կտայիք սկսել երիտասարդացնող պրոցեդուրաները:

-Որոշակի սահմանված տարիք չեմ նշի: Դա շատ ինդիվիդուալ է: Մաշկի որակը լավացնող ոչ մի էսթետիկ պրոցեդուրա չունի տարիքային ցենզ, դրանք կարելի անցկացնել նաև երիտասարդների մոտ: Ինչ վերաբերվում է կնճիռներին, դրանք կարող են լինել միմիկական և տարիքային: Մինչ դրանց դեմ պայքարն սկսելը պետք է հասկանալ դրանց առաջացման պատճառները: Միմիկական կնճիռները, որպես կանոն, լինում են հարուստ միմիկա ունեցող մարդկանց մոտ, և դրանց դեմ պայքարելն անիմաստ է, չէ որ դրանք նորից ու նորից հայտնվելու են: Իսկ տարիքային կնճիռները կարող են հայտնվել դեմքին արդեն 24 տարեկանից, և եթե ժամանակին դիմել էսթետիկ բժշկության մասնագետներին և հեռացնել դրանք, ապա կարելի է երկար տարիներ հետ մղել այն խնդիրները, որոնք հետագայում ստիպված կլինեք ուղղել վիրաբուժական ճանապարհով: Իմ խորհուրդը նրանց, ովքեր ցանկանում են իրենց արտաքինում ինչ-որ բան փոխել. օգտվեք միայն որակյալ ծառայություններից, այլապես կարող են լինել անդառնալի հետևանքներ: Ապա տեսեք, այսօր ով չի ալարում, զբաղվում է էսթետիկ բժշկությամբ, ներարկային պրոցեդուրաներով, այն դեպքում, երբ այդ կեղծ մասնագետներից շատերը չունեն անհրաժեշտ բժշկական կրթություն: Մասնագետ ընտրելու հարցին շատ լուրջ է պետք մոտենալ:

-Ձեր մաղթանքներն ամսագրի ընթերցողներին:

- Ես ցանկանում եմ, որպեսզի բոլոր մարդիկ առողջ լինեն: Ցավոք, մենք սկսում ենք գնահատել մեր առողջությունը միայն այն ժամանակ, երբ այն կորցնում ենք: Դժբախտաբար ծերանալու պրոցեսն անդառնալի է, և պետք չէ այն ավելի արագացնել: Սիրեք ինքներդ ձեզ և ձեր հարազատներին, խնամքով վերաբերվեք ձեր առողջությանը, ուրախացեք կյանքով:

-Շնորհակալություն:

+374 10 47 11 00
QR
Price list QR